Գյումրու եւ Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելությունների անունից հանդես են եկել կազմակերպություններ, մարդիկ, որոնք քաղաքական գործընթացների մասնակիցներ են՝ «ՀայաՔվե», «Թաթոյան հիմնադրամ»․ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ հավելելով, որ հանրությունը կդժվարանա տարբերակել՝ սրանք դիտորդական առաքելություննե՞ր են, ընտրություններին մասնակից անձի՞նք, թե քաղաքական կուսակցություններ։
«Ես դիտել եմ ԿԸՀ այն նիստը, որում այս առաքելությունների հարցն էր քննարկվում եւ, այո, նրանք, ընդունել են, որ խախտել են դիտորդական առաքելությունների ընդունած քաղաքական չեզոքության պայմանը։ Նիստի ժամանակ հրապարակային ընդունել են, որ խախտել են քարոզչություն կամ հակաքարոզչություն չիրականացնելու արգելքը։ Հակընդդեմ կողմը ընդունել է իր մեղավորությունը, ուրեմն՝ վիճարկելու բան էլ չկա»,- ասաց Մարիա Կարապետյանը՝ հավելելով, որ ԿԸՀ նիստում այդ կազմակերպությունները խնդիր էին դրել՝ խնդրել ԿԸՀ-ին՝ իրենց նկատմամբ չկիրառել լծակ, որպեսզի կարողանան հաջորդ օրը ներկայանալ ընտրական տեղամասեր եւ «մաշեցնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը՝ պատկերելով, թե իբրեւ ընտրական կեղծիքներ են եղել»։
Մարիա Կարապետյանն իր ելույթի ընթացքում նաեւ դիտողություն ստացավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ ելույթի ժամանակը չարաշահելու համար․ «Տիկին Կարապետյան, այնուամենայնիվ, ժամանակը ռեզինից չի, քանի՞ անգամ կարող եմ զգուշացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր, Հերիքնազ Տիգրանյանն էլ իր ելույթում զարմացավ ընդդիմության վարքագծից, քանի որ դիտորդի իր փորձից հիշում է՝ միշտ քաղհասարակությունը եւ ընդդիմությունն են եղել ջատագովը, որպեսզի ընտրությունները լինեն հանրային վերահսկողության ներքո, որպեսզի դիտորդությունը լինի քաղաքականապես չեզոք կառույցների կողմից եւ դիտորդի օբյեկտիվությունը, զեկույցում նրա արտահայտած մտքերը կասկածի տակ չդրվեն։
Նա օրինակ բերեց, որ ժամանակին, ընտրություններից առաջ հայտնվում էին «Ուժեղ բռունցք» կամ համանման այլ անվանումներով սպորտային-դիտորդական առաքելություններ եւ երբ դրանց անդամներին հարցնում էին, թե ի՞նչ կառույց են ներկայացնում, մարդիկ ուղիղ ասում էին այն քաղաքական ուժի անունը, որը ներգրավել էր նրանց տվյալ գործընթացում։
«Կարեւոր է, որ դիտորդական առաքելությունների չեզոքությունը վերահսկվի ԿԸՀ-ի կողմից, բայց ռիսկ չլինի նաեւ այն առումով, որ կարող է ներդրված անձի միջոցով մրցակցություն լինի։ Հնարավոր է, որ նաեւ լինեն այնպիսի կազմակերպություններ, անձի ներդնեն դիտորդական առաքելության մեջ, որպեսզի նրա վարքագիծը որեւէ կերպ ազդի այդ դիտորդական առաքելության օբյեկտիվության վրա»,- ասաց նա։
Հիշեցնենք, 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































