Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների ձայնը պետք է լսելի դարձնել աշխարհում. Արցախի կորստի մասին պատմող ֆիլմի ֆրանսիական արձագանքները

Հունվար 27,2026 17:42

ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո «Voices of hope» հիմնադրամի եւ ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության Արցախի կորստի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է Փարիզի քաղաքապետարանում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանը, այն բավականին լավ է ընդունվել: Նրա փոխանցմամբ, Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ անգամ հայտարարել է, թե փետրվարի սկզբին Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների լուսանկարները ու բարձրաձայնելու են խնդրի մասին:

Լուսանկարում՝ «All prime group» ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանը եւ Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան

Ինչ վերաբերվում է «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմին, ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանությունից փրկված ու բռնի տեղահանված 6 արցախցու օրինակով ներկայացվում է 120 հազար արցախցիների ճակատագիրը:

«Դուք չունեք նավթ, գազ, գուցե այդ պատճառով էլ Արցախում կատարվածը որոշներին հետաքրքիր չէ: Ցավոք, դա շատ տեսանելի է, հատկապես, երբ տեսնում ենք, որ այլ հակամարտությունների մասին խոսում են միշտ եւ ամենուրեք, ուստի կարծում եմ, որ արցախցիների ձայնը եւս պետք է լսելի դարձնել աշխարհում»,-մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ասել է Փարիզի փոխքաղաքապետը: Արնո Նգաչան նաեւ հույս է հայտնել, որ արցախցիները մի օր կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք, դրա համար պետք է ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի աշխարհում հարցերը չլուծվեն միայն ուժի իրավունքով։

«Սա փոքրիկ ֆիլմ է ընդամենը, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ ավազահատիկներից մեկն է ի վերջո կոտրում ուղտի մեջքը: Թող սա այն փոքրիկ հատիկներից մեկը լինի, որը մի օր կկոտրի անարդարության ուղտի մեջքը»,- ասել է «All prime group» ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանը:

«Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է նաև Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում՝ Թուլուզի հայկական ընկերակցության նախաձեռնությամբ: «Մենք գիտենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ճնշել Հայաստանին՝ անընդհատ փոքրացնելով Հայաստանի տարածքը »-ասել է Թուլուզ մետրոպոլի փոխնախագահ, Թուլուզի քաղաքապետի տեղակալ Ժան-Կլոդ Դարդելեն եւ ընդգծել, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը պետք է ցուցադրվի միջազգային հարթակներում, աշխարհին հիշեցնելով, որ Արցախի 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածք՝ սպանեց էթնիկ հայերին, 120 հազար մարդու էլ դատապարտեց բռնել գաղթի ճանապարհը՝ միջազգային լիակատար լռության պայմաններում:

Ֆիլմի արցախցի համահեղինակ Արայիկ Սարգսյանը նշել է, որ ցավ է ապրում, երբ Արեւմուտքում կարեւորվում է, օրինակ, Ուկրաինայի, Գազայի խնդիրը, իսկ Արցախի հարցը մնում է լուսանցքում:

Հավելենք, որ Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմի ֆրանսիական ցուցադրություններն ավարտվել են Նիսում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031