«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, որպես հիմնադիր անդամ, մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Կատարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի ներկայացուցիչները։ Կան տեսակետներ, որ սա ՄԱԿ-ին ալտերնատիվ տարբերակ է լինելու՝ Թրամփի ղեկավարությամբ։ Իսկ ԵՄ երկրները՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլն, ներկա չեն եղել միջոցառմանը․ սա, կարծես, եվրոպական ընտանիքի դեմ ստեղծվող միավոր է։
– Ես կասեի, որ սա ոչ թե ՄԱԿ-ին ալտերնատիվ կամ փոխարինող տարբերակ է, այլ՝ զուգահեռ կառույց։ Ոչ միայն Դոնալդ Թրամփը, այլեւ շատ այլ լիդերներ հայտարարում են, որ գործող միջազգային իրավակարգը փլուզվել է, որ այն այլեւս չկա, եւ փաստացի ձեւավորվում է մի նոր կառույց, որն առաջնորդվելու է ոչ թե միջազգային օրենքներով, որոնք գործում են, այլ՝ իրական մեխանիզմներով, ուժի իրավունք, իրական լծակներ, իրական շահեր եւ այլն։ Եթե մի բան փաստացի չի գործում, փլուզվում է, ինչը մենք փաստացի տեսանք Վենեսուելայի նախագահի դեպքով, Ուկրաինա ներխուժման դեպքով, Իրանի, Գազայի դեպքերով, Գրենլանդիայի դեպքով, ապա ստացվում է, որ համակարգերը բացահայտորեն չեն գործում։ Արդյունքում ստացվում է, որ այլ համակարգ պետք է գործի, որը մի կողմ է թողնելու բոլոր թիթիզությունները, որոնք իրականում ձեւականություններ են, եւ ռեալ պոլիտիկի շրջանակներում կգործի՝ ուժի կիրառմամբ։ Թրամփը հանում է դա։ Դրական է, որ Հայաստանն այնտեղ կա, թեպետ չգիտենք՝ այն Հայաստանին կտա՞ օգուտ, թե՞ ոչ։
– Նիկոլ Փաշինյանը երջանիկ էր, տպավորություն էր, թե Արցախն ազատագրել է, գերիներին վերադարձրել է Հայաստան․․․․ Հայաստանի ղեկավարի ուրախության իմաստը ո՞րն էր։
Կարդացեք նաև
– Հայաստանն ուրախանալու ոչ մի առիթ չունի, Նիկոլ Փաշինյանն ունի, որովհետեւ բախտի բերմամբ, թե պատահականության սկզբունքով՝ այբբենական կարգով հայտնվել էր Թրամփի կողքին։ Մենք ունենք մտահոգվելու բան։ Թրամփը Փաշինյանի հետ առանձնազրույց չի ունեցել, իսկ Ալիեւի հետ ունեցել է, ավելին՝ Ալիեւի հետ է քննարկել Թրամփի ուղին, այն դեպքում, երբ այդ համաձայնագրի հետ Ադրբեջանն ուղղակիորեն կապ չունի։ Այ, այստեղ մենք մտահոգվելու մի շարք պատճառներ ունենք։ Հայաստանի իշխանությունները փորձում են քարոզչությունն այլ կերպ տանել, բնական է, նման լուսանկար են հաջողացրել, դրանից փորձելու են դիվիդենտներ քաղել, սակայն իրականությունն այլ բանի մասին է։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































