Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն իր ճաշակով է որոշելու՝ գրանցե՞լ դիտորդական կազմակերպությանը, թե՞ոչ․ սա բացարձակ կամայականություն է»․ Ավետիք Չալաբյան

Հունվար 26,2026 16:47

«Սա մի օրենքի նախագիծ է, որը հանրության մեջ արդեն սկսել են անվանել ընդդեմ ՀայաՔվեի և ժողովրդավարության օրենքի նախագիծ։ Մեզ համար ևս այդ զարգացումները մեծ անակնկալ էին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։

Ավետիք Չալաբյանն ասաց, որ օրենքի նախագիծը տարածվել է նախորդ օրվա երեկոյան, որևէ մեկին հնարավորություն չեն տվել ծանոթանալ դրան։ Ըստ նրա՝ հետագա իրադարձությունների զարգացումները ցույց տվեցին օրենքի նպատակը, դրա ընդունման չակերտավոր «հրատապությունը»:

Անդրադառնալով օրենքով նախատեսված սահմանափակումներին՝ Ավետիք Չալաբյանն ասաց․ «Քարոզչության և հակաքարոզչության կոշտ արգելքը, որն այս նախագծով նախատեսված է՝ իրենց տեսանկյունից հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի որոշակիության սկզբունքին։ Դա պահանջ է, որ օրենքով նախատեսված ցանկացած նորմատիվ վարքագիծ պետք է լինի հստակ։ Երբ ձեզ ասում են՝ կուսակցությունների դեմ քարոզչության բացարձակ արգելք, ժամկետն այս արգելքով չի սահմանափակված։ Պարզ չէ՝ ինչ է նշանակում հակաքարոզչություն։

Վաղարշապատի ընտրություններից անմիջապես առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվեց Հովհաննավանքի գրավում՝ ուժային գրավում։ Մենք այդ ուժային գրավման հետ կապված ՀՀ դատախազություն ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին, և դա ներկայացնելու ժամանակ ենթադրաբար ելույթներ ենք ունեցել։ Մենք անկեղծորեն հավատում էինք, որ առերևույթ հանցագործությանը համապատասխանող արարք է տեղի ունեցել։ Մենք ելույթներ ենք ունեցել դրա մասին․ դա հակաքարոզչությո՞ւն է Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ՔՊ թեկնածուի դեմ։ Մեր կարծիքով՝ հակաքարոզչություն չէ։

Այնքան առաձգական է սահմանված այս գաղափարը, որի մեկնաբանությունը միայն ԿԸՀ-ն պետք է տա, ինքը կարող է որոշել՝ ձեզ գրանցո՞ւմ է, թե՞ ոչ՝ ելնելով իր ճաշակից։ Եթե հինգ տարի առաջ որևէ մեկի հասցեին քննադատական խոսք եք ասել, դա ֆորմալ իմաստով այս օրենքի համար հիմք կարող է հանդիսանալ դիտորդական առաքելություն չգրանցելու։ Օրենքով աբսուրդ է նախատեսված։ Սա բացարձակ կամայականություն է»։

Չալաբյանը հավելեց՝ նաև լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ գործող վարչախումբը նոր տերմին է որդեգրել՝ ՀՀ-ի դեմ մղվող հիբրիդային արշավ․ «Եթե նախկինում մեզ պիտակավորում էին՝ նախկիններ, կոռուպցիոներներ, ռուսամետներ, հիմա էլ դարձել ենք հիբրիդային սպառնալիք։ Եթե նշածս ոչ մի պայմանին չեք բավարարում, բայց պայքարում եք իրենց դեմ, դառնում եք հիբրիդային սպառնալիք։ Որոշել են ի վերջո ոտնատակ տալ ժողովրդավարության վերջին մնացորդները։

Չպետք է թույլ տանք, որ վերջին բաստիոնը՝ համապետական ընտրությունները, իրենց գործունեությամբ այլասերեն։ Սա նշանակում է, որ եթե օրինակ ձեզ ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը կամ ԵՄ-ն, դա նորմալ է, իսկ եթե ձեզ ֆինանսավորում է Սամվել Վարդանյանը, նորմալ չէ, քանի որ նա ընդհանրապես կասկածելի վարքագիծ դրսևորող անձ է։ Որևէ օբյեկտիվ չափանիշ չկա։ Ըստ ճաշակի են որոշելու՝ ով է իրենց ձեռ տալիս, ով՝ ոչ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ձևաչափով են մասնակցելու 2026-ի ընտրություններին, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Եթե մենք մասնակցեինք, ավելի հեշտ կլիներ պատասխանելը, բայց քանի որ խոսքը կոալիցիայի մասին է, կարող են տարբեր կոնֆիգուրացիաներ լինել։ Դեռ որոշում չկա»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031