Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ թվով ահազանգերը վերաբերում են ազատազրկված անձանց առողջական վիճակին». Նարե Հովհաննիսյան

Հունվար 25,2026 20:00

Վերջին շրջանում մի շարք դեպքեր եւս մեկ անգամ հաստատեցին քրեակատարողական հիմնարկներում առողջապահական համակարգի հասանելիության խնդիրների առկայությունը:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը պնդեց. «Խուցը, որտեղ նա գտնվում է, նաև պայմաններն են նպաստում, որ այս վիճակը շարունակվի իր մոտ։ Նրան չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն»:

Բժիշկ-սրտաբան Վահան Հակոբջանյանն էլ հայտարարություն տարածեց. «Խոչընդոտվում է իմ տեսակցությունը պարոն Ղուկասյանի հետ այն հանգամանքում, երբ ես հանդիսանում եմ նրա անձնական բժիշկ-սրտաբանը։ Ցավալի է, որ պարոն Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ծանր քրոնիկական հիվանդություններ, զրկված է պատշաճ բժշկական օգնությունից»:

Իսկ ավելի վաղ փաստաբան Արամ Վարդեւանյանն էր ասուլիսում ասել. «Գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ Սամվել Կարապետյանն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, և դա չի ախտորոշվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները… Մեր կողմից գրություններ գրվել են, և պաշտոնատար անձինք, որոնք բժշկական ստուգում պետք է ապահովեին, գրություններով հայտնել են, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Իհարկե, բոլոր խնդիրներն են կարևոր և օրակարգային, առաջնային, բայց բուժսպասարկումը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը համակարգի ամենացավոտ կողմերից մեկն է:

Տեսեք, երբ անձը մուտք է գործում հիմնարկ, մենք չունենք այնպիսի մեխանիզմ, որ իր առողջական վիճակն ամբողջական սքրինինգ իրականացվի, տրվի անձի առողջական վիճակի, այսպես ասած, նկարագիրը և հետագայում անհատական պլանավորման կամ մոնիտորինգի միջոցով անձի առողջական վիճակը վերահսկվի և փորձ արվի հասկանալ, թե օրինակ՝ շենքային պայմանները, ընդհանրապես ազատազրկումն իրենով ինչքա՞ն են բացասաբար ազդում տվյալ անձի առողջության վրա: Դրա հետ կապված որևէ դինամիկ միջամտություններ չեն արվում: Եվ նաեւ ազատվելուց առաջ, այսինքն` դա կլինի խափանման միջոցի փոփոխման հետևանքով կամ պատժից ազատման դեպքում, դարձյալ այդ ամբողջական գնահատումը չի արվում, որպեսզի մենք ունենանք այն պատկերը, թե անձն ինչ վիճակով է մտել քրեակատարողական հիմնարկ, ինչ վիճակով է դուրս գալիս և այդ ընթացքում այդ պայմաններն ինչքանո՞վ են վտանգել իր առողջական վիճակը:

Այն, որ այս խորքային և համակարգային բացը մենք ունենք, դրան «լրացնելու են գալիս» մի շարք խնդիրներ՝ առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության հետ կապված, շենքային պայմանները:

Եվ այստեղ նաև կա մի շատ կարևոր խնդիր՝ առողջապահական ծառայությունների մատուցման համար պատասխանատու կառույցի գերատեսչական պատկանելիությունն է: Երբ դա անցավ առողջապահության նախարարությանը, մեր մտահոգությունն այն էր, որ «պինգ-պոնգի» չվերածվի, այսինքն՝ մի գերատեսչությունը խնդիրը չգցի մյուս գերատեսչության վրա և արդյունքում էական խնդիրներն անտեսվեն: Ցավոք, ներկայումս կարող եմ արձանագրել, որ մենք ունենք այդ իրավիճակը, այսինքն՝ քրեակատարողական ծառայությունն ասում է՝ մենք չենք պատասխանատու, որևէ խնդիր է արձանագրվում՝ կապում են, օրինակ, հոգեկան առողջության խնդիրների հետ, իսկ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ն էլ ասում է, որ օրինակ՝ շենքային պայմաններն են պատճառը, մենք էլ այդքան բավարար ռեսուրս չունենք, որ ամբողջ ծավալով դա իրականացնենք:

Այսինքն, թեև գերատեսչական ենթակայության այդ փոփոխությունը պիտի գար բարելավելու առողջապահական ծառայությունների որակը, սակայն դա բավական լուրջ փակուղի է մտցրել այդ ծառայությունների մատուցումը: Եվ եթե նաև տարբեր մարմինների, տարբեր կառույցների ահազանգերի վիճակագրությունը ուսումնասիրենք, կտեսնենք, որ ամենամեծ թվով ահազանգերը վերաբերում են հենց ազատազրկված անձանց առողջական վիճակին»:

Հաղորդումն ամբողջությամբ

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031