Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Արմեն Դուլյան. Հաղպատ

Հունվար 27,2026 08:00 Share

1988 թվականի երկրաշարժը մի փոքր դիպավ Թումանյանի շրջանի Հաղպատ գյուղին և վնասեց Ֆրունզիկ Երզնկյանի տունը։ Ֆրունզիկը սկսեց նոր տան շինարարությունը, իսկ հետո Երևանից եկած քաղաքական հողմերի ազդեցության տակ փակվեց Ալավերդու լեռնամետալուրգիական հսկան, և Ֆրունզիկը հաղպատցիների մեծ մասի նման մնաց առանց աշխատանքի։ Եվ վերջապես, տնտեսական բարեփոխումների հսկայական քամին այնքան բարձրացրեց շինանյութերի գները, որ Ֆրունզիկը ստիպված եղավ ընդհանրապես դադարեցնել նոր տան կառուցումը։ Այս տարի հաջողվեց բետոնապատել տան վերևը. տունն արդեն ունի առաստաղ, բայց առաջվա պես առանց տանիքի է, առանց դռների ու պատուհանների, առանց ներքին հարդարանքի։

Սակայն, ի տարբերություն իր համագյուղացիների, որոնք ավանդաբար հավաքվում են վանքի դիմացի մեծ կաղնու տակ և տրտնջում, որ կյանքը դեպի վատն է գնում, Ֆրունզիկը չի դժգոհում, քանի որ նա հիմա աշխատանք ունի. աշխատում է նախկին շրջանի գրեթե միակ գործող ձեռնարկությունում՝ հացի գործարանում։ Ստանում է ամսական 14 հազար դրամ (մոտ 28 դոլար)։ Բացի դրանից, գործարանի տնօրենությունը աշխատողներից յուրաքանչյուրին թույլ է տալիս ամեն օր անվճար երկուական հաց տանել տուն։ Իսկ դա քիչ չէ, քանի որ հաղպատցիները բոլոր հայերի նման հաց ամեն օր են ուտում, իսկ մեկ մատնաքաշը գյուղում արժի 190 դրամ։ Այսինքն, Ֆրունզիկի աշխատավարձին ամեն ամիս ավելանում է ևս մոտ 20 դոլար։

Կինը՝ Ջուլիետն, առաջ աշխատում էր Ալավերդու պետական գրասենյակներից մեկում։ Բայց հետո բենզինի թանկության պատճառով գյուղի և քաղաքի միջև ավտոբուսային կապը կտրվեց, իսկ ոտքով ամեն օր 10 կմ իջնել Ալավերդի և երեկոյան բարձրանալ գյուղ անհնար էր։ Այժմ ավտոբուսը կրկին աշխատում է, սակայն քանի որ ուղեվարձը 120 դրամ է, և ամսական ստացվում է մոտ 5 հազար դրամ, իսկ աշխատավարձը դրանից այնքան էլ շատ չէ, աշխատելը, միևնույն է, անիմաստ է։ Այսպես բնական ձևով քաղաքը, որը տասնամյակներ շարունակ աշխատանք էր տալիս ու կերակրում շրջակա գյուղերի բնակիչներին, վանեց գյուղացուն, ու դարձ կատարվեց ի շրջանս յուր. գյուղացին հասկացավ, որ պետությունը՝ հողը տալով իրեն, այլևս ոչինչ չի անի իր համար, և ընտանիքին կերակրողը հողն է, այս անասունները, այս մեղուները։

