Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, մասնակցել է Կատարում գործող արաբական «Atheer» հարթակի «Զու Շան» («Կարևոր անձինք») փոդքասթի նկարահանումներին։ Հրապարակված գովազդային հոլովակում հաղորդավարը նրան տվել է մի հարց, որը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում․
Իսկ հարցը եղել է հետևյալը. «Փոխարինելո՞ւ եք արդյոք Ձեր հորը, պատրաստվո՞ւմ եք դառնալ նրա իրավահաջորդը»։
Քանի որ հաղորդման գովազդային հոլովակում Բիլալ Էրդողանի պատասխանը չի հնչում, թուրքական հասարակության մեջ այն լայն հետաքրքրություն է առաջացրել և բոլորը սպասում են ամբողջական հաղորդման հեռարձակմանը։
Տեսանյութում անդրադարձ է արվում Բիլալ Էրդողանի անձնական կյանքին, ընտանիքին և հնարավոր քաղաքական ապագային։
Կարդացեք նաև
Առանձին հատվածում Բիլալը նշել է, որ մայրը՝ Էմինե Էրդողանը, արաբական ծագում ունի՝ ընդգծելով, որ ընտանիքում խոսվել է արաբերեն։ Թե երբ կհեռարձակվի հարցազրույցի ամբողջական տարբերակը, դեռ չի հայտարարվել, սակայն հրապարակված հատվածները, ըստ լրատվամիջոցների, վկայում են, որ թողարկումը կարող է առաջացնել բուռն քննարկումներ։


















































