Հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Գուստավ Մալերի վերջին՝ 9-րդ Սիմֆոնիան, որը համարվում է երաժշտական պատմության ամենաառեղծվածային գործերից մեկը: Մալերը այն չի հասցրել լսել եւ մահացել է պրեմիերայից մեկ տարի առաջ:
Այս ստեղծագործությունը հաճախ անվանում են «Հրաժեշտի» սիմֆոնիա: Սրտի խնդիրներ ունեցող Մալերը, սարսափելով «9-րդ սիմֆոնիայի անեծքից», որին զոհ էին գնացել Բեթհովենն ու Շուբերտը, չէր համարակալել իր նախորդ մեծածավալ գործը, այն կոչել էր «Երկրի երգը» եւ միայն դրանից հետո էր համարձակվել գրել 9-րդ սիմֆոնիան:
Մալերի այս գլուխգործոցը բարդագույն ստեղծագործություն է եւ նվագախմբերի, եւ դիրիժորների համար, սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ մաեստրո Սմբատյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ հաջողությամբ հանձնեցին վարպետության հերթական քննությունը՝ ունկնդրին պարգեւելով հերթական կատարսիսը՝ Մալերի աստվածային երաժշտության շնորհիվ:
Կարդացեք նաև
Ունկնդիրը 80 րոպե շարունակ վայելում էր Մալերի 9-րդ սիմֆոնիան, որի ավարտից հետո մի պահ քար լռություն տիրեց, քանի որ որեւէ մեկը «չէր համարձակվում» խախտել յուրօրինակ երաժշտաթերապիայից հետո տիրող անդորրը: Քիչ անց դահլիճը պայթեց ծափահարություններից, ու հիացական բացականչությունները ստիպեցին մաեստրոյին մի քանի անգամ բեմ վերադառնալ ու խոնարհումը բերել հավատարիմ ու սիրելի ունկնդրին:
Նշենք, որ ճիշտ 20 տարի առաջ հունվարի 25-ին կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը, տարին հոբելյանական է նվագախմբի համար: Ապրիլի 14-ին էլ կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր համերգը, որի ընթացքում նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































