Լրահոս
Օրվա լրահոսը

«Արձագանքում են՝ դիմեք Google–ին. ո՞վ է միջպետական ճանապարհի այս կամ այն հատվածի ձմեռային պահպանության պատասխանատուն». «Սյունաց երկիր»

Հունվար 23,2026 17:34

Պարոն վարչապետ, գոնե Դուք ասեք՝ ո՞վ է Սյունիքում պետական կառավարման պատասխանատուն․ այս ի՞նչ վիճակ է ճանապարհներին:

Syuniacyerkir. Վեցերորդ օրն է՝ Կապանի արևելյան մուտքում՝ մի քանի կմ երկարությամբ ճանապարհի վրա, հարյուրավոր բեռնատարներ են կանգնած…

Այդքան էլ կանգնած են մարզի հարավային և հարավարևմտյան հատվածներում․․․

Մի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային գլխավոր զարկերակն օրեր շարունակ չի գործում․․․

Իրավիճակը շատ թե քիչ փորձում են կառավարելի պահել տեղ–տեղ կանգնած պարեկները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ՝ մեր անմեղ հարցերին, թե ո՞ր կազմակերպություններն են միջպետական ճանապարհի այս կամ այն հատվածի ձմեռային պահպանության պատասխանատուն՝ արձագանքում է՝ դիմեք Google–ին:

Տեղական համապատասխան պաշտոնյաներն էլ՝ ստեղծված իրավիճակում իրենց գենետիկ անմեղսունակությունը թաքցնելու համար, լրատվական որոշ հարթակներում խղճուկ ծիվ–ծիվ են հնչեցնում։

Ստեղծված կացության իրական պատճառը Մ-2 մայրուղու՝ Շինուհայրի խաչմերուկ–Հարժիսի խաչմերուկ ճանապարհահատվածի սաստիկ ձնաբուքն է։

Սակայն ձնաբուքը որպես արդարացնող հանգամանք ներկայացնելը, մեղմ ասած, ազնիվ չէ, եթե ոչ` խաբեություն։

Սյունիքի ռելիեֆին ու կլիմայական պայմաններին ծանոթ յուրաքանչյուր ոք տեղյակ է՝ Եռաբլրի սարավանդը դարեր շարունակ հենց այսպիսի ձմեռ է ունեցել և ունենում, ինչի մասին անթիվ- անհամար վկայություններ կան։ Ցավալի օրինակներ ունենք, երբ այդ հատվածում ձնաբուքը նույնիսկ մարդկային կյանքեր է խլել։ Եվ տարածաշրջանի պատասխանատուները, գոնե վերջին 60-70 տարում, այդ իրավիճակներից դուրս գալու ելքեր էին փնտրում․ որոշ տեղերում փայտե (և ոչ միայն) ցանկապատների շղթա էին տեղադրում, առանձին տեղերում (որտեղ ձյան կուտակումներ չեն լինում)՝ դաշտամիջյան այլընտրանքային ուղիներ բացում․․․ Արդյունքում, ի վերջո, ճանապարհներն անցանելի էին լինում։

Բայց այդ ամենին՝ ավանդաբար, պատրաստվում էին ամռանը, ոչ թե սպասում հունվարին, ինչպես այս օրերին ենք անում, երբ այլևս ամեն ինչ մատնված է տարերքին։

Եվ հիմա, երբ Եռաբլրի ձնաբուքը հռհռում է մեր անճարության վրա՝ իրավիճակի պատասխանատուները, ինչպես նշեցինք, արդարացնող սին պատասխաններ են հորինում և շրջանառության մեջ դնում։

Ակնկալում ենք Ձեր միջամտությունը։

Հայաստանն արտաքին աշխարհին կապող միջպետական գլխավոր ճանահպարհը չի կարող օրեր շարունակ փակ մնալ։

Լուսանկարները՝ հունվարի 23-ի դրությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031