«Նոր օրինագիծը ՔՊ-ին ներհատուկ երկաթյա տրամաբանությամբ սահմանափակում է հասարակական դաշտում դիտորդական կազմակերպությունների գործունեությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվեի» դիտորդական առաքելության ղեկավար Արեգ Սավգուլյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։
Ըստ Արեգ Սավգուլյանի՝ այս օրինագծով ստեղծվում է իր բնորոշմամբ՝ յուրահատուկ «կոմֆորտ զոնա» ՔՊ արբանյակ դիտորդական կազմակերպությունների համար․ «Նրանք զեկույցներ են կազմելու ապագայում։ Մենք ենթադրում ենք, որ դրվում է ապագայում ընտրությունների կեղծման հիմքը հասարակական դաշտում։ Միևնույն ժամանակ դիտորդական կազմակերպությունների ոլորտում ազգային օպերատոր հանդիսացող «ՀայաՔվե» միավորմանը նրբանկատորեն կամ կոպտորեն ուզում են մեկուսացնել։ Ինչո՞ւ է այլ կազմակերպությունների մոտ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրել «ՀայաՔվեի» գործունեությունը, որովհետև 2023-ից ի վեր մասնակցում ենք ՏԻՄ ընտրություններին՝ Երևանի ավագանու, 2025-ին՝ Գյումրու և Փարաքարի ընտրություններին, 180 դիտորդ է մասնակցել, վերջում էլ Վաղարշապատի ընտրություններին ենք մասնակցել։ Կարողացել ենք այս ժամանակահատվածում կատարել մեծ աշխատանք։ Մեր արձանագրած խախտումները վերաբերում են ոչ միայն իշխանական քաղաքական կազմակերպությանը, այլև ընդդիմությանը։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