Դեռ երկու տարի առաջ Ֆրունզիկի ընտանիքը միայն ճագարներ էր պահում։ Բայց հետո պարզ դարձավ, որ դրանից օգուտ չկա։ Այժմ նրանք ունեն մի կով։ Ճիշտ է, անտերը քիչ է կաթ տալիս։ Ունեն մի քանի հավ, ճիշտ է, սրանք էլ քիչ են ձու ածում։ Ունեն երկու ուլ և վերջապես՝ հինգ խոզ։ Խոզը հիմա Հաղպատում հարգված կենդանի է, մոտավորապես այնպես, ինչպես կովը Հնդկաստանում։ Վարորդները խնամքով շրջանցում են խոզերին։ Աստված մի՛ արասցե, տակը գցես, տակից դուրս չես գա։ Առաջ խոզերին ամեն տեղից քարերով քշում էին, հիմա նրանք հպարտորեն շրջում են Հաղպատի աշխարհահռչակ վանքի դիմացի հրապարակում, արածում տեղի կոմունիստական գործիչ Կախոյանի հուշարձանի մոտի՝ գազի բացակայության պատճառով մարած անմար կրակի մոտակայքում և բոլ-բոլ ջուր խմում Հաղպատի կոմբջիջի 60-ամյակի առթիվ կառուցված աղբյուրից։ Խոզը հասկացել է, որ ինքը շատ ձեռնտու կենդանի է. 1 կգ միսը այստեղ՝ Լոռվա հյուսիսում, արժե 3 դոլար։ Եթե գարնանը գոճի վերցնես և ամառվա ընթացքում կարողանաս հասցնել մոտ 50 կգ-ի, 150 դոլար կունենաս, 5 խոզից, համապատասխանաբար՝ 750 դոլար։ Շուտով՝ աշնանը, խոզի մսի գինն այստեղ կիջնի։ Բոլորը սկսելու են մորթել։ Բայց դա մեծ հոգ չէ։ Ֆրունզիկի տղան, օրինակ, 24-ամյա Արմենը, մտադիր է միսը գնացքով տանել Արարատյան դաշտ՝ Հոկտեմբերյան կամ Երևան, որտեղ 1 կգ-ը 4 դոլար արժե։ Այնտեղ կվաճառի, էժան բանջարեղեն կգնի և կբերի։ Այնպես որ, օգուտը կրկնակի է լինելու։

Մասնագիտությամբ Արմենը պահածոյագործ է, բայց այդ գործով բախտ չի վիճակվել զբաղվել։ Մինչև ավարտում էր տեղի տեխնիկումը, Ալավերդու երկու պահածոյի գործարաններն էլ փակվեցին։ Բանակից հետո ընկերները հորդորում էին ոստիկան դառնալ։ Ոստիկանի աշխատանքը այստեղի և ոչ միայն այստեղի երիտասարդության համար ամենացանկալի մասնագիտությունն է դարձել։ Դրա պատճառները երեքն են՝ ամեն ինչ կազմալուծվում ու փակվում է, իսկ ոստիկանությունը հավերժ է։ Ոստիկանը իր շրջապատում հարգված մարդ է, և վերջապես՝ ոստիկանը միշտ էլ ապրուստի միջոց կունենա։ Արմենը, սակայն, ոստիկան չդարձավ։ Եկավ գյուղ, օգնում էր հորը։ Իսկ այժմ Հաղպատում մանրատախտակի՝ պարկետի մի փոքր արտադրամաս է բացվել, որտեղ նա արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է և 60 դոլար ստանում. հորից երկու անգամ ավելի։ Եվ հորից երկու անգամ շատ ստացողի իրավունքով ու շռայլությամբ հորը նվեր էր գնել՝ նոր կոշիկ։ Բայց վերապահում արեց՝ երկու ծնունդ պիտի գնամ, հագնեմ, հետո նոր քեզ կնվիրեմ։ Վերջը այդպես էլ չնվիրեց։

Իսկ ընդհանրապես, հաղպատցիները սպորտային հագուստ են նախընտրում։ Ամբողջ գյուղը՝ ահել ու ջահել, կողքի Սադախլոյից բերված կորեական ու չինական արտադրության սպորտային համազգեստներով է ման գալիս, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս լեռներում կանանց ու տղամարդկանց մի համատեղ հավաքական է բնակվում։ Սակայն սպորտային յուրօրինակ այդ թիմի անդամների վիճակը տարբեր է։

Ֆրունզիկենց տան դիմաց, օրինակ, մի երիտասարդ ընտանիք է բնակվում։ Խնայդրամարկղու՛մ։ Խնայդրամարկղը վաղուց արդեն չի գործում, վերջին տարիներին շատ բան տեսած հաղպատցին, որի խորհրդային խնայողություններն այդ հիմնարկը մի գիշերում կուլ տվեց, ու վերադարձրեց մի հացի գնի չափով, ու այլևս մեկ դրամ էլ ի պահ չի տա։

Խորհուրդը ի վերջո որոշեց խնայդրամարկղը հատկացնել այս զույգին, որը գժտվել էր ծնողների հետ և ապրելու տեղ չուներ։ Եվ քանի որ խնայդրամարկղ կառուցողները ո՛չ ապրելու համար կենցաղային պայմաններ էին նախատեսել, ո՛չ հողամաս, ո՛չ էլ անասուն պահելու հարմարություններ, այդ ընտանիքի վիճակը ծանր է։ Հայրը, այսպես ասած՝ մանր գործ է անում. այսինքն, փորում է սրա-նրա բանջարանոցը, սրա-նրա համար փայտ կտրում կամ խոտ հնձում։ Նա լավ ձայն ունի, ասում են՝ գյուղում ամենալավ ձայնը։ Եվ գյուղի տղերքը երեկոյան մեկ-մեկ նրան երգացնում են 20 դրամով։ Ինը երգով կարելի է մի մատնաքաշ գնել։

