Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկություններով՝ Արցախից ՀՀ տեղափոխված 11 հայերը վերջին մի քանի ամիսներին պահվել են «Դղյակ» հյուրանոցում՝ սահմանափակումների տակ։
«Վերջին ամիսներին ընտանիքների անդամների հետ շփման բացակայության պայմաններում են եղել այդ անձինք․ եթե մինչ այդ հնարավորություն ունեին խոսել ընտանիքի անդամների հետ, վերջին շրջանում չունեին այդ հնարավորությունը։ Մի մասի վրա կան խոշտանգման, բռնության հետքեր, մի մասի վրա՝ չկան։ Ինչքան հասկանում եմ՝ ադրբեջանցիների կողմից սադրանքներ են եղել, բոլորին փորձել են սադրել, որ վեճեր հարուցեն։ Մի մասը տրվել է այդ սադրանքներին, վեճեր է ստեղծել, մի մասը չի տրվել։ Դրա համար մի մասի վրա կան խոշտանգման հետքեր, մի մասի վրա՝ չկան։ Ըստ էության՝ նրանք իրապես վտարվել են Արցախից, ոչ թե Հայաստան տեղափոխվելու իրենց ցանկությունն են հայտնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը։
Անդրադառնալով ՀՀ տեղափոխվող հայերի հետ եկող, Բաքվի դատարաններում Ռուբեն Վարդանյանի ու մյուս ռազմագերիների դեմ ցուցմունքներ տված Միշա Գրիգորյանի՝ ճանապարհի կեսից Արցախ վերադառնալու լուրին՝ պարոն Ստեփանյանը հաստատեց տեղեկությունը․ «Չգիտեմ՝ ինքն է խնդրել, թե չի խնդրել կամ ինչի համար է խնդրել, բայց ունեմ այդ տեղեկությունը, որ բերվում էր, ճանապարհից հետ է ուղարկվել»։
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Պետրոսյանը տեղեկություն էր հայտնել, որ Միշա Գրիգորյանն ինքն է խնդրել ադրբեջանցիներին, որ իրեն ՀՀ չուղարկեն՝ ասելով, թե Հայաստանում իրեն կսպանեն։
Կարդացեք նաև
Արցախի ՄԻՊ-ի տեղեկություններով՝ այս պահին Արցախում երկու հայ է մնացել՝ Միշա Գրիգորյանը, որ ճանապարհի կեսից վերադարձվել է, և մի տարեց կին, որին ի սկզբանե ՀՀ տեղափոխվող հայերի մեջ չեն էլ ներգրավել․ «Իմ հաշվարկների հետ էլ համընկնում էր, ես պնդում էի՝ 13 հոգի է այնտեղ մնացել, ու երբ հայտարարվեց 11 հոգու տեղափոխման մասին, ես ասացի՝ այնտեղ ուրեմն էլի մարդ է մնում, հետո որ հաշվեցինք, իմ հաշվարկը ճիշտ էր»։
Գեղամ Ստեփանյանը պատմեց, որ ՀՀ տեղափոխվող հայերից մեկն ուներ ոսկե խաչ՝ շղթայով, ու վերջին պահին ադրբեջանցիները փորձել են վերցնել դա, սակայն չեն կարողացել․ «Փորձել են վերցնել, սակայն ինքը չի տվել»։
Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ ՀՀ վերադարձածներից մի մասն արդեն իրենց ընտանիքի անդամների հետ է, մի մասն էլ դեռ խնամքի կենտրոններում է։
«Սա հաստատ ինքնակամ լքում չէր։ Սա էթնիկ զտման հերթական կամ վերջին արարն էր։ Սա տեղի է ունեցել ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ այդ մարդկանց պարզապես վտարել են»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































