Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր ընթացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և նույն թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավոր Գարեգին քահանա Արսենյանի դատավարությունը, քննվեց նաև Տեր Գարեգինի խափանման միջոցի հարցը:
Դատախազը պահանջեց նրա նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը երկարացնել երկու ամսով։ Տեր Գարեգինի պաշտպանն առարկեց՝ ասելով՝ 100 օր է՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանան առանց մեղքի զրկված է եկեղեցի մտնելու հնարավորությունից, աղոթելու, իր հոտի հետ շփվելու հնարավորությունից, հազարավոր հավատացյալներ կարոտել են հոգևոր հովվին, սպասում են նրա խոսքին։ Ըստ փաստաբանի, մինչդեռ կան մարդիկ, որոնք իրավունք չունեն այնտեղ ծիսակարգեր կատարելու, գնում են, անում։
Իսկ այդ ամենը, ըստ փաստաբանի, երկիրը տանում է քաոսի, լավ հետևանքներ չի ունենալու։ Տեր Գարեգինը, ըստ պաշտպանի, գտնվելով ազատության մեջ, որևէ ազդեցություն չի կարող ունենալու գործի վրա, ամեն ինչ տրամաբանության հատիկ պիտի ունենա, իսկ այս պարագայում դա բացակայում է։
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի, Մկրտիչ եպիսկոպոսը կալանավայրում կարող է մասնակցել հոգևոր արարողությունների, իսկ իր պաշտպանյալը՝ ոչ։ Փաստաբանը խնդրեց մերժել միջնորդությունը՝ կիրառել վարչական հսկողություն ու չբացակայելու արգելք՝ նշելով, որ անգամ հայրական տունն են գնահատել տվել գրավադրելու նպատակով։
Տեր Գարեգինն ասաց, քանի որ ծնողների հետ է ապրում, տնային կալանքը երկարացնելու դեպքում հնարավորություն տալ քույրն ու եղբայրն այցելեն ծնողներին։
Տուժող ճանաչված կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը հակադարձեց, թե փաստաբանները խոսում են եկեղեցու պղծությունից, բայց իրական պղծություն է տեղի ունեցել, օրենքը պահպանող մարմինը դեռ որևէ գնահատական չի տվել, շարունակելու են եկեղեցիները պղծվել, քանի դեռ նման հոգևորականները շարունակեն իրենց ծառայությունը։
«Դուք շեշտեցիք, որ հազարավոր հավատացյալների հնարավորություն պետք է տալ շփվել քահանայի հետ, հավատացյալներին պետք է այդ բախտին արժանացնել: Նույն կերպ վստահեցնում եմ, որ հազարավոր հավատացյալներ էլ մեզ են ուզում տեսնել եկեղեցու մեջ, ովքեր շփվում են մեզ հետ, մեր ձեռքից ստանում են հաղորդություն: Այս պարագայում մեր շահերի պաշտպանը ժողովուրդն է և հավատացյալները»,- ասաց Ստեփան Ասատրյանը։
Դատարանը որոշեց Տեր Գարեգինի տնային կալանքը երկարացնել մեկ ամսով՝ արգելելով ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություն, օգտվել հաղորդակցության հնարավորությունից, այդ թվում՝ փոստային։ Դատարանը արգելեց շփումներ ունենալ այլ անձանց հետ, բացառության մերձավորների ու փաստաբանի։ Նրան թույլատրեց ամեն կիրակի ժամը 10․00-ից 14․00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել իր բնակավայրում՝ Արմավիրի մարզում գտնվող Սուրբ Առաքելական եկեղեցու պատարագներին։
Ամբողջական դատավարությունը՝ ստորև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»


















































