Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Կարող են չգրանցել դիտորդական առաքելությանը և պատճառաբանել, որ, օրինակ՝ ունեն մի դիտորդ, որը մի քանի տարի առաջ այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել»․ Ատոմ Մխիթարյան

Հունվար 26,2026 18:15 Share

«Մինչև հիմա Ընտրական օրենսգրքում կար ընդամենը երեք պահանջ, որ ներկայացվում էր ՀԿ-ներին կամ հիմնադրամներին, որոնց բավարարելու պարագայում կազմակերպությունները կարող էին իրականացնել տեղական դիտորդական առաքելություն։ Հիմա դրանց թիվը դարձել է 11․ ավելացել է ութ պահանջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «ՀայաՔվեի» դիտորդական առաքելության ղեկավար Ատոմ Մխիթարյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։

Ատոմ Մխիթարյանն այդ պահանջներից առանձնացրեց․ «Պահանջ է, որ առաքելության անվանումը չպետք է ասոցացվի մասնակից կուսակցությունների և դաշինքների անվանման հետ, նույնիսկ ասոցիացիա եթե առաջանա, այդ ժամանակ չի թույլատրվելու դիտորդական առաքելություն իրականացնել։ Ո՞վ է որոշելու՝ ասոցացվո՞ւմ է, թե՞ ոչ․ օրենքը չի պարզաբանում։ Տվյալ կազմակերպության ղեկավար մարմնում պետք է ընդգրկված չլինի քաղաքացի, որը նաև թեկնածու է։

Նախատեսված էր, որ ՀԿ-ն կամ հիմնադրամը չպետք է աջակցի որևէ կուսակցության՝ չեզոքությունից ելնելով, դա նորմալ է։ Հիմա ավելացել է՝ չի իրականացնում «կողմ» կամ «դեմ» քարոզչություն։ Հստակ չէ, թե որ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Դիտորդների վարքագծի կանոնները, որոնք նախկինում պահանջվում էին, որ յուրաքանչյուր կազմակերպություն ունենար, դրանք պետք է ԿԸՀ ներկայացնեն, և նա հրապարակի իր էլեկտրոնային կայքում։ Հավատարմագրման մասին դիմումը ԿԸՀ ներկայացնելու պահից տվյալ կազմակերպությունը պետք է հետևի չեզոքությանը և հրապարակայնորեն որևէ դիրքորոշում չպետք է արտահայտի։ Հրապարակային որևէ խոսք այդ կազմակերպությունը չպետք է ասի, և դա էապես սահմանափակում է ՀԿ-ների գործունեության տիրույթը։ Որևէ կուսակցության թեկնածուի օգտին քարոզչության արգելք․ սա նախկինում կար, հիմա ավելացել է նաև հակաքարոզչությունը։ Հիմա նաև հակառակ որևէ բան չես կարող ասել»։

Ատոմ Մխիթարյանը մտահոգություն հայտնեց, որ ամեն ինչ թողնված է սուբյեկտիվ մոտեցման վրա՝ ԿԸՀ-ի վրա․ «Իսկ քանի որ որոշակի գրված չէ օրենքում, ցանկացած դիտորդական առաքելության, որ կուզենա իրականացնել առաջիկա ԱԺ ընտրություններում իր դիտորդական առաքելությունը, կարող են մերժել, որովհետև կարող են ասել, որ այդ դիտորդական առաքելության մեջ կա մի դիտորդ, որը, օրինակ՝ մի քանի տարի առաջ այսպիսի ֆեյսբուքյան գրություն է արել»։

 

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ատոմ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031