Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՊԱՇԽԱՐՈւԹՅԱՆ ԿԱՆՉՈՂ 33 ՀԱՐՑԵՐ «ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉ» ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՐԱԾ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻՆ, ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ
Այսօր սկսվեց Առաջավորաց Պահքի 5-օրյա շրջանը: Սա լավ առիթ է ինքնաքննությամբ և ապաշխարությամբ վերադառնալ կանոնական դաշտ բոլոր «բարենորոգիչների» և նրանց հարած վարդապետների, քահանաների համար:
Եկեք նրանց 33 հարց ուղղենք, որոնք միգուցե նրանց ևս մեկ առիթ տան խորհելու, խոկալու ու հրաժարվելու պառակտման կործանարար ընթացքից.
1.Մի՞թե Վեհափառ Հայրապետն է ձեզ խանգարել մինչ այժմ եպիսկոպոսաց ժողովների, Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի, քահանայից ժողովների ընթացքում բարձրաձայնել բարենորոգմանը վերաբերող հարցեր: Թե՞ դուք չունեիք խիզախություն, թե՞ դուք անհաղորդ էիք նման հարցերին, թե՞ ձեր պատկերացմամբ խնդիրները նոր են առաջացել:
Կարդացեք նաև
2.Դուք, որ խոնարհվում ու Վեհափառի աջն էիք համբուրում, եպիսկոպոսական պանակե, քահանայական լանջախաչ, արքության տիտղոս, թեմի առաջնորդի կոչում և այլ տարատեսակ պարգևներ ստանում, այդ թվում եկեղեցապատկան բնակարանների բանալիներ ընդունում, չէի՞ք մտածում Եկեղեցու խնդիրները բարձրաձայնելու մասին:
3.Ձեր եկեղեցական ընտանիքի խնդիրները տարիներով չնկատելով, արտաքնապես անհոգ մնալով, ի՞նչ պատահեց, որ ընտանիքից հերձվածների, հեռացածների, լքածների, դավադիրների, չարափառների, աշխարհականների, ամբարիշտների, մոլորյալների հետ միավորվեցիք ու գրոհեցիք ձեր տան՝ Մայր Աթոռի վրա:
4.Ս.Գայանե վանքի տարածքում վանորեից տեսչի գրասենյակում կարգալույծների հետ համախմբվելիս Մայր Աթոռի գրոհից առաջ միասին աղոթե՞լ եք: Տեղյա՞կ եք, որ կարգալույծին որպես քահանա (նրանք բոլորը սքեմով էին) աղոթակից լինողն ըստ կանոնի պետք է կարգալույծ արվի:
5.Դուք իրապե՞ս հավատում եք, որ աշխարհիկ մեթոդներով, զոռբայությամբ, բռնաճնշումներով, սպառնալիքներով հնարավոր է «բարեկարգել» Եկեղեցին: Լո՞ւրջ: Չգիտե՞ք, որ Եկեղեցում, եթե բարենորոգության, մաքրելու, սրբելու վայր կա, ըստ մեր հայրերի, դա միայն ու միայն սեփական սրտի տարածքը պետք է լինի:
6.Դուք կարո՞ղ եք գեթ մի օրինակ բերել պատմությունից, որ ձեր մեթոդաբանությամբ Եկեղեցի է բարենորոգվել: Չգիտե՞ք, որ եկեղեցու բարեկարգությունը եկեղեցականի բարեկարգություն է:
7.Ո՞վ է այն «բարի» հովիվը, գառան մորթով հափշտակող գայլը (Մատթ.7:15), ով առաջնորդում է ձեզ Եկեղեցու դեմ արշավում: Ո՞րն է ձեր անձնական շահը, որը Մայր Եկեղեցուց վեր է ձեզ համար:
8.Դուք գիտակցո՞ւմ եք, որ ձեր «բարեկարգման» պլանը հրապարակելուց հետո հավատացյալ հոտի մի նոր պառակտման եզր եք բացել, մարդիկ ավելի են լարվել, գայթակղվել, որոշները՝ չարացել, մյուսները՝ փոխադարձ ատելությամբ լցվել:
9.Դուք գիտակցո՞ւմ եք, որ ձեր ռեֆորմիստական մղումները պառակտել են հոգևոր դասին, իջել մինչև վերջին դպիրի, ու հասել անգամ մոմավաճառի մակարդակ: Իսկ ո՞վ է «բաժանիր, որ տիրես»-ի շահառուն, կարծում եմ լավ գիտեք:
10.Դուք գիտակցո՞ւմ եք, որ միաբանվել եք Եկեղեցի, հոգևորական, Հայրապետ հայհոյողների, Մայր Տաճարի դուռը ջարդողների, ըմբոստ կարգալույծների, մեր օրերում աներևակայելի թվացող՝ եկեղեցիներ և առաջնորդարաններ զավթածների հետ: Սրա՞նք են բարենորոգիչները: Լո՞ւրջ:
