Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրություն անելու համար չէի շտապի… Դեռևս չենք լսել, որ Հովնան սրբազանը հերքել է հայ հանրությանը մոլորեցնող տխրահռչակ 11 կետանոց իր հայտարարության դրույթները. Գենադի Մնացականյան

Հունվար 24,2026 15:45

2026 թվականի հունվարի 23-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Առաջնորդարանի դիվանատունը հայտարարություն է տարածել, համաձայն որի թեմի առաջնորդ Հովնան սրբազանը կմասնակցի Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավիրած Ավստրիայում տեղի ունենալիք Եպիսկոպոսաց ժողովին և այնուհետև նաև՝ Գերագույն Հոգևոր խորհրդի ժողովներին։

Եթե հաշվի առնենք, որ ՀՀ վարչապետի կողմից տարեսկզբին պաշտոնապես ստեղծված «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի համահիմնադիր սրբազան հայրերը հայտարարել էին Ավստրիայում տեղի ունենալիք Եպիսկոպոսաց և Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներին իրենց չմասնակցելու մասին, ապա, առաջին հայացքից, ենթադրվում է, որ աղանդի ամենատիտղոսավորը համարվող ԱՄՆ Արևմտյան թեմի Հովնան սրբազանը դուրս է գալիս աղանդից։

Սակայն նման ենթադրություն անելու համար ես չէի շտապի նախ այն պատճառով, որ դեռևս մենք չենք լսել, որ Հովնան սրբազանը հերքել է հայ հանրությանը մոլորեցնող տխրահռչակ 11 կետանոց իր հայտարարության անխտիր բոլոր դրույթները։

Իսկ այնտեղ նա ի լուր աշխարհի, այդ թվում նաև ի լուր Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, հայտարում էր, որ իրենց համար անընդունելի է Վեհափառ Հայրապետի «հակապետական դիրքորոշումն ու առճակատումը» և ըստ այդմ, իբր, Եկեղեցու բարեկարգությունը այլևս անհետաձգելի հրամայական է և Վեհափառ Հայրապետը, ըստ իրենց դավադիր կարծիքի՝ պետք է «հանգստի կոչվի»։

Իհարկե, չեմ բացառում, որ սրբազանը, այդուհանդերձ, իրեն հատուկ ներհայեցողությամբ իր պղտոր մտքերը բարեկարգած լինի կամ, գուցե, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հավատավոր հայորդիների կողմից սրբազանի վրա ճնշումներ գործադրված լինեն և նա ստիպված է ժողովներին մասնակցելու մասին հայտարարություն արել։

Բոլոր դեպքերում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանը 11 կետանոց իր «մեղադրականը» հնչեցրել է հրապարակայնորեն՝ վիրավորելով հայ հավատացյալի կրոնական զգացումները, ինչը կարող էր նաև շատերի համար գայթակղության առիթ հանդիսանար, ուստի հրապարակայնորեն էլ պետք է հերքի ու ներողություն խնդրի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներից՝ Հայ Եկեղեցուն և նրա ազգընտիր Գահակալին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։

Սրբազան հոր հրապարակային մեղայականից և աղանդն ու հերձվածը դատապարտող հայտարարություններից հետո միայն կարող ենք փաստել, որ նա ականջալուր է եղել Վեհափառ Հայրապետի հորդորին և վերադարձել է կանոնական դաշտ։

Այս դեպքում, իհարկե, մեծ ուրախություն կլինի բոլորիս համար և Հովնան սրբազանն էլ իր ապաշնորհությամբ փոխարինած Գերաշնորհությունն ու Բարձրաշնորհությունը կրկին վերականգնած կլինի, այլապես սրբազան հոր մասնակցությունը Ավստրիայում կայանալիք Եկեղեցական ժողովներին, իմ դիտարկմամբ, կարող է մաս կազմել փաշինյանական «հակահետախուզական աշխատանքներին»։

 

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031