Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Մեր իրավապահ մարմինների համար իրենց իսկ տարածքից գողության դեպքերը դարձել են սովորական երեւույթներ. «Հրապարակ»

Հունվար 27,2026 11:37 Share

Hraparak.am-ը գրել էր, որ դեկտեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Արշակ սրբազանի քրեական գործում տրագիկոմեդիկ զարգացումներ կան, եւ նախաքննության մարմինը խուճապի մեջ է։ Պարզվում է, մեղադրանքի համար հիմք հանդիսացող միակ «իրեղեն ապացույցը»՝ թմրախոտի գլանակը, Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է:

Փաստաբան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նախադեպ է սա եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։ Նա ասաց․ «Ակնհայտ է, որ եթե պրոցեսը հավասար պայմաններում դիտարկեինք, ապա թմրամիջոցների իրացման հանցակազմի պարագայում, եթե իրացման առարկա առկա չէ, ապա անհնար է դառնում դրա չափի մասին խոսելը։ Եթե իրավական մաթեմատիկային՝ տրամաբանությանն ենք նայում, ապա ինչ-որ մեկը ցուցմունք է տվել, որ ինչ-որ մեկից ձեռք է բերել թմրամիջոց, կամ ինչ-որ մեկն իր պայուսակի մեջ թմրամիջոց է գցել եւ այլն։ Թմրամիջոցի առկայությունը միայն կարող է հստակեցնել, թե ինչ հոդվածի մասին պետք է խոսք գնա, եւ ըստ դրա միայն կայացվի որոշում։ Եթե չկա ապացույց, ապա չեն կարող ասել՝ թմրանյութի չափը զգալի՞ էր, առանձնակի՞ զգալի էր, թե՞ խոշոր չափերով։ Չկա ապացույց, չկա թմրանյութի չափ։ Սա իրավաբանական թեորեմ է՝ եթե չկա ապացույց, ապա պետք է խոսվի ամենանվազ չափի մասին, բայց ես կարծում եմ, որ այս գործի շրջանակներում այս տրամաբանությունը չի գործելու։ Ես հենց Ձեզ հետ զրույցում էլ նախորդ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ իշխանության հիմնական նպատակն այս գործում այն է, որ Արշակ սրբազանի անունը հասարակության հիշողության մեջ ասոցացվի թմրանյութերի հետ։ Սրբազանն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ չի օգտագործել՝ սա իշխանական քարոզչության համար գլխավոր հանգամանք չէ։ Ամեն դեպքում, իրացված թմրամիջոցի բացակայությունը խոսում է այդ հոդվածի ամենանվազագույն մասի մասին»։
Հարցին՝ ինչպե՞ս կարող է իրավապահ կառույցից ապացույց անհետանալ, Պողոսյանն ասաց․ «Մենք այդ առումով չպետք է զարմանանք, քանի որ սա նորություն չէ։ Գումարից սկսած մինչեւ ամենահասարակ բաները կարող են անհետանալ իրավապահների ձեռքից։ Վերջերս քննչական մարմնից անհետացել էր իրեղեն ապացույց հանդիսացող 500 հազար դոլարը։ Այդ մասին հանրությունն իմացավ, քանի որ խոսքը բավականին մեծ գումարի մասին էր, նման դեպքեր էլի են լինում, սակայն ոչ միշտ է այդ մասին աղմուկ բարձրանում։ Մեր իրավապահ մարմինների համար իրենց իսկ տարածքից գողության դեպքերը դարձել են սովորական երեւույթներ, կարող ենք շատ տարբեր վարկածներ մտածել, արդյո՞ք գողություն է կատարվում, գուցե անփութությո՞ւն է, գուցե դիտավորությո՞ւն։ Ամեն դեպքում, նախորդ Քրեական օրենսգիրքն իրեղեն ապացույցների ոչնչացումը կամ փոփոխությունը նախատեսում էր որպես քրեական հանցագործություն։ Հիմա նույնպես իրեղեն ապացույցի անհետացումը քրեական հանցագործություն է, սա կարող եմ պնդել, սակայն նոր օրենսգրքում ապացույցի անհետացումը չի համարվում քրեական հանցագործություն»։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031