Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ Մկրտիչ սրբազանը Վեհափառի քրոջ որդին է։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ Հ1-ի եթերում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, թե իր վերադասը, այսինքն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն իրեն պարտադրել է մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին։ Այս գործով տուժող են Ստեփան Ասատրյանը եւ դարձյալ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանա Թախմազյանը։ Նրանք այցելել են դատարան։
Հանրային մեղադրյալն ասաց․ «Մեղադրյալին մեղսագրվում են մեկից ավելի հանցանքի կատարում, այդ թվում՝ ծանր հանցանքի կատարում։ Մեղադրյալին մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձեւով՝ 4-8 տարի ժամկետով։ Արձանագրում ենք, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար հիմնավորում են մեղադրյալի՝ անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Գտնում ենք, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը անհրաժեշտ է երկարաձգել եւս 3 ամիս ժամկետով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մկրտիչ սրբազանի պաշտպան Ռոման Ահարոնյանն ասաց․ «Կալանքի շարունակականության դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ ստուգում է, թե նախորդ կալանավորման որոշման ժամանակ ի՞նչ ռիսկեր են արձանագրվել, ինչո՞ւ է անձը մնացել կալանքի տակ, եւ անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված եղել։ Պարզ է, որ այս դեպքով առաջին իսկ կալանքից սկսած ունեցել ենք խոչընդոտման մեկ դեպք, դրա հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաների հարցաքննությունը, վկաների վրա ազդեցությունը եւ այլն։ Այսօր, երբ մենք տեսնում ենք, որ գործը փոխանցվել է դատարան, տեսնում ենք՝ ինչ վիճակ է, ինչ ապացույցներ են ներկայացվել, հասկանում ենք, որ արմատապես փոխված է իրավիճակը։
Նախ` ուզում եմ արձանագրենք, որ դատարանը խիստ արձանագրի այն հանգամանքը, որ սրան նախորդող կալանքում մեղադրանքի կողմը չարաշահել է եւ դատավորից կորզել է կալանքը՝ դատարանին խաբելով։ Խաբել են դատավորին, ասել են՝ գործ ունեն անելու, կորզել են կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստել են։ Այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որեւէ վկայի հարց չի քննվել, սա ինքնին ապացուցում է, որ Մկրտիչ սրբազանը գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Հարգարժան մեղադրողն ասում է՝ բան չի փոխվել։ Էն էլ ոնց է փոխվել, արմատապես է փոխվել, դատակոչված չէ ոչ մի վկա, որի վրա չակերտավոր ապօրինի ազդեցություն է եղել։ Իմ գնահատմամբ՝ լուրջ չէ մտածել, որ սրբազանը տուժողների վրա կարող է ազդեցություն ունենալ»։ Նա նշեց, որ այս պահին որեւէ խափանման միջոցի հիմք չկա, եւ կալանքը անհապաղ ենթակա է վերացման։
Մկրտիչ սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, թե տպավորություն է, որ դատավորը կարծում է, թե տուժողներն ունեն հոգեւոր կարգավիճակ։ «Չկա այդպիսի բան, տուժողները կարգալույծ եղած են, իրենք որեւէ կապ չունեն ոչ Հայ առաքելական եկեղեցու, ոչ էլ Արագածոտնի թեմի հետ։ Իրենք համարվում են աշխարհիկ անձնավորություն, որեւիցե հոգեւոր ու իրավաբանական կապ չունեն Մկրտիչ սրբազանի հետ»:
Դատավորի դիտարկմանը, թե Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում աշխատանքի է այցելում, Զոհրաբյանը պատասխանեց․ «Պատվարժան դատարան, աշխատանքի չի այցելել, ինքը Հովհաննավանքը զավթել է։ Հոգեւոր վերադաս իշխանությունն ասել է՝ Հովհաննավանքը վերադարձրեք եւ ապօրինի ծիսական արարողություններ մի կատարեք։ Բայց իրենք չեն ենթարկվում»։
Արա Զոհրաբյանը միջնորդեց կալանքից ազատել Մկրտիչ սրբազանին եւ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։
Մանրամասները՝ տեսանյութում
Ստեփան Ասատրյանն ասաց․ «Մենք դավանաբանական հարցերով կարգալույծ արված չենք, եւ կարծում եմ, որ դատարանում այս թեման քննարկելը ավելորդ է։ Փաստաբանն ասաց՝ փաստացի այս մարդիկ կարգալույծ եղած են եւ որեւէ առնչություն չունեն հայ Առաքելական եկեղեցու հետ։ Ուզում եմ հարգարժան փաստաբանին որպես հոգեւորական տեղեկացնել, որ եթե անգամ ընդունենք մեր կարգալուծությունը, դա դեռ չի զրկում մեզ Հայ Առաքելական եկեղեցու զավակ լինելուց։ Եվ որոշողը փաստաբանը չէ՝ մենք Հայ Առաքելական եկեղեցու անդամ ենք, թե ոչ»։
Նա ասաց, որ պետությունից պահանջել են անվտանգություն տրամադրել իրենց, քանի որ դրա համար ունեն լուրջ պատճառներ․ «Պետությունը մեզ պիտի անվտանգություն տրամադրեր, որովհետեւ հնարավոր է վնասվեին ոչ թե ես, այլ նաեւ իմ ընտանիքը։ Կա տեսանյութը, թե ինչպես են շրջափակել մեր տունը, ինչպես են վախեցրել իմ կնոջն ու երեխաներին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի


















































