Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի համակարգային ճգնաժամի արմատները․ «Հայրենիք»

Հունվար 24,2026 09:53

Իրանի վերջին տասնամեակների քաղաքական, տնտեսական եւ հասարակական զարգացումները հաճախ ներկայացւում են, որպէս առանձին երեւոյթներ՝ տնտեսական ճգնաժամ, քաղաքական փակուղի, ընկերային կեանքի դժգոհութիւն։ Սակայն Իրանի իրականութիւնը երբէք չի՛ ենթարկուել նման պարզ բաժանումների։ Երկրում տնտեսականը, քաղաքականը, գաղափարականը եւ անվտանգայինը միշտ գործել են որպէս միաւորուած համակարգ, որտեղ իւրաքանչիւր ճգնաժամ խորացնում է միւսը։ Այս յօդւածը նպատակ ունի ներկայացնել այդ համակարգային ճգնաժամի արմատները, դրա դրսեւորումները եւ հնարաւոր զարգացումները՝ ներառեալ համեմատութիւնը Խորհրդային Միութեան հետ։

I. Յեղափոխութիւնից յետոյ ձեւաւորուած գաղափարական եւ կառավարման կառուցուածքը.

1. Յեղափոխութեան առեւանգումը եւ գաղափարական մենաշնորհը (monopoly)
1979-ի յեղափոխութիւնից յետոյ, ծայրայեղ կրօնական ուժերը յաջողեցին իւրացնել յեղափոխութեան ամբողջ քաղաքական դրամագլուխը։ Նրանք ձեւաւորեցին «իսկական յեղափոխականի» եւ «դրսի գործակալի» հակադրութիւնը՝ որպէս իշխանութեան պահպանման հիմնական գաղափարական մեքենականութիւն։ Այս բաժանումը դարձաւ ո՛չ միայն քարոզչական գործիք, այլեւ քաղաքական մաքրազարդումների հիմք։
Ժամանակի ընթացքում նոյնիսկ այդ «իսկականների» ներսում տեղի ունեցան մաքրազտումներ։ Շատերը հեռացան, հեռացուեցին, մեկուսացուեցին կամ վերացուեցին՝ ստեղծելով փակ, ինքնավերարտադրւող իշխանական կորիզ։

2. Զուգահեռ կառոյցների ստեղծումը՝ վերահսկման մեքենականութիւն
Խոմէյնիի ղեկավարութեամբ ստեղծուեցին զուգահեռ կառոյցներ՝ բանակին հակակշռող Սեփահը, եւ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւններին հակակշռող Սեփահի անվտանգութեան կառոյցներ եւ ենթակառոյցներ եւ այլն։ Այս համակարգերը կառուցուեցին ոչ թէ արդիւնաւետութեան, այլ անվստահութեան հետեւանքով վերահսկման ու զսպման նպատակով։ Ի հետեւանք դրանց, իշխանութիւնը կեդրոնացաւ մի նեղ կրօնա գաղափարական ընտրանիի ձեռքում։

II. Աստուածապետական (theocratic) համակարգի տնտեսական եւ ընկերային հետեւանքները

1. Փտածութեան օրինականացումը
Աստուածապետական եւ գաղափարական բռնապետական պայմաններում բոլոր աղբիւրները կեդրոնացան կրօնա գաղափարական կորիզի շուրջ։ Սա բերեց փտածութեան ոչ թէ պատահական, այլ համակարգային տարածման։ Վարչակաչգը սկսեց գործել վա՛տ վարձուորի տրամաբանութեամբ՝ գիտակցելով, որ իր իշխանութիւնը յաւերժ չէ եւ հետեւաբար պէտք է հնարաւորինս շատ շահոյթ քաղել, մինչեւ հեռացուելը։
Փտածութիւնը ընդգրկեց բոլոր ոլորտները՝

• պետական պիւտճէ․
• դրամատնային համակարգ․
• բնական աղբիւրներ․
• շինարարութիւն․
• կրթական համակարգ․
• դատական համակարգ․
• բանակ եւ Սեփահ․
• բնապահպանական ոլորտներ։

