Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Հունվար 28,2026 10:06

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան գրառումը

ՄԵՐ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։

Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։

Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները՝ իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով՝ ըստ առաքյալի խոսքի. «Զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագեք» (Եփ. 6.10)։

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն Իր Սուրբ Աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում, և հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ. ամեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031