11.Դուք գիտակցո՞ւմ եք, որ հայտնվել եք մեր նորագույն պատմության դեպի հերձված տանող աննախադեպ պառակտման ծանրագույն մեղքի մեջ:
12.Դուք գիտակցո՞ւմ եք, որ ապստամբելով նվիրապետական կարգի դեմ, դուրս եք դնում ձեզ Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու Մարմնից, իսկ երկու Մարմին կամ երկու Եկեղեցի չի կարող լինել:
13.Դուք գիտակցո՞ւմ եք, որ ներգրավելով պառակտման մեջ, անկախ ձեր աստիճանից ինքներդ ձեզ և ձեր մոլորեցմանը հետևող հոտին դուրս եք դնում փրկարար միջավայրից, քանի որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա:
14.Դուք գիտակցո՞ւմ եք, որ կամա թե ակամա հովանավորում եք կարգալույծների կողմից պատարագանման միջոցառումների անցկացմանը, դրա ընթացքում մարդկանց մոլորեցնելով չ/հաղորդության բաշխմանը, չ/մկրտությունների, չ/պսակների անցկացմանը, չ/թաղման կարգերի կատարմանը: Այս կործանման մղվող, դատապարտության տարվող հոգիների պատասխանության ծանրագույն բեռը գիտակցո՞ւմ եք, թե՞ դա կարծում եք ձեզ շրջանցելու է: Չէ՞ որ Աստված ամենատես է, հավատո՞ւմ եք:
15.Դուք տեղյա՞կ եք, որ եթե եպիսկոպոսն ունի նվիրապետական անհնազանդություն, վարդապետական շեղումներ և մոլորության մեջ է, նրա իշխանության տակ գտնվող ողջ հոգևոր դասը ունի ավելի բարձր եպիսկոպոսապետին՝ Կաթողիկոսին հնազանդվելու պարտականություն:
16.Դուք տեղյա՞կ եք, որ չի՛ կարելի նվիրապետական կարգի դեմ ապստամբած եպիսկոպոսին հետևելը համարել ավելի բարձր հնազանդություն, քան Կաթողիկոսին կամ Պատրիարքին հնազանդվելը, որոնք իշխանությամբ ավելի բարձր են, քան եպիսկոպոսները:
17.Դուք գիտակցո՞ւմ եք, որ պառակտված հոգևորականը, Ս.Պատարագի ընթացքում չհիշատակելով Կաթողիկոսի անունը, խախտում է եկեղեցական մի շարք կանոններ, որ նրա գործողությունները, չնայած արտաքինից ունեն ճիշտ ձև, բայց դիտվում են որպես հակականոնական, քանի որ դրանք կատարվում են ապօրինի կարգով և ապստամբություն են Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ, իսկ պատարագիչը ոչ թե անձերի, այլ Քրիստոսի մարմնի և Եկեղեցու դեմ է ապստամբ համարվում։
18.Դուք տեղյա՞կ եք, որ երկրային Եկեղեցին երկնային Եկեղեցու պատկերն է, երկրային Եկեղեցու հիերարխիան (նվիրապետոթիւնը) երկնային Եկեղեցու հիերարխիայի նմանողությամբ է: Երկրի վրա Եկեղեցու և նրա կարգերի հանդեպ ձեր ապստամբությունը ապստամբություն է նաև Երկնքի հանդեպ:
19.Դուք տեղյա՞կ եք, որ ըստ եկեղեցական կանոնի ովքեր չունեն կանոնական ընթացք և հաղորդակցություն Եկեղեցու մյուս մասերի հետ, կանոնականորեն չեն կարող վավերական Խորհուրդներ կատարել։
20.Դուք տեղյա՞կ եք, որ Եկեղեցու իշխանության անտեսումը դուրս է դնում պատարագիչին Քրիստոսի Մարմնից և որպես հետևանք` կտրում Շնորհից, առանց որի Ս.Պատարագը վերածվում է պատարագանման միջոցառման:
21.Դուք տեղյա՞կ եք, որ Ընդհանրական Եկեղեցու հայրերը պառակտումը դիտարկում են որպես մեղք, որն ավելի ծանր է, քան անգամ կռապաշտությունը և զգուշացնում են, որ ոչինչ այդքան չի բորբոքում Աստծո բարկությունը, որքան Եկեղեցու բաժանումը։
22.Դուք տեղյա՞կ եք, որ Ընդհանրական Եկեղեցու հայրերը պառակտումը հաճախ համարում են հպարտության արդյունք, երբ հոգևորականը, իրեն ավելի արդար համարելով, հրաժարվում է ենթարկվել Եկեղեցու օրինական իշխանությանը, որին նա պետք է անվերապահ հավատարիմ մնար:
