Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» նախագծի շրջանակում ուսումնական այցը միավորեց 6 սահմանամերձ համայնքների կանանց՝ խաղաղաշինական գործընթացներում նրանց կարողություններն ամրապնդելու նպատակով

Հունվար 26,2026 17:37

Խաղաղության մասին քննարկումներն իրական իմաստ են ստանում, երբ դրանց ներգրավվում են սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ։ Առաջին հերթին հենց նրանց համար խաղաղությունը սոսկ փաստաթղթերում կիրառվող գեղեցիկ բառ չէ, այլ գիտակցված ընտրություն, որոշում և պատասխանատվություն։

«Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» նախագծի շրջանակում հունվարի 15-18-ը իրականացված եռօրյա ուսումնական այցը միավորեց Հայաստանի վեց սահմանամերձ համայնքների կանանց՝ խաղաղաշինական գործընթացներում նրանց կարողություններն ամրապնդելու, տեղական մակարդակում նրանց ազդեցությունն ուժեղացնելու նպատակով։

Ուսումնական այցի ընթացքում մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ Արտաքին գործերի նախարարություն Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ տիկին Կարինե Սուջայանի, ինչպես նաև #1325 բանաձևի դրույթների իրականացման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։

Խումբը այցելեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ շատ արդյունավետ քննարկում ունեցավ ՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի՝ Ֆրանսուա Ժակոբի, գրասենյակի՝ խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Արտակ Այունցի և ՄԱԿ Կանանց փորձագետ Օլգա Ազատյանի հետ։

Սահմանամերձ համայնքների կանայք առիթ ունեցան գենդերային կարծրատիպերին ու կանանց մասնակցությանը վերաբերող մի շարք արդիական հարցեր քննարկել նաև ԵՄ դիտորդական առաքելության գենդերային հարցերով խորհրդատու Իսիդորա Ռոսկիչի և նրա գործընկերների հետ։


Այցի շրջանակում քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանն անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Արբեջան խաղաղության ու երկխոսության պրոցեսներին, դրանց ռիսկերին ու հնարավորություններին։

Այնուհետ խումբը ակտիվորեն ներգրավվեց կարողությունների զարգացման դասընթացներում։ ԿԽԱ հարցերով փորձագետ Քնարիկ Մկրտչյանը համապարփակ ձևով անդրադարձավ ՄԱԿ ԱԽ #1325 բանաձևին ու դրա դրույթների իրականացմանն ուղղված Հայաստանի՝ թվով 3-րդ գործողությունների ազգային ծրագրին։

Հոգեբան Սիրվարդ Բեզիրջյանը և լրագրող Հակոբ Կարապետյանն անդրադարձան անկանխատեսելի կամ արտակարգ իրավիճակներում հոգեկան ինքնակարգավորման մեխանիզմներին և սթերսի կառավարմանը, տեղեկատվական աղմուկի մեջ սեփական կողմնացույցը չկորցնելու կարողությանը, լսածն ու կարդացածը քննադատորեն վերլուծելու կարևորությանը։


Գևորգ Տեր-Գաբրիելյանի դասախոսության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան սոցիալական կոնստրուկտի տեսանկյունից դիտարկելու կնոջ, պատերազմի ու խաղաղության թեմաները՝ այդպիսով ընդլայնելով իրենց ընկալումների շրջանակը և խորքային քննարկման տարածք ստեղծել։

Եռօրյա ուսումնական այցը եզրափակվեց գործնական աշխատանքով, որի ընթացքում, համադրելով ստացած գիտելիքներն ու հմտությունները, մասնակիցները մշակեցին կանանց դերն ու ազդեցությունը ընդլայնող փոքր համայնքային նախագծեր։

«Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» նախագիծն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտեի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ՝ Զինված հակամարտությունների կանխարգելման գլոբալ գործընկերության (GPPAC) աջակցությամբ։

Եվրասիա համագործակցության հիմնադրամ-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031