Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկորդներ, օդային թռիչք և 50․000 հանդիսատես. Տաթև Ասատրյանի երևանյան տրիումֆը

Հունվար 23,2026 15:16

Հայկական շոու-բիզնեսում կան իրադարձություններ, որոնք փոխում են խաղի կանոնները։ Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերին Երևանի ամենամեծ համերգասրահում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դուրս էր սովորական պատկերացումներից։ Երգչուհի Տաթև Ասատրյանը ոչ միայն հաջորդաբար լցրեց երկրի գլխավոր բեմը, այլև սահմանեց բացարձակ ռեկորդ՝ 4 օրում հյուրընկալելով ավելի քան 50,000 հանդիսատեսի։ Սա պատմություն է նվիրումի, ռիսկի և անմնացորդ սիրո մասին։ Մենք զրուցել ենք Տաթևի հետ՝ պարզելու այս հաջողության «բանաձևը»։

– Տաթև, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերին, շատերն անվանեցին «երաժշտական հեղափոխություն»։ Սպասո՞ւմ էիք, որ տոմսերի վաճառքը կնմանվի բնական աղետի՝ բառիս դրական իմաստով։

– Գիտեք, մենք սկզբում նախատեսել էինք ընդամենը երկու համերգ։ Բայց երբ տեսանք, թե ինչ արագությամբ սպառվեցին երկրորդ համերգի տոմսերը, որոշեցինք հայտարարել երրորդը։ Այդտեղ էր, որ ապշեցինք․ երրորդ համերգի տոմսերը վաճառվեցին ընդամենը 6 օրում՝ էլ ավելի արագ, քան առաջին երկուսինը։ Իմ պրոդյուսերն ու ամուսինը՝ Նարեկ Ստամբոլցյանը, որոշեց գնալ համարձակ քայլի և նշանակել 4-րդ համերգը։ Այդ օրվա վաճառքի տեմպերն արդեն անհավանական էին. տոմսերը սպառվեցին ընդամենը 4 օրում։ Ընդհանուր առմամբ, 4 օրվա ընթացքում մենք ունեցանք ավելի քան 50,000 հանդիսատես, ինչը բացարձակ ռեկորդ է հայկական ժամանակակից երաժշտության պատմության համար։

– Նման մասշտաբի դեպքում հանդիսատեսն ակնկալում է ոչ միայն լավ երգ, այլև տպավորիչ շոու։ Ինչպե՞ս ստացվեց տեխնիկական այդ որակը։

– Սա հսկայական թիմային աշխատանքի արդյունք էր։ Մեզ հետ աշխատում էր միջազգային թիմ՝ մասնագետներ Վրաստանից և Ռուսաստանից։ Ամեն երգի բեմադրությանը մոտեցել ենք յուրովի։ Ես ժամերով քննարկումներ եմ ունեցել Նարեկի և համերգի ռեժիսորի՝ Արեն Բայադյանի հետ։ Ինձ համար կարևոր էր, որ տեխնիկական հագեցվածությունը լիներ կատարյալ, բայց միևնույն ժամանակ չկորչեր մարդկային ջերմությունը։ Ես միշտ խնդրում եմ թիմին այնպես նախագծել բեմը, որ ես հնարավորինս մոտ լինեմ հանդիսատեսին, զգամ նրանց շունչը։

– Ըստ Ձեզ, ո՞րն էր պատճառը, որ մարդիկ «տաք կարկանդակի պես» սպառում էին տոմսերը և այդպիսի բուռն արձագանք տվեցին։

– Կարծում եմ՝ պատճառն այն նվիրումն էր, որով մենք պատրաստվել էինք։ Մեր համերգային ձեռագրին հանդիստաեսն արդեն ծանոթ էր իմ առաջին մենահամերգից։ Մենք շատ երկար ժամանակ էինք աշխատել նաև այդ մենահամերգի համար՝ մշակելով յուրաքանչյուր մանրուք։ Բարդ տեխնիկական և ստեղծագործական լուծումներ էին տվել։ Դրանցից մեկն, օրինակ, համերգի ժամանակ իմ թռիչքն էր՝ առանց ապահովագրության։ Ես պետք է հիմնական բեմից տեղափոխվեի հանդիսատեսի շարքերում տեղադրված փոքր բեմի վրա։ Որոշեցինք դա անել օդով։ Ես բարձրացա ընդամենը մի պարանից բռնված, մեկ ոտքիս վրա հենված։ Այդ պահին չկար վախ, կար միայն մի նպատակ՝ հասնել իմ հանդիսատեսին ու նրանց պարգևել այդ անմոռանալի պահը։ Հանդիսատեսը զգում է անկեղծությունն ու որակը։ Երբ դու բեմում ես ու տեսնում ես այդ հազարավոր մարդկանց աչքերը, հասկանում ես, որ ամեն մի տանջված գիշեր և բարդ փորձ արդարացված էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031