Սկիզբը՝ «Առավոտի» 16.01.2026-ի համարում
Վերջին 30 տարիներին Հայաստանում հացադուլը վերածվել է քաղաքական համակարգի ձախողման լակմուսի թեստի։ Երբ դատարանները լռում են, հանրային բողոքը մարում է, իսկ իշխանությունը փակ է լսելու համար, քաղաքական պայքարը նույնպես տրանսֆորմացվում է եւ հացադուլը դառնում է վերջին միջոցը՝ սեփական կյանքը դնելով պետության անգործության դիմաց։
Այն փաստը, որ քաղաքական բանտարկյալներ համարվող անձինք պարբերաբար դիմում են այս ծայրահեղ քայլին, վկայում է ոչ միայն անհատական բողոքի, այլ ամբողջ քաղաքական մշակույթի խորը ճգնաժամի մասին։ Հայաստանում քաղաքական լսելիությունը հաճախ ձեռք է բերվում ոչ թե իրավունքով, այլ ինքնազոհաբերությամբ։ Չկան ամբողջական տվյալներ այն մասին, թե վերջին 30 տարիներին Հայաստանում քաղաքական բանտարկյալներ համարվող մարդկանցից քանի՞սն են հացադուլ հայտարարել։ Տարբեր դեպքեր գրանցվել են՝ տարբեր տարիներին եւ տարբեր բողոքի ակցիաների կամ բանտային պայմանների պատճառով։ Հիմնականում մարդիկ ոչ պաշտոնապես են դասակարգվում որպես «քաղաքական բանտարկյալ», ինչը տվյալների հաշվարկը դարձնում է ավելի դժվար:
Կարդացեք նաև
Հացադուլը Մոսկվայում՝ Հայաստանի վերջին զենքը կենտրոնի դեմ
1990-ի սեպտեմբերին հայ մտավորականները եւ քաղաքական գործիչները 21 օր շարունակ նստացույց եւ հացադուլ իրականացրին Մոսկվայում՝ Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանությունների լիազորությունների վերականգնման պահանջով, ցույց տալով, որ քաղաքական պայքարը երբեմն անցնում է անձնական սահմանները։ 1990 թվականի սեպտեմբերի 9-ից մինչեւ 29-ը մի խումբ հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ նստացույցի եւ հացադուլի միջոցով փորձեցին շարունակել պայքարը այն դեպքում, երբ իրավական ու քաղաքական այլընտրանքները սպառվել էին։ Նրանք էին Զորի Բալայանը, Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանը։ Նրանց միացան Սիլվա Կապուտիկյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Այս հացադուլը դարձավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական եւ քաղաքական պայքարի նշանավոր խորհրդանշան՝ ցույց տալով, որ երբ պետությունը լռում է, մարդը, անձը ստիպված է իր մարմինը դարձնել քաղաքական ուղերձ։
Հացադուլի հիմնական պահանջը պարզ էր՝ վերականգնել ԼՂԻՄ-ի օրինական իշխանությունների լիազորությունները, որոնց վրա կենտրոնական իշխանությունները տարիների ընթացքում ազդել էին կամ խախտել։ Ակցիան կատարվեց հենց Մոսկվայում՝ ոչ միայն ԽՍՀՄ ղեկավարության, այլեւ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար։ Չնայած այս ծայրահեղ միջոցին՝ չփոխվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այս հացադուլը ցուցադրեց, որ Հայաստանի քաղաքական մշակույթում ծայրահեղ քայլերն անգամ կարող են դառնալ լսելիության միակ միջոցը, երբ ավանդական քաղաքական ու իրավական մեխանիզմներն անզոր են։
2000-ականներից հետո, քաղաքական տարբեր պահանջներով հացադուլ հայտարարեցին Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, երկու անգամ՝ բանտում գտնված շրջանում. դրանցից մեկը՝ տեւեց 14 օր, սպորտսմեն Իսրայել Հակոբկոխյանը՝ Ազատության հրապարակում, Շանթ Հարությունյանը՝ 2013-ին, Գեւորգ Սաֆարյանը՝ 2016-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ի աջակցություն նրա, հացադուլ էր հայտարարել նաեւ Հայկ Կյուրեղյանը), Արթուր Սարգսյանը (Հաց բերող)՝ 2016-ին։ Այժմ պայքարի այդ ծայրահեղ միջոցն է ընտրել նաեւ «Իմնեմնիմի» փոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանը։ Երեկ՝ հացադուլի 14-րդ օրը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հացադուլը շարունակում է ՔԿՀ-ում:
«Առավոտը» զրուցել է Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի հետ
-Եթե հնարավորություն ստեղծվի եւ տեսնեք Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կասես նրան։
– Ամենաառաջինը կհարցնեմ, թե ինչո՞ւ է այդքան Հայաստանն ու հային ատում: Ապա կհիշեցնեմ, որ իշխանությունը հավերժ պահել ոչ ոքի չի հաջողվել պատմության մեջ, անգամ ամենադաժան բռնապետներն են մի օր կորցրել իրենց իշխանությունը: Ինքն ուզի, թե չուզի, դա այդպես է: Իսկ, թե ի՞նչ է եղել հետո, ինքն էլ պետք է, որ իմանա: Իսկ, այ, մարդու գործերը հավերժ են հիշվում, ուստի` հանուն իշխանության, հանուն ցոփ ու շվայտ կյանք վարելու, չարժի վաստակել ժողովրդի ատելությունը, որը գենետիկորեն փոխանցվելու է հաջորդ սերունդներին:
– Իսկ Նարեկին ի՞նչ կասեք. կհորդորեք թողնել ամենը, վերադառնալ» ընտանիք եւ հանգիստ ապրե՞լ, թե պատրաստ եք շարունակել զրկանքների ճանապարհը եւ մինչեւ ո՞ւր:
– Մենք անցնող ութ տարիների ընթացքում միասին ենք եղել էս ամենում: Նարեկն ընտանիքից անջատ երբեք չի եղել. մենք իր կողքին ենք եղել, ես գլուխս բարձր կարող եմ ասել, որ ստորագրում եմ իր կողմից ասված յուրաքանչյուր խոսքի տակ ու իր կողմից արված յուրաքանչյուր քայլով ես հպարտ եմ: Ես երբեք չեմ ասել, չեմ էլ ասի իրեն՝ հանուն հայրենիքի պահպանման պայքարից հետ կանգնիր, որ «հանգիստ» ապրենք: Նման ձեւով ապրել ինձ պետք չի: Ի՞նչ օրինակ ենք ծառայելու մեր երեխաների համար, եթե անարդարության դեմ չպայքարենք, հայրենավաճանության դեմ չպայքարենք, վախենանք հետապնդվելուց, եթե դավաճանենք մեր գաղափարներին ու սկզբունքներին: Այդ պարագայում քանի՞ կոպեկ կարժենա մեր «հանգիստ» կյանքը:
Մենք գիտեինք, որ վաղ թե ուշ այս օրն էլ է գալու, որ իր իշխանությունը պահելու համար Փաշինյանը նման ռեպրեսիվ քայլերի է դիմելու, եւ պատրաստ ենք եղել դրանց միջով անցնելու:
Պիտի պայքարենք, որպեսզի վերջապես ապրենք իրական ժողովրդավարական եւ զարգացող պետությունում, որտեղ պետության ղեկավարը չի ատի իր ժողովրդին, չի ուրանա իր պատմությունը, եկեղեցին չի պառակտի ու քանդի, հայրենիքը մաս-մաս թշնամուն չի հանձնի եւ որտեղ մարդը բարձրագույն արժեք կլինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
23.01.2026




















































