Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք սրտի, ունենք և դեռ կունենանք դեպքեր, երբ անձը կարող է մահանալ հացադուլ հայտարարելու պարագայում». Դավիթ Թումասյան

Հունվար 25,2026 18:00

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցին, թե ինչու չի այցելել հացադուլի մեջ գտնվող փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին՝ պատասխանել էր․ «2025 թվականին Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ, հայտարարվել է 300-ից ավելի հացադուլ։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Դավիթ Թումասյանն անդրադառնալով այս թեմային՝ նախ հիշեցրեց. «2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ ուժի մեջ են մտել և՛ քրեական, և՛ քրեական դատավարության, և՛ քրեակատարողական օրենսգրքերը: Եվ այնտեղ առանձին բաժին կա հացադուլերին վերաբերող, որի պարագայում հացադուլ պետք է հասկանալ ոչ միայն առհասարակ սննդից հրաժարվելը, այլ անգամ սննդի ինչ-որ մի տեսակից կամ կոնկրետ ինչ-որ մի սնունդ ընդունելու փուլից հրաժարումը:

Այն, որ այո, ցավոք սրտի բավականին հաճախ են դատապարտյալները և կալանավորվածները դիմում այդ միջոցին, միանշանակ է: Ավելին ասեմ, իրենք դա անում են, որպեսզի իրենց ձայնը լինի լսելի, ուշադրության կենտրոնում հայտնվեն, բայց ինչպես նաև ներկայացրեցիք վիճակագրությունը, այդ համարյա 300 դեպքի շրջանակներում ոչ բոլորի դեպքերն են բարձրաձայնվում: Եթե, օրինակ, դա չլիներ Սամսոնյանի դեպքը, եթե չլիներ մեկ այլ անձի դեպքը, այլ մյուս անձանց պարագայում դա չի հասնում այն մակարդակի կամ չի ստանում այն հնչեղությունը, որը իրենք կուզենային լիներ, որպեսզի բարձրաձայնված հարցերի վրա ուշադրություն դարձնեն, թե ինչու պայմանական վաղաժամկետ չեն ազատել, թե ինչու են կալանավորումը կիրառել և այլն:

Այո, գործիքակազմը խիստ սահմանափակ է և օրինակ մասնավորապես թե՛ ՄԻՊ-ը, թե՛ այլ մարմինները կարող են գնալ քրեակատարողական հիմնարկ միայն ահազանգի առկայության դեպքում: Ավելին, հարկադիր սնուցումն արգելվեց, նախկինում մենք ունեինք նման կարգավորում, բայց հիմա կարող են դրան դիմել բացառապես այն դեպքում, երբ որ կյանքի վտանգ ունենք: Դա միանշանակ բերում է նրան, որ ցավոք սրտի՝ մենք ունենք և դեռ կունենանք դեպքեր, երբ որ անձը կարող է մահանալ հացադուլը հայտարարելու պարագայում: Եվ արդեն քանի որ սա հանդիսանում է կյանքը վտանգող գործոն՝ պետք է պատշաճ ուշադրության արժանանա թե՛ քրեակատարողական ծառայության, թե՛ այնտեղ իրականացվող բժշկական սպասարկում կազմակերպող մարմինների կողմից»:

Դավիթ Թումասյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ այն փաստին, որ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ մեկնաբանելով պատարագներին և հաղորդությանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասնակցությունը մերժելուն՝ ասել էր. «Պետք է հաշվի առնել, որ խոսքը խափանման միջոցի մասին է, որն ինքնին ենթադրում է մարդու իրավունքների որոշակի սահմանափակում։ Մենք չենք կարող համեմատել այն անձին, ում նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, ազատության մեջ գտնվող անձի և նրա սահմանադրական իրավունքների հետ»:

«Միանշանակ, անձն ունի իր կրոնի, դավանանքի ազատության իրավունք և դա պետք է ազատորեն իրականացվի քրեակատարողական հիմնարկում,- ասաց Դավիթ Թումասյանը:- Իհարկե, ունենք մի վերապահում՝ այնքանով, որքանով դա չի խանգարում ներքին կանոնակարգին: Եվ եթե կան սահմանափակումներ կամ կան որոշակի ծիսակատարություններ, որոնք փաստացի հակասում են ներքին կանոնակարգի գործընթացներին կամ ժամանակացույցին, օրակարգին, դրանք բոլորը դիտվում են որպես անթույլատրելի: Օրինակ, եթե որեւէ դատապարտյալ կամ կալանավորված ցանկանա մատաղ անի, տրամաբանական է՝ դա թույլ չեն տալու, որովհետև սա հակասում է՝ տարբեր գործոններից ելնելով, բայց եթե օրինակ ցանկություն են հայտնում հրավիրել որևիցե հոգևորական, իրականացնել որոշակի գործողություններ, այդ մասով երբեք որևէ արգելք չի եղել»:

Հաղորդումն ամբողջությամբ

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031