Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի որդեգրած «գծի» տեխնոլոգիական էությունն այն է, որ իրենով լցնի այն ամենն, ինչ հնարավոր է. «Փաստ»

Հունվար 24,2026 10:40

Արդեն 24 օր է, ինչ մեկնարկել է ոչ միայն օրացուցային տարին՝ Քրիստոսի ծննդից հետո 2026 թվականը, այլև ոչ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը: Թեպետ, հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ նախընտրական արշավը մեկնարկել էր դեռ անցյալ տարվա կեսերից:

Ինքնին հասկանալի է, որ տարին նախընտրական է, եթե կուզեք՝ ընտրական, և, ըստ այդմ, քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները, հնչող հայտարարությունները արտապատկերվում և ընկալվում են այդ պրիզմայով: Իհարկե, Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը, նրա ՔՊ-ն ինտենսիվորեն «փիարվում» են, պարզ ասած՝ զբաղված են ինքնագովությամբ, անգամ՝ գլուխգովանությամբ: Կապ չունի՝ խոսքը Փաշինյանին սպասարկող պետական ծառայողական մեքենայի համարանիշից տառերը ջնջելու և բարդույթավորված «1» թվանշան գրելու մասին է, թե, ասենք, ձյան առատ տեղումների: Իրենք իրենց պարգևատրելու, թե թոշակառուներին ծաղրելու, Եկեղեցու դեմ պատերազմելու, թե Թրամփի հետ նկարվելու, ադրբեջանական բենզինի, թե հեղուկ գազի գների…

Բայց սկզբունքորեն զուտ «փիարը» չէ խնդիրը: Ավելին, միանգամայն բնական է, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության գործունեությունը, հայտարարությունները նախընտրական տրամաբանության մեջ են: Նմանապես ոչ մի արտառոց բան չկա նրա մեջ, որ քաղաքական ուժերը, գործիչները «փիարվեն», առավել ևս՝ նախընտրական շրջանում:

Այստեղ խոսքն այլ բանի մասին է: Խնդիրը «փիարի» կառուցվածքն ու բովանդակությունն է: Այս առումով Փաշինյանի մոտեցումներն ու գործելակերպը հանգում են այն բանին, որ մարդը եթե նույնիսկ դատարկության ձգտող սառնարանն էլ բացի, այնտեղ տեսնի Նիկոլ Փաշինյանին, որը առատության եղջյուրից ինչ-որ երևակայական «բարիքներ» է խոստանում: Անգամ եթե այդ կիսադատարկ սառնարանում մարդը հավկիթ գտնի, ապա էլի Փաշինյանը հայտնվի ու իր սպեցիֆիկ ձայնով և շարժումներով սկսի բացատրել, թե իրական Հայաստանում ինչպես է պետք «խաղաղության» ձվածեղ պատրաստել: Փաշինյանական մոտեցման տեսանկյունից կապ չունի՝ մարդիկ կծաղրեն, կծիծաղեն, կվիրավորեն, թե ֆեյքերով կգովեն, կփառաբանեն «փրկչին»: Դա կարևոր չէ: Կարևորը, որ իրեն քննարկեն, իր ասածների շուրջ պտտվեն խոսակցությունները: Այ, եթե գոնե մեկ օր իրեն չքննարկեն, դա նրա համար հավասար կլինի քարոզչական մահվան:

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած «գծի» տեխնոլոգիական էությունն այն է, որ իրենով լցնի այն ամենն, ինչ հնարավոր է: Ու կապ չունի, կրկնում ենք, իր ցիլոյով դա կանի, թե ԱԺ ամբիոնի մոտ հերթական անկանոն ու նյարդային շարժումներով և ջղագրգիռ պահվածքով: Եթե սա համադրենք նրա կողմից իրականացվող ինտենսիվ ռեպրեսիաների, այլախոհների ձերբակալությունների ու կալանավորումների, հանրությանը շանտաժի ենթարկելու և պատերազմով ահաբեկելու հնարքների հետ, ապա պատկերը կամբողջանա: Հավելեք դրան փաշինյանական մնացյալ գործիքակազմը՝ շարունակաբար կեղծելը, մանիպուլ յացիաները, «կրուտիտները», «նախկինացավը», մերկապարանոց մեղադրանքները, պարզ կդառնա նաև հեռանկարը:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. իսկ ի՞նչ օրակարգ ունի ընդդիմությունը: Ի՞նչ կարող է հակադրել կամ ի՞նչ պետք է հակադրի ընդդիմությունը փաշինյանական ագրեսիվ քարոզարշավին: Սկսենք նրանից, որ եթե իշխանությունը, որպես այդպիսին, գործնականում 1 մարմին է, նույնիսկ՝ 1 կոնկրետ անձնավորություն, որ հանդես է գալիս հիմնականում տարբեր քպականների, ըստ անհրաժեշտության՝ նաև սատելիտների դեմքերով ու շուրթերով, ապա ընդդիմության պարագայում պատկերն այլ է: Ընդդիմությունը մեկ մարմին չէ, ներկայացված է մի շարք ուժերով ու իրենց լիդերներով, որոնք դեռևս գործում են անջատանջատ, յուրաքանչյուրն՝ իր պատկերացումներին համապատասխան: Խոսքն այն մասին չէ, որ ընդդիմադիր ուժերը կամ լիդերները պետք է բոլորով հանդես գան որպես 1 նախընտրական միավոր: Դա մեր պայմաններում իրատեսական չէ: Ավելին, մեր կարծիքով, մեծագույն սխալ կլինի: Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան առնվազն համադրել իրենց քարոզչական ռեսուրսներն ու հնարավորությունները, գոնե պետք է գործեն համակարգված, փոխհամաձայնեցված: Սա՝ տեխնիկական կամ տակտիկական առումով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031