ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը նշում է․ «Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները անմխիթար են, առողջական խնդիրները սրվում են, պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ինքնավնասումներ կատարող անձանց հետ ևս պատշաճ աշխատանք չի կատարվում, կարևոր խնդիր է նաև աշխատակիցների կողմից պատշաճ հսկողությունը»։
Թերեւս նաև սրանով է պայմանավորված այն մտահոգիչ ցուցանիշը, որ արձանագրվեց անցած տարվա ընթացքում: 2025 թվականին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Վերջին տասնամյակում նման բարձր թվով ինքնասպանություններ արձանագրվել են միայն 2016 թվականին, երբ ՀՀ քրեակատարողական համակարգը դեռևս չէր հռչակել պատժողականից դեպի վերականգնողական արդարադատության անցման մասին:
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս տվյալներին՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Դավիթ Թումասյանն ասաց. «Սա բավականին խորքային խնդիր է, որը պետք է դիտարկել մի քանի տեսանկյուններից: Նախ և առաջ սկսենք նրանից, որ ցանկացած հետպատերազմյան պետությունում լարվածությունն աճում է, անձանց սոցիալ-հոգեբանական վիճակը բավականին ծայրահեղ է լինում, ինչից ելնելով ավելանում են ոչ միայն ագրեսիվությունը, այլ նաև ինքնավնասման, ինքնասպանությունների հակումները և դա ավելանում է ազգաբնակչության բոլոր շերտերի մոտ: Առավել սրվում է, եթե գործ ունենք խոցելի խմբի ներկայացուցիչների հետ, իսկ դատապարտյալը կամ կալանավորված անձը հանդիսանում է խոցելի խմբի ներկայացուցիչ, որովհետև ազատությունից զրկելն ինքնին սթրեսային է, և բոլոր մտավախությունները, տագնապային վիճակները կամ նմանատիպ այլ իրավիճակները սրվում են հենց այդ փուլում: Եվ եթե անձը միգուցե անգամ ազատության պայմաններում նման հակումներ չուներ կամ նման վարքագիծ չէր դրսևորել, դա արդեն կարող է դրսևորվել՝ կոնկրետ ելնելով անազատության մեջ իր գտնվելու փաստից:
Երկրորդը, այստեղ շատ կարևոր է ինքնին լարվածությունը, որն առաջանում է այդ պահին: Եվ առավել ևս առաջին անգամ քրեակատարողական հիմնարկ մտնող անձանց պարագայում պետք է կատարել որոշակի հոգեբանական աշխատանք, նախապատրաստել այդ անձին, բացատրել, որովհետև անորոշությունը, որի պայմաններում անձը գտնվում է՝ նորից սրում է բոլոր հնարավոր տարբերակները: Երբ որ անձը որոշակի գիտի, թե կոնկրետ ընթացակարգով ի՞նչ է իրեն սպասում, ե՞րբ է դա լինելու, ո՞նց է լինելու, նրան տալիս են պատշաճ տեղեկատվություն դրա մասին, ինքն ավելի հանգիստ է տանում անգամ բացասական ինֆորմացիան, որովհետև ինքը իրազեկ է: Բայց եթե նման գործողություններ չեն իրականացնում՝ անորոշության պայմաններում, անընդհատ սպասողական վիճակ, լարված վիճակ և այլն, ինքը բոլորը այդ հակումները սրում է:
Կարդացեք նաև
Բացի դրանից, մենք ունենք լուրջ խնդիր միջանձնային շփման տեսանկյունից և խոսքը ոչ միայն դատապարտյալների միջև շփումների, այլ նաև դատապարտյալ և քրեակատարողական ծառայող շփումների մասին է: Շատ դեպքերում այս սուբորդինացիան, որը պարտադիր պետք է պահվի, ցավոք սրտի, որոշ իրավիճակներում չի պահվում, ինչի մասին մենք տեսնում ենք տարբեր ահազանգերի միջոցով, երբ քրեակատարողական ծառայողը փորձում է ինչ-որ արգելված իր անցկացնել՝ դատապարտյալին փոխանցելու համար կամ իրականացնում է ինչ-որ այլ անթույլատրելի գործողություններ նրա մասնակցությամբ»:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպությունն իր զեկույցում այս առնչությամբ նշել էր. «Այս ցուցանիշները վկայում են քրեակատարողական համակարգում տիրող համակարգային խնդիրների մասին, որոնք վերաբերում են կառավարման ճգնաժամին, սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայությունների ոչ լիարժեք հասանելիությանը, մարդկային ռեսուրսների անբավարարությանը և այլն»:
«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե կառավարման ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը՝ ասաց. «Դա հնարավոր վարկածներից մեկն է, որոնք սովորաբար, հատկապես փակ հաստատություններում, կարող են ճգնաժամային իրավիճակներ ստեղծել, իսկ փակ համակարգում կառավարման մենեջմենթի հետ կապված խնդիրն առաջնահերթ է: Եվ եթե որևէ քրեակատարողական հիմնարկում նմանատիպ դեպք է արձանագրվում, ապա միանշանակ պետք է փորձել նաև դրա հետ կապված կառավարման խնդիրները գտնել, որովհետև, ինչպես գործընկերը նշեց, նաև սուբորդինացիայի հետ կապված հարցեր են առաջանում, այսինքն` իրենց անգամ աշխատողների միջև՝ վերադաս, ստորադաս, երբեմն տարբեր միջանձնային խնդիրներ են լինում:
Եվ միանշանակ այստեղ, երբ խոսում ենք կառավարման մասին, պետք է շատ հստակ դիտարկել նաև, օրինակ՝ առողջապահական ծառայությունների համար պատասխանատու անձանց ղեկավարների և քրեակատարողական հիմնարկների ղեկավարների միջև համագործակցությունը, ինչին պրակտիկայում մենք ականատես չենք լինում, որովհետև իրենք տարբեր ծառայություններ են, տարբեր գերատեսչությունների են ենթակա, և իրենք նաև երբեմն աշխատանքային կարգով քննարկելու, հարցերը պարզելու, դրանց ընթացք տալու հետ կապված խնդիրներ են ունենում: Եվ բնականաբար, եթե համակարգի ներսում կա խնդիր, այդ խնդիրը որևէ ձևով արտահայտվում է և այդ արտահայտման ձևերից մեկն էլ կենսաբանական մահերն են, ինքնասպանություններն են, ինքնավնասումներն են»:
Նարե Հովհաննիսյանը մահվան դեպքերի վերաբերյալ նաեւ նշեց. «Երբ որևէ դեպքով հարցում ենք անում՝ նշում են, թե դա բժշկական գաղտնիք է, անձնական տվյալներ են և դրանք չեն տրամադրում, բայց յուրաքանչյուր նման դեպքով շատ հստակ, մանրամասն ուսումնասիրություն պետք է կատարել, օրինակի համար՝ դեպքը ո՞ր անձանց շրջանում է արձանագրվել, դատապարտյա՞լ, թե՞ կալանավորված, ի՞նչ քրեական հոդվածով են իրենք հայտնվել քրեակատարողական հիմնարկում, պատժի կրման կամ կալանավորման ո՞ր փուլում է եղել, քանի՞ տարեկան են, առողջական ի՞նչ խնդիրներ ունեն, այսինքն` անձի, այսպես ասած որոշակի վիճակագրական տվյալներ հանելով, դրանք համադրելով, ուսումնասիրելով, ինչը հետագայում կարող է մեծ կանխարգելիչ գործառույթ կատարել, բայց, ցավոք, պրակտիկայում մենք այդ մոտեցումը չունենք»:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ















































