Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ընդդիմադիրները «ռսի շպիոն» են

Հունվար 28,2026 09:00

Արտաքին հետախուզության ծառայությունը բացահայտել է «հիբրիդային սպառնալիքները»

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակել, որտեղ, ըստ էության, կրկնել է իշխանության քարոզչության նարատիվները՝ հիբրիդային պատերազմի մասին:

Նախ՝ զեկույցում միանգամայն ճիշտ նշվում է, որ այդ հասկացության համընդունելի կամ միջազգային կոդիֆիկացված սահմանում առայժմ չկա: Այո, չնայած որոշ քաղաքագետներ (օրինակ, ամերիկացի Ֆրենք Հոֆմանը՝ նախկին ծովային սպա) այդ հասկացությունը կիրառում են, այնուամենայնիվ, դա ավելի շատ քարոզչական, հրապարակախոսական եզր է, որը Հայաստանում օգտագործվում է բացառապես Փաշինյանի ընդդիմախոսներին պիտակավորելու համար:

Որեւէ նորություն, որը կբնութագրի այսօրվա իրավիճակը, այդ հասկացությունն, իմ կարծիքով, չի պարունակում: Օրինակ, հայտնի է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Պարսկաստանն ու Հունաստանը ոչ միայն ռազմի դաշտում էին կռվում, այլ իրար դեմ քարոզում էին, իրար սպառնում էին, հակառակ կողմում լրտեսներ եւ գործակալներ էին պահում: Տեխնոլոգիաները եւ, մասնավորապես, տեղեկատվության կրիչներն, իհարկե, փոխվել են, իսկ էությունը՝ ոչ: Եթե այդ եզրն այդքան կարեւոր է, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանն, անշուշտ, հիբրիդային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, իսկ Ադրբեջանը՝ մեր դեմ:

Բայց իշխանությունը, նաեւ այս զեկույցում, «հիբրիդային պատերազմ» ասելով, նկատի ունի ամենեւին ոչ Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ բացառապես Ռուսաստանը: «Արտաքին դերակատարներ», առաջին հայացքից, անորոշ ձեւակերպման տակ, այս զեկույցն ակնհայտորեն նկատի ունի հենց այդ երկիրը: Ինչպես ասում է կապիկը հայտնի խորհրդային մուլտֆիլմում՝ «չենք ասի, թե ով է, բայց դա փղիկն էր»:

Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել, որ այդ ակնհայտորեն չար ուժերին վերագրվում է խաղաղության հաստատման վարկաբեկումը եւ TRIPP-ի վրա ազդեցություն ունենալու ուղղությամբ գործողությունները: Թուրքիան եւ Ադրբեջանը ոգեւորված են թե՛ «խաղաղությամբ» (երբ առանց կրակելու ստանում են այն, ինչ ուզում են), թե՛ TRIPP-ով: Իսկ նրանք, ովքեր ասում են, որ խաղաղություն չի հաստատվել կամ՝ որ TRIPP-ը բազմաթիվ վտանգներ է պարունակում, նրանք գործում են Հայաստանի դեմ եւ «ռսի շպիոն» են: Իհարկե, զեկույցում այդպես չի գրված, բայց, ըստ էության, ասածը հենց դա է:

Զեկույցի բաժիններից մեկի վերնագիրը հետեւյալն է. «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում»: Այստեղ որոշակի հստակություն է պետք. «հոգեւորը» պարզ է՝ բոլոր այն հոգեւորականները, որոնք հրաժարվում են մտնել Փաշինյանի գրպանը, ռուսական լրտեսներ են: Իսկ մշակութայի՞նը՝ ո՞ր երաժշտական կոլեկտիվներում, ո՞ր թատերախմբերում է, որ վխտում են ՌԴ ազդեցության գործակալները: Իսկ գուցե պարայի՞ն խմբերի արտիստներն են, ինչպես Բուբա Կաստորսկին էր առաջարկում, պարի միջոցով գաղտնի տեղեկություններ հաղորդում:

