Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց։ Քվեարկության արդյունքում ստացվել էր 214 քվե։ Ձայների մեծամասնությամբ՝ 164 ձայնով, ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Պետրա Բայերը:
Նա ԵԽԽՎ-ում ավստրիական պատվիրակության անդամ է, սոցիալիստների քաղաքական խմբի ներկայացուցիչ։ ԵԽԽՎ պատվիրակ է 2018-ից։ Իր մասին պատմելով՝ նշեց, որ ծնվել է Ավստրիայում, չեխ ընտանիքում․ «Ինձ փոքրուց գրավել է քաղաքացիական ներգրավվածությունը։ 9 տարեկանում առաջին ցույցս եմ իրականացրել դպրոցում, որովհետև կարծում էի՝ ուսուցիչն արդարացի չի վարվել, միացել եմ դպրոցական թերթի գրաքննության դեմ պայքարին»։
Նորընտիր ԵԽԽՎ նախագահը վստահեցրեց՝ պայքարելու է մարդու իրավունքների, հավասարության, մամուլի ազատության, քաղբանտարկյալների ազատության համար՝ լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների։ Ասաց, որ որպես ԵԽԽՎ նախագահ որդեգրելու է կառուցողական քննադատության և բաց երկխոսության քաղաքականությունը։
Նշենք, որ Ստրասբուրգում հունվարի 26-30-ն անցկացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստերի ընթացքում նախատեսվում են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթները, այնուհետև հարցուպատասխան պատվիրակների հետ։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանի ելույթը նախատեսված է հունվարի 28-ին։
Գերմանիայի արդարադատության նախարար Ստեֆանի Հուբիգն էլ կխոսի միջազգային արդարադատության պաշտպանության մասին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