2. Հասարակութեան բարոյական եւ ընկերային կառուցւածքի քայքայումը
Մօտ հինգ տասնամեակների ընթացքում այս համակարգը խոր հետքեր թողեց հասարակութեան վրայ՝
• բարոյական կանոնների անկում․
• օրէնքների նկատմամբ յարգանքի չգոյութիւն․
• փտածութեան բնականոն կացութիւն․
• միջին խաւի (դասակարգի) վերացում․
• պետական կառոյցների անարդիւնաւէտութիւն․
• ընկերային կեանքի վստահութեան կորուստ։
Այսօր Իրանը գրեթէ ոչ մի նմանութիւն ունի իր պատմական նախորդ փուլերի հետ։

III. Ժողովրդական պոռթկումների պատճառները
Ժողովրդական ընդւզումները՝ սկսած վառելանիւթի գների բարձրացումից մինչեւ Մահսա Ամինիի սպանութիւնը եւ վերջին ամիսների արժոյթի անկառավարելի փլուզումը, պէտք է դիտել այս ամբողջ համակարգային ճգնաժամի համատեքստում։ Դրանք ոչ միայն ընկերային կամ տնտեսական բողոքներ են, այլ գոյաբանական արձագանգ՝ մի համակարգի, որը սպառում է երկրի աղբիւրները եւ խաթարում հասարակութեան ապագան։

IV. Վարչակարգի բնոյթը եւ բարեփոխման անհնարինութիւնը
Կրօնա գաղափարական բռնապետութիւնները բնոյթով չեն կարող իրական բարեփոխումներ իրականացնել։ Նրանց գոյութիւնը կախուած է ուժային կառոյցների հաւատարմութիւնից՝ Սեփահ, Բասիջ, հոգեւորականներ, անվտանգութեան մարմիններ։ Այս կառոյցները իրենց գոյութիւնը պայմանաւորում են հենց վարչակարգի շարունակականութեամբ, եւ հետեւաբար դիմելու են բացարձակ բռնի միջոցի՝ պահպանելու համար համակարգը։

V. Արեւմուտքի սահմանափակումները եւ տարածաշրջանի դիրքորոշումը
Արեւմուտքը չունի եւ չի էլ ձգտում ունենալ ռազմական լայնածաւալ միջամտութեան հնարաւորութիւն՝ Իրանում։ Երկիրը չափազանց մեծ է, իսկ վարչակարգի կառուցած բազմաշերտ կառոյցները՝ չափազանց բարդ։ Բացի այդ, տարածաշրջանում կան երկրներ, որոնց շահերը հակասում են Իրանի վարչակարգի փոփոխութեանը։
Ռուսաստանը, Թուրքիան եւ մի շարք իսլամական երկրներ չեն ցանկանում տեսնել Իրանում աշխարհիկ, ժողովրդավարական պետութիւն։ Պատճառը միայն աշխարհաքաղաքական չէ։ Գոյութիւն ունի նաեւ գաղափարական վախ՝ իսլամի վերածնունդի հնարաւորութիւնից։ Եթէ Իրանում իսլամական օրէնքներով կառուցուած վարչակարգը փոխարինուի աշխարհիկ հանրապետութեամբ, դա կարող է տարածուել (domino effect) տարածաշրջանի միւս երկրներում։

• Եզրակացութիւն
• Իրանի ճգնաժամը միայն տնտեսական կամ քաղաքական չէ։ Այն համակարգային է՝ գաղափարական, կառավարման, ընկերային եւ բարոյական մակարդակներում։ Այս պայմաններում հասարակութեան պոռթկումները բնական են, իսկ վարչակարգի հակազդումը՝ կանխատեսելի եւ անխուսափելի։ Ապագայ զարգացումները կախուած են ոչ միայն ներքին պայքարից, այլեւ տարածաշրջանային ուժերի դիրքորոշումից, որոնք ըստ էութեան փորձում են կանխել Իրանի հնարաւոր աշխարհիկացումը։
• Համեմատութիւնը Խորհրդային Միութեան հետ ցոյց է տալիս, որ նման համակարգերը սովորաբար չեն փլուզւում դրսից, այլ՝ ներսից՝ սեփական հակասութիւնների ծանրութեան տակ։

Ս․Ա․

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031