Ի դեպ, ինչո՞ւ է ռուսական գործակալներով ու լրտեսներով զբաղվում Արտաքին հետախուզության ծառայությունը, որի հիմնական գործառույթը, կարծես թե, արտապետական հետախուզությունն է՝ արտերկրում տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը Հայաստանի ազգային շահերի համար։ Իսկ գործակալներն ու «շպիոնները» հակահետախուզության, այսինքն՝ տվյալ դեպքում ԱԱԾ-ի տիրույթում են:

«Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»,- ասված է զեկույցում: Կայա Կալասը եւ Հաքան Ֆիդանը դրա հետ, հավանաբար, համաձայն կլինեն:

Բայց ինչո՞ւ ավելի պարզ չգրել: Ռուսը ցանկանում է հարամ անել մեր ընտրությունները՝ կասկածներ սերմանել, որ Փաշինյանն ընտրվել է ազնիվ ճանապարհով, իսկ հնարավորության դեպքում՝ խոչընդոտել Փաշինյանի վերընտրությանը: Դա այս տեքստում որեւէ ձեւով չհիմնավորված պնդում է: Անձամբ ինձ թվում է՝ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, քանի դեռ Գյումրիում մնում է ռուսական ռազմաբազան, իսկ Փաշինյանը պարբերաբար գնում է Պուտինի մոտ եւ ռեւերանսներ է անում, Կրեմլը ոչ մի հիմք չունի ակտիվորեն պայքարելու ներկա իշխանության վերարտադրության դեմ: Խնդրո առարկա զեկույցը հակառակը չի ապացուցում:

Հետեւաբար, այդպիսի ելույթով կարող է հանդես գալ ՔՊ-ական պատգամավոր կամ իշխանության քարոզիչ: Ի դեպ, նա կարող է մի քանի օրում միայնակ գրել այդ զեկույցի ամբողջ տեքստը՝ դրա համար ոչ մի բան պետք չէ «հետախուզել»: Մինչդեռ, չնայած Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատողների թիվը պաշտոնապես գաղտնի է, ենթադրվում է, որ այնտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ: Նրանց աշխատանքի արդյունքն այդ զեկույցից չի երեւում:

Պետական կարեւոր կառույցը չպիտի զբաղվի պարզունակ քարոզչությամբ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շատ իրատեսական վերլուծություն է։
    Երեկ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը կմասնակցի ընտրություններին և վարչապետի թեկնածուն կլինի ինքը։ Սա վտանգավոր ազդակ է այն մասին, որ նիկոլի կողմից նախապատրաստվում է ընտրությունների կեղծման մեխանիզմների կիրառում։ Այդպես եմ կարծում, որովհետև “Հանրապետություն” կուսակցությունն արդեն հայտնի է որպես իր ստացած ձայները ՔՊ-ին մատակարարող օղակ (հիշենք Երևանի ավագանու վերջին ընտրությունները) և այդ առումով այդ կուսակցությունն իրականում շատ քիչ համակիրներ ու քվեներ կունենա։ Այլ հարց է ստացած քվեների հնարավոր թվանկարչությունը, որի ժամանակ ՔՊ-ի ու նրա մի քանի խամաճիկ կուսակցությունների վրա թվեր նկարելով, ընդդիմադիրների մեջ “ռսի շպիոններ” բռնելով, լույսեր անջատելով, տասովշչիկներ և տեղական “ավտարիտետներ” աշխատեցնելով, իրենց պլանավորած թվաբանությունը փորձեն ստանալ։
    Պարզ է, որ նիկոլն առաջիկա ընտրություններին կենաց-մահու պայքար է մղելու, թքած ունենալով իր կիրառած միջոցների անթույլատրելիության վրա, քանի որ հարյուրավոր հայկական ասացվածքներից նա միայն մեկը գիտի, որն էլ իրեն սարսափեցնում է. “Եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են”:
    Միայն մի բան կարող է հույս տալ և մարդկանց ոգևորել, որ ընտրություններին ընտրողների մեծ մասնակցության դեպքում ընտրակեղծիքների կիրառման և քվեների թվանկարչության մեխանիզմը չի աշխատում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031