Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ ու ողջամիտ նախաձեռնությունը գործնականում վերածվում է կազմակերպչական քաոսի, պատճառ դառնում առողջապահության ոլորտում նոր խնդիրների. «Փաստ»

Հունվար 27,2026 10:56
apahovagrutyun

Չնայած այն հանգամանքին, որ պարտադիր առողջապահական ապահովագրությունը միջազգային մակարդակով ճանաչված և արդյունավետ փորձարկված մեխանիզմ է՝ բնակչության բժշկական ծառայությունների մատչելիությունն ու որակը բարձրացնելու, սոցիալական արդարության և ֆինանսական ռիսկերի հավասարաչափ բաշխման նպատակով, Հայաստանի դեպքում բարեփոխումը մեկնարկեց առանց խորքային վերլուծության, առանց համակարգային պատրաստության և առանց անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ տեսականորեն ճիշտ ու ողջամիտ նախաձեռնությունը գործնականում վերածվում է կազմակերպչական քաոսի, պատճառ դառնում հանրային դժգոհության ու առողջապահության ոլորտում նոր խնդիրների։

Armed տեղեկատվական համակարգի թերի աշխատանքը, տվյալների մուտքագրման և փոխանակման դժվարությունները, հաճախակի տեխնիկական խափանումները ոչ միայն դանդաղեցնում են բժշկական սպասարկման ընթացքը, այլև խորացնում են բուժաշխատողների և քաղաքացիների դժգոհությունը։ Տեխնիկական խնդիրները հատկապես ծանր հետևանքներ են ունենում գյուղական կամ մարզային բուժհաստատություններում, որտեղ առանց այն էլ առկա է ռեսուրսների պակաս, կադրային խնդիրներ և տեխնոլոգիական թերություններ։

Ֆինանսական տեսանկյունից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը նույնպես հղի է լուրջ ռիսկերով։ Կան մտավախություններ, որ պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսները չեն բավարարի համակարգի բոլոր շահառուների բժշկական ծախսերը հոգալու համար։ Հատկապես խոցելի խմբերի՝ թոշակառուների, նպաստառուների, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված միջոցները կարող են արագ սպառվել, ինչն արդեն տարեսկզբին մտահոգության առիթ է դարձել։ Եթե ֆինանսավորումը բավարար չլինի, ապա գործնականում կարող է ձևավորվել հերթերի, սպասման ժամկետների երկարացման, ծառայությունների որակի անկման նոր իրականություն, ինչը հակասում է համակարգի ներդրման հիմնական նպատակին։

Ավելին, լուրջ խնդիր է դարձել որոշ դեպքերում կրկնակի ապահովագրության հավանականությունը, երբ որոշ գործատուներ արդեն իսկ ապահովագրում են իրենց աշխատակիցներին, բայց վերջիններս նաև ընդգրկվել են պարտադիր ապահովագրության ծրագրում, ինչն ուղղակի անհեթեթ վիճակ է ստեղծում:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031