Երբ հանրային տարբեր շրջանակներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են սահմանադրական կարգը խախտելու, օրենքը բացահայտորեն արհամարհելու, Եկեղեցու գործերին միջամտելու, Կաթողիկոսի դիրքն ու կարգավիճակն առոչինչ ճանաչելու, կարգալույծ թեմի առաջնորդին կրկին պաշտոնի վերադարձնելու մեջ, շատերը դա դիտարկում են միայն ներհայաստանյան գործընթացների համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել այն զուգահեռները, որոնք հուշում են, որ ինչ-որ առումով գործ ունենք գլոբալ քաղաքական վարքագծի տեղային կրկնօրինակման հետ։ Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը, իր գռեհիկությամբ, համառությամբ շատ նման է նրան, ինչ անում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի վարքագիծը հիմնված է ուժի վրա՝ տնտեսական, ռազմական, ինստիտուցիոնալ եւ անձնային։ Նա կարող է նույն այդ ուժը կիրառել ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ԱՄՆ-ի ներքին կյանքի նկատմամբ։ Դա այսօր արդեն տեսանելի է, երբ Թրամփն ու նրա թիմը փաստացի արդարացնում են ICE աշխատակիցների կողմից կնոջ սպանությունը՝ պետական բռնությունը ներկայացնելով որպես կարգուկանոնի պահպանման անհրաժեշտ գին։ Սա ամենաթողություն է, բայց ամենաթողություն, որն ունի ուժային հենք։
Թրամփը նույն կերպ է գործում միջազգային դաշտում՝ Վենեսուելայի, Գրենլանդիայի, վաղը՝ գուցե Կանադայի ուղղությամբ։ Նա անտեսում է առկա իրավունքը, խախտում միջազգային նորմերը եւ իր համար գծում բացառիկ, միակողմանի իրավունքներ՝ ուժի դիրքերից։ Աշխարհն այսօր այդպիսին է՝ կասեն շատերը եւ կանցնեն առաջ։ Բայց հենց այստեղ է կարեւոր «բայց»-ը, որն ակամայից շրջանցվում է։
Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը նույն կերպ շարժվել արտաքին քաղաքական դաշտում։
Կարդացեք նաև
Պետք է նկատել, որ Փաշինյանի անձնային որակները, քաղաքական կշիռը եւ լիդերային հատկանիշների բացակայությունը նրան նման հնարավորություն չեն տալիս։ Փաշինյանը խարիզմատիկ առաջնորդ չէ, որն ազգին տանում է իր իղձերի հետեւից։ Նա նախորդ տարիներին կարողացել է որոշակի դեր ստանձնել՝ տերությունների ղեկավարների որոշ պատվերների կատարման շրջանակում միայն։ Մինչեւ 2020թ. պատերազմը նրա ծառայություններից օգտվել է Կրեմլը՝ Չինաստանի ու Իրանի հետ հարաբերություններում (2019-ին Փաշինյանի՝ Թեհրան աշխատանքային այցից հետո, Իրանի նախագահ Ռուհանին մասնակցեց Երեւանում անցկացվող՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, իսկ Պեկին աշխատանքային այցից հետո Սի Ծինփինը մասնակցեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին)։
2020-ից հետո նրա ծառայություններից օգտվել է Անկարան՝ Արցախի խնդիրը միջազգային օրակարգից դուրս բերելու, Հայաստանի Հանրապետության ազգային շահերը չեզոքացնելու հարցերում, օգտվել է Վաշինգտոնը՝ Թրամփի ուղի (TRIPP) նախագծի գործարկմանը հասնելու հարցում եւ այլն։ Այս ամենը տեղավորվում է ուժային կենտրոններին ծառայություն մատուցելու Փաշինյանի գործելակերպի մեջ։
Սարո ՍԱՐՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում
















































