Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։
Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։
Կարդացեք նաև
Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արևագալի ժամերգության հիման վրա։ Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։
Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին և մեկ հոգի», որի ընթացքում աշխարհի քրիստոնյաներն աղոթք բարձրացրեցին հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու, ինչպես և քրիստոնեական միասնության և համերաշխության համար։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ




















































