«Հրապարակի» զրուցակիցը Տեր Փառեն քահանա Առաքելյանն է։
– Մասյացոտնում ունենք նախադեպ, որ դատարանն ընդամենը մի քանի ժամում վճռեց՝ թեմի տիրադավ առաջնորդին պաշտոնում վերականգնել, որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց։ Ի դեպ, թեմի քահանաները մեզ հետ զրույցներում պատմում են, որ այնպիսի սպառնալիքներ են ստանում, որ անգամ վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել․․․․
– Նախ, սկսենք նրանից, որ դատարանի որոշումն ի սկզբանե սխալ է, քանի որ, ըստ ՀՀ գործող սահմանադրության, Եկեղեցին անջատ է պետությունից։ Այդ վճռով դատարանը ոտնահարել է ՀՀ սահմանադրությունը։ Այն, ինչ կատարվում է, կատարվում է Եկեղեցու կանոնադրությամբ։ Իսկ այդ կանոնադրությունը հաստատված է պետության կողմից։ Եթե Եկեղեցու կանոնադրության համաձայն կատարվում է մի քայլ, իսկ հետո պետությունն այդ քայլի դեմ գործողություններ է կատարում, դա սխալ է եւ օրենքներին դեմ։ Եթե թեմի առաջնորդ է նշանակվում, նա, ուշ թե շուտ, իր աշխատանքը սկսելու է։ Հայր Ռուբենն այժմ այնտեղ է, քահանաների ճնշող մեծամասնությունն էլ իր կողքին է, թեմը գործում է, իսկ Հայր Ռուբենին բոլորս ենք ճանաչում, նա ուժեղ անձնավորություն է, պատրաստված հոգեւորական, որը, վստահաբար, հաջողելու է։ Ինչ վերաբերում է քահանաների դեմ ճնշումներին, որոնց մասին մենք նույնպես ստանում ենք տեղեկություններ, անցողիկ են։ Դրանք քահանաներին համոզելու անազնիվ փորձեր են, որոնք ոչ մի հաջողություն չեն ունենալու։
– Բայց ինչպե՞ս եք պատկերացնում դա, ինչպե՞ս պետք է տիրադավները հասկանան, որ Եկեղեցին այլեւս իրենց տեղը չէ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, նրանք կգնա՞ն այդ քայլին։
Կարդացեք նաև
– Եկեղեցին միշտ ունեցել է իր ավանդույթները, կանոնները, անկախ այն բանից, թե ով է եղել իշխանության ղեկին։ Իհարկե, նրանք ունենում են որոշակի ազդեցություն, սակայն դա Եկեղեցու վրա որեւէ կերպ չի կարող ազդել, որովհետեւ Եկեղեցին իր առաքելությունն է կատարում։ Իշխանությունները ուշ թե շուտ հեռանում են, իսկ Եկեղեցին մնում է։ Հավատացյալների գերակշռող մեծամասնությունը չի ցանկանում, որ այս իրավիճակը շարունակվի։ Հավատացյալ հոտը ցանկանում է ապրել հոգեւոր, եկեղեցական կյանքով, մենք անպայման պետք է այս հանգամանքը հաշվի առնենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի ժողովրդի անդորրը չխաթարենք։ Ժողովրդին այս վայրիվերումները դուր չեն գալիս, բոլորն են տեսնում, որ այս ամենը Վեհափառը չի սկսել։ Հավատավոր հոտին այս բոլոր պրոցեսները խանգարում են։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

















