Այս ընտանիքի հարևանությամբ մի այլ՝ մեծ ընտանիք է ապրում, բոլորը՝ կանայք։ Տղամարդիկ կա՛մ հեռացել, կա՛մ մահացել են։ Մնացել է մեկը՝ 75 տարեկան բիձեն, որի պարտականությունն է՝ ամառվա ընթացքում ամեն օր անտառից մի մեծ փայտ բերել ձմեռվա համար։ Առաջ էշով էր բերում, բայց անցած տարի էշը սատկեց։ Աշխատունակ կանայք վաղ առավոտից նույնպես անտառում են, բայց ուրիշ գործով՝ հոն ու մոշ են հավաքում։ Սակայն Լոռվա այս բարիքները, ինչպես իրենք են ասում՝ շուտով կհատնեն, ու կմնա էժան ծխախոտի ու օղու վաճառքը։ Հաղպատցիները գրեթե բոլորը ծխում են ու՝ շատ։ Գրեթե բոլորը խմում են ու թունդ. 60 աստիճանից ոչ պակաս։ Բայց օղու վաճառքով այստեղ չես ապրի. բոլորը իրենք են քաշում։

Երեկոյան կողմ գյուղի տղերքը հավաքվում են վանքի դիմացի նորաբաց սրճարանում՝ իրենց թորած օղիով, ու խմում են, քանի որ գարեջուր, կոկա կոլա խմելը մեծ շռայլություն է։ Ռուսաստանյան ռուբլին, որը դեռ վերջերս շրջանառության մեջ էր Հայաստանի հյուսիսում, այժմ գրեթե լիովին դուրս է մղվել ազգային կայուն տարադրամի կողմից, սակայն պահպանվել է Ռուսաստանի մշակութային ազդեցությունը։ Եթե առաջ, մանավանդ կիրակի օրերին առավոտյան մշուշի միջից վանքից գյուղով մեկ տարածվում էր Կոմիտասի «Պատարագը»՝ Լուսինե Զաքարյանի ձայնագրությամբ, ապա այժմ օր ու գիշեր վանքի դիմացի սրճարանից հնչում է «Իվանուշկի Ինտերնեշընըլ» համույթի կամ ռուս երգչուհիների զիլ ու թովիչ ձայնը։

Մինչև հաջորդ ամառ Ֆրունզիկը կվաճառի իր 5 խոզերին և անպայման կավարտի տան շինարարությունը։ Տղան՝ Արմենն էլ անպայման նոր կոշիկ կգնի հոր համար։ Տան բակում մեծ սեղան կգցեն, կմորթեն ուլերից մեկին, Ֆրունզիկը կհանի իր հանրահայտ համար 5 շտոֆը թթի օղու, միգուցե նույնիսկ տեղի քահանային կկանչի։ Բայց չէ՛, չի կանչի, քանի որ այդ նույն քահանայի վկայությամբ, հաղպատցիները, որոնց նախնիները դարեր առաջ կառուցել են այս հոյակերտ վանքը, այժմ համատարած անհավատներ են դարձել։ Քեֆն, այնուամենայնիվ, կլինի, ու դեռ էլի քեֆի առիթներ կլինեն. դեռ աղջկան ամուսնացնել կա, դեռ տղային ամուսնացնել կա, դեռ երկար ու տանջալից , տեղ-տեղ էլ երջանիկ մի կյանք կա՝ այս հին հայկական գյուղում, նոր հայկական գյուղում՝ հրաշք Լոռվա լեռնային սրտում։

Արմեն ԴՈՒԼՅԱՆ

1997 թվական, սեպտեմբեր, գյուղ Հաղպատ

 («Ազատություն» ռադիո, 1997 թ.)

(Ռեպորտաժի բնօրինակը՝ ձայնային տարբերակը, աուդիո ժապավենի վրա շատ վաղուց է անցկացվել, և արդեն իսկ հնչում էր որոշ չափով աղավաղված։ Ապա թվայնացնելիս եղավ որակի որոշակի կորուստ։

Կից լուսանկարն արված է նույն 1997-ի սեպտեմբերին, «Ազատության» Երևանի գրասենյակում)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031