Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելույթ ունենալով 74–հազարանոց «Հրազդան» մարզադաշտում՝ մենք փաստորեն օրը մեջ, պատկերավոր ասած, հանձնում էինք պետական քննություն». «Արարատ–73» փառավոր թիմի ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն եւ Էդուարդ Մարգարովը՝ ֆուտբոլային գիտակների ակումբի հյուրեր

Հունվար 27,2026 13:23

Նիկիտա Սիմոնյանը փաստեց, որ հայերը կարող են նաեւ թիմային սպորտաձեւերում հասնել հաջողության, ինչի ապացույցն է 1973 թվականին «Արարատ» թիմի ՀՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր դառնալը։ Այս մասին ֆուտբոլային գիտակների ակումբի քննարկմանը հայտարարեց նրա նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Տիգրան Հովհաննիսյան

Ըստ նրա՝ Նիկիտա Սիմոնյանին հաջողվեց համախմբել եւ առանց վարանելու տանել իր թիմին դեպի մեծ հաղթանակներ՝ կոտրելով այն կարծրատիպը, որ հայերը միայն անհատական սպորտաձեւերում կարող են հաջողությամբ հանդես գալ։

Հունվարի 25–ին ֆուտբոլային գիտակների ակումբի քննարկումը նվիրված էր ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին։ Մեծ ֆուտբոլիստը եւ մարզիչը կյանքից հեռացավ անցյալ տարվա նոյեմբերի 23–ին Մոսկվայում 99 տարեկան հասակում։ Քննարկման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։

Այնուհետեւ այս հավաքի հովանավոր, «Ավերս» ընկերության տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ իր սերը դեպի ֆուտբոլը սկսվեց «Արարատ–73» թիմից, երբ ակումբը նվաճեց Սովետական Միության առաջնության չեմպիոնի տիտղոսը եւ գավաթը։ Այդ թիմի բոլոր անդամներին նա կարող է նույնիսկ անգիր ասել անուն-ազգանունով եւ իրենց ֆուտբոլային համազգեստի համարներով։ «Ինչպես բոլոր հայերը, ես շատ հպարտացել եմ իրենց հաղթանակով եւ բարձր եմ գնահատում Նիկիտա Սիմոնյանի ավանդը հայրենի ֆուտբոլի զարգացման գործում, քանի որ հենց նրա օրոք «Արարատը» դարձավ դուբլի հեղինակ»,– նշեց Շահբազյանը։

Այս անգամ ակումբի քննարկմանը մասնակցում էին նաեւ ոսկե դուբլի հեղինակներ, «Արարատ–73» փառավոր թիմի ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն եւ Էդուարդ Մարգարովը։

«Երբ Նիկիտա Սիմոնյանը գլխավորեց «Արարատ»–ը` թիմն արդեն կայացած էր։ Մենք 1971 թվականին արդեն վերցրել էինք արծաթե մեդալներ, ինչը համարվում էր մեր երկրի համար ռեկորդային, քանի որ ակումբը լավագույն դեպքում գրավում էր 8–10 տեղերը»,– պատմում է թիմի անփոփոխ 7–րդ համարը, կիսապաշտպան Բոնդարենկոն։

Նա նույնիսկ հիշեցրեց Սիմոնյանի խոսքերը, որը նշել էր, որ ստանձնելով գլխավոր մարզչի պաշտոնը, նա ոչինչ չփոխեց թիմում։ «Կարգապահություն կար, հարգանք կար, եւ ամենակարեւորը՝ կար ժողովրդի սերը: Ելույթ ունենալով 74–հազարանոց «Հրազդան» մարզադաշտում՝ մենք փաստորեն օրը մեջ, պատկերավոր ասած, հանձնում էինք պետական քննություն։ Մենք այդ օրերին ապրում էինք ֆուտբոլով՝ վերլուծելով մեր ամեն մի խաղը։ Նիկիտա Պավլովիչը այն մարդն էր, որ այդ ամենն օգտագործեց»,– նշեց Բոնդարենկոն։ Նա գտնում է, որ Սիմոնյանը շատ մարդկային էր, եւ նրան Սերգեյը հաճախակի դիմում էր «պապա» դիմելաձեւով։

Սերգեյը հիշեց վերջին զրույցը Սիմոնյանի հետ, որը տեղի ունեցավ անցյալ տարի Մոսկվայում նրա ծննդյան 99-րդ տարեդարձին։ Մարզիչն ասաց, որ հետաքրքիր զուգադիպություն է՝ նա 99 տարեկան է եւ որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել 9 համարի տակ, այսինքն՝ հիմա ստացվել է երեք 9։ Բոնդարենկոն էլ արձագանքել է, որ ինքն էլ հիմա 77 տարեկան է, իսկ հանդես է եկել «Արարատում»՝ կրելով 7 համարի համազգեստ։

Էդուարդ Մարգարով

Էդուարդ Մարգարովը նշեց, որ, իհարկե, իրենք սկսեցին լավ խաղալ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ, բայց ինքը մի առիթով ասել է բոլոր տղաներին, որ եթե հիմա չհաղթեն ԽՍՀՄ առաջնությունում, ապա էլ երբեք չեն կարողանա դա անել։ Հարձակվողը գտնում է, որ այդ ժամանակ ոսկե կազմ էր հավաքվել , եւ այդպիսի թիմ կարող է էլ չլիներ։ Նիկիտա Սիմոնյանին նա համարեց սուրբ մարդ, որն ուներ մարդկանց հետ շփվելու բարձր մակարդակի ունակություն։ Եթե նույնիսկ թիմում խաղի ժամանակ ինչ–որ մեկը սխալվում էր, Սիմոնյանը երբեք բոլորի ներկայությամբ չէր խրատում նրան, հակառակը՝ ասում էր ոչինչ, որ սխալվել ես, բայց կարող էր այդ ֆուտբոլիստի հետ առանձին զրուցել եւ վերլուծել խաղի այդ դրվագը։

Ի դեպ, օրերս «Արարատ–73» թիմի լեգենդար ֆուտբոլիստները հրավիրված են Մոսկվա՝ մասնակցելու «Ոսկե դուբլ» ֆիլմի շնորհանդեսին, որը նվիրված է 1973 թվականին Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ իրենց թիմի հաղթական վերելքին։ Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, հովանավորը՝ «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։

Հովհաննես Տիգրանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031