Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է, որ մեր մատաղ սերունդը ծանոթանա մեր բանակի պատմությանը, ճանաչի իր իսկական հերոսներին

Հունվար 27,2026 15:47

«Բանակը մեր պետության և ազգի աչքի լույսը պետք է լինի, բանակին շատ միջոցներ պետք է հատկացնել, առանց ափսոսալու և շռայլորեն, որովհետև տրվածը վերադառնալու է տասնապատիկ՝ իբրև ուժեղ բանակ, իբրև մեր բոլորի անպարտ թև ու թիկունք»:

Վազգեն Սարգսյան

34 տարի առաջ, երբ տարբեր կամավորական ջոկատներ, խմբեր մարտնչում էին Արցախում, ՀՀ սահմաններն էին պաշտպանում, կարևորվեց պետական բանակ ունենալը։ Եվ 1992 թ․ հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Պաշտպանության առաջին նախարարն էր Վազգեն Սարգսյանը։

Հունվարի 26-ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում մեծ ոգևորությամբ նշվեց Հայոց բանակի օրը։

Հայոց հազարամյա պատմությունը հարուստ է մեր բանակի սխրանքների, հաջողությունների, անհաջողությունների մասին հիշողություններով։ Եվ նույն հիշողություններով էլ վերածնվեց, վերակազմավորվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակը՝ հիմք ունենալով երկրապահ ջոկատները, «Անկախության բանակ»-ը, Հայոց ազգային բանակը և այլ ռազմական միավորումներ։ Եվ օրվա խորհրդին համահունչ՝ դպրոցի բակում, չնայած ցրտին, շարված էին կրթօջախի սաները՝ դասարան-դասակ կազմերով, իրենց հրամանատարներով։

Դպրոցի զինղեկ, պահեստազորի գնդապետ Հովհաննես Քերոբյանը տնօրեն Անուշ Նավասարդյանին զեկուցեց՝ աշակերտները պատրաստ են երթի՝ ինչպես զինվորը։ Հնչեց Հայոց Օրհներգը, այնուհետև Ա․ Նավասարդյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Հայոց բանակի օրվա առթիվ՝ իր սաներին մաղթելով բարին։

Դպրոցի ռազմահայրենասիրական և դաստիարակչական գծով ուսուցչի օգնական Գոռ Մանուկյանի հրահանգով սկսվեց զինվորական երթը՝ դրոշակակիր դասակի առաջնորդությամբ։ Հանդիսավոր երթին ներկա էին Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ՝ ղեկավարի տեղակալ Մ․ Ասլանյանի գլխավորությամբ, ուսուցիչներ, ծնողներ, բազում հյուրեր։

Նույն օրը դպրոցի միջանցքում՝ Աշոտ Նավասարդյանի կիսանդրու դիմաց, բացվեց նաև տողերիս հեղինակի՝ Հայոց բանակի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես։ Լուսանկարներում մեր բանակի պատմությունն է՝ սկսած 1989 թ․ Բերդաձորից, երբ առաջին ջոկատներն անցան Արցախի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան՝ պաշտպանելու բոլոր կողմերից օղակված հայոց 4 փոքր գյուղերի բնակչությանը։ Կան լուսանկարներ, որոնցում արդեն 1990-ական թվականների պատմությունն է․ Շուշի, Լաչին, Վահան գյուղ, Արցախի Մարտունի, Ավետարանոց և այլն։

Հետագայում, երբ բնակություն հաստատեցի Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, աշխատանքի բերումով հաճախ էի շփվում Արցախի պաշտպանական բանակի տարբեր զինվորական կառույցների հետ։ Բնական է՝ նաև լուսանկարում էի։ Հաճախ լինում էի առաջնագծում․ տոնական օրերին մեր զինվորներին նվերներ, աշակերտների նամակներ էինք տանում։ Առաջնագծում ու զորամասերում եղա նաև ռազմական գործողությունների ժամանակ՝ 2014թ․ օգոստոսին, 2016 թ․ ապրիլ-հուլիս ամիսներին, հետագայում։ Եվ այդ ժամանակների լուսանկարներ շատ են։

Ցավ է՝ լուսանկարներում եղած հերոսներից շատերը, հատկապես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, մնացին հավերժ զինվոր։ Ցուցահանդեսին ներկա էին նաև նույն Հերոսների հարազատներ, մարտական ընկերներ, քաշաթաղցիներ։ Ինձ համար առավել կարևոր է, որ մեր մատաղ սերունդը ծանոթանա մեր բանակի պատմությանը, ճանաչի իր իսկական հերոսներին, ովքեր ոտքի ելան, պաշտպանեցին ու ազատագրեցին Արցախը, ովքեր հերոսաբար պաշտպանում էին մեր հայրենիքը։

Այցելուները լուսանկարներում գտնում էին հարազատին, ծանոթին, բարեկամին, որոնց մեջ կային նաև Անմահ Հերոսներ։ Հուշեր էին պատմում նրանց մասին՝ ցավով ու հպարտությամբ։

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031