23.Դուք տեղյա՞կ եք, որ պառակտման մեղքի մեջ ներքաշված հոգևորականների և մոլորյալ հոտի համար հոգևոր առումով հետևանքները աղետալի են, քանի որ դադարում է հաղորդակցությունը Եկեղեցու Սուրբ Հոգու շնորհների հետ, քանի որ շնորհները փոխանցվում են Եկեղեցու և Նրա նվիրապետությանը հնազանդության միջոցով:
24.Դուք տեղյա՞կ եք, որ պառակտիչ հոգևորականը, մերժելով Կաթողիկոսի իշխանությունը, ինքնաբերաբար դուրս է գալիս Եկեղեցու կանոնական դաշտից։ Հայոց Հայրապետի անունը չհիշատակելը Ս.Պատարագին Հայ Առաքելական Եկեղեցու կանոններով համարվում է ծանր կարգազանցություն, պառակտման քայլ և եկեղեցու միասնության խաթարում։
25.Դուք տեղյա՞կ եք, որ պառակտում հրահրող հոգևորականը, անկախ իր հոգևոր աստիճանից, անմիջապես պետք է զրկվի այդ աստիճանից։ Պատիժը հանվում է միայն այն դեպքում, երբ անձը կամ խումբը խորը ապաշխարությամբ վերադառնում է Եկեղեցու ծոցը և ճանաչում նվիրապետական կարգը։ Եթե համառում է, պետք է ենթարկվի բանադրանքի։ Մինչև հիմա Հայրապետը սպասում է ձեր դարձին, սակայն դուք ձեր պառակտման մեղքի մեջ գնալով ավելի եք հաստատվում:
26.Դուք տեղյա՞կ եք, որ քահանան չպետք է ստորագրի, աջակցի կամ մասնակցի եպիսկոպոսի ապօրինի գործողություններին, եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը տանում է դեպի մեղք, պառակտում կամ հերձված, քանի որ Պողոս առաքյալը հրահանգում է չմասնակցել դրան.«Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր» (Ա Տիմ.5:22):
27.Դուք տեղյա՞կ եք, որ եթե եպիսկոպոսի հրամանը հակասում է Աստծո պատվիրանին կամ Եկեղեցու սրբությանը, ապա գործում է Պետրոսի և մյուս առաքյալների սկզբունքը.«Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5:29) քահանային թույլ է տալիս չկատարելու եպիսկոպոսի հակականոնական կամ հակաաստվածային հրամանը, առաջնորդվել Սուրբ Գրքով, Եկեղեցու կանոնով, այլ ոչ թե կույր և անխոհեմ հնազանդությամբ:
28.Դուք տեղյա՞կ եք, որ եթե եպիսկոպոսը հրահանգում է քահանային զեղչել Կաթողիկոսի անունը Ս.Պատարագի ժամանակ, չաղոթել նրա համար, ապա դա ուղղակի հակասում է Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներին և առաքյալների հորդորներին՝ անդադար, ամեն ժամ աղոթք անել, աղոթել անգամ հալածողների համար (Մատթ.5:45, Մարկ.14:38, Ղուկ.18:1, Հռոմ.12:12, Ա Թեսաղ.5:25, Բ Թեսաղ.3:1, Ա Տիմ.2:1, Ա Պետր.4:7, Գ Յովհ.1:2):
29.Դուք տեղյա՞կ եք, որ եթե եպիսկոպոսը գործում է հերձվածային կամ բացահայտ հակականոնական ուղղությամբ, օրինակ՝ պարտադրում է չհիշատակել Կաթողիկոսին Պատարագի ընթացքում, իր կամքին հակառակ հանրային սատարումներ հայտնել իրեն, ապա քահանայի պարտքն է չենթարկվել նման հրահանգին։
30.Դուք տեղյա՞կ եք, որ երեկ արգելել են Միքայել սրբազանին հաղորդվել։ Դուք ասելիք կամ անելիք չունե՞ք:
31.Դուք տեղյա՞կ եք, որ Աստծո Շնորհը և առաքելական Շնորհի շղթայական փոխանցելիությունը գործում է միայն նվիրապետական կարգից ներս, այն էլ խոնարհության և հնազանդության պարագայում, որովհետև այդ Շնորհի աղբյուրը հենց Հիսուս Քրիստոսն է, Ում Մարմինն էլ Եկեղեցին է:
32.Դուք գիտակցո՞ւմ եք, որ չի՛ կարող նվիրապետությունից իրեն դուրս դրած քահանան, կամ հեռացված կարգալույծը դառնալ ինքնաբուխ շնորհի աղբյուր:
33.Դուք գիտակցո՞ւմ եք, որ ձեր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է հավատավոր հոտի համար, իսկ դա ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի ծանրագույն մեղք է:
Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք (Մատթ.3:8):


















































