Հակակոռուպցիոն դատարանում նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի այսօր շարունակվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ կաշառք ստանալու հայտնի գործով դատական նիստը:
Ուսումնասիրվեցին Հովիկ Աղազարյանի եւ գործով անցնող մյուս անձանց միջեւ հեռախոսազրույցների ձայնագրությունների արձանագրությունները եւ այլ փաստական տվյալներ, մասնավորապես՝ գործին վերաբերող Աղազարյանի գրությունները պետական կառույցներին ուղղված:
Կարդացեք նաև
-Ես պարտքով փող եմ տվել, ախպեր ջան, իմ տված փողը կարո՞ւմ ես ինձ տաս, թե չե՞ս կարում, տալի՞ս ես, կամ չես տալիս: Ես իմանամ՝ իմ հարցերը ոնց եմ լուծում,- ըստ մեղադրողի հրապարակած ձայնագրությունների արձանագրությունների՝ գործով ենթադրյալ կաշառք տվող Արամ Մկրտչյանն է հարցնում Հովիկ Աղազարյանին:
-Չէ, չեմ կարում տամ,- պատասխանում է Հովիկ Աղազարյանը:
-Իսկ պատճառը ո՞րն է,- Աղազարյանին հարցնում է Արամ Մկրտչյանը:
-Դե հարցը տվեցիր, պատասխանեցի հիմա,- պատասխանում է Աղազարյանը:
-Այսինքն՝ ես գնամ ծայրահեղ քայլի այն պարզ պատճառով, որ պարտքով փող եմ տվել, հետ չես տալիս,-արձագանքում է Մկրտչյանը:
-Հա դե լավ, ես քեզ փող տալու չունեմ,- շարունակում է Աղազարյանը:
-Ինչի՞, ինչ եմ քեզ արել,- հարցնում է Արամ Մկրտչյանը:
-Մի րոպե, էս խի՞ ես ոգեւորվել, արա, ծայրահեղ վիճակում ես, ես գալիս եմ քո հարցերը լուծեմ,- արձագանքում է Աղազարյանը:
Դատավորը արձանագրությունների ուսումնասիրությունը ընդհատեց՝ հայտնելով, որ դատարանի այլ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նիստը պետք է հետաձգվի:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք:

2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը վրդովվել է առաջարկից, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































