Նախօրեին Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձեւը, որն ալեկոծել է հայաստանյան քաղաքական դաշտը։ Եվրոպացի պատվիրակների մի շարք կանխակալ ու իրականությունից հեռու գնահատականները իշխանական բնորոշումներ են տվել Հայաստանում ընթացող աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ, անտեսել քաղբանտարկյալների առկայության փաստը եւ այլն։
ԵԽԽՎ վեհաժողովում ընդունված փաստաթղթում, այդուհանդերձ, այս կառույցը խոր մտահոգություն է հայտնել նաեւ Հայաստանի վարչապետի եւ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջեւ առկա լարվածության, ինչպես նաեւ՝ Եկեղեցու մի քանի հոգեւորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ։ Փաստաթղթում նաեւ ափսոսանք են հայտնում Հայաստանում քաղաքական բոլոր հակառակորդների կողմից դաշտի չափազանց բեւեռացման եւ պիտակավորման կապակցությամբ։
Ուշագրավն այն է, որ բանաձեւն ընդունելուց առաջ Հայաստանի հարցով համազեկուցողներն անհիմն պատրվակով հրաժարվել են այցելել Հայաստան, իբր իտալացի համազեկուցող Պիերո Ֆասինոյի առողջական խնդիրներով պայմանավորված է այցը չեղարկվել։ Երեկ ընդդիմադիր տարբեր շրջանակներ այս խայտառակ բանաձեւի առիթով քննադատության սլաքներն ուղղել էին ոչ այնքան կեղծ դեմոկրատիայի ջատագովներին, որքան խորհրդարանական ընդդիմության կողմը՝ նրանց մեղադրելով անգործության մեջ։ Խոսքը մասնավորապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ ընդդիմադիրների մասին է, որոնք պարտավոր էին աշխատանքներ տանել եվրոպացի գործընկերների հետ ու թույլ չտալ միակողմանի ինֆորմացիայի հիման վրա նման եզրահանգումների գալ։ Մինչդեռ պատվիրակության ՀՅԴ-ական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեզ Ստրասբուրգից վստահեցրեց, որ համառ եւ հետեւողական աշխատանքներ են իրականացրել, փաստարկված խոսել ինչպես սրբազանների գործերի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների մասին։
Ռուստամյանի համար ընդունված բանաձեւն այնքան էլ անակնկալ չի եղել՝ հաշվի առնելով Արեւմուտքի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, այդուհանդերձ, ընդդիմադիրները հանդիպում են պահանջել զեկույցի համահեղինակների հետ՝ որոշակի պարզաբանումներ ստանալու համար․ «Այստեղ իրենց քաղաքական դիրքորոշման հարցն է, իրենք չեն էլ անդրադառնում փաստերին։ Չկա մի նստաշրջան, որ իրենց հետ առանձին հանդիպումներ չպահանջենք եւ հիմա էլ ենք պահանջել, պիտի հանդիպենք ու կրկին ներկայացնենք իրական պատկերը: Այդ ամենը փոխանցվել է իրենց, բայց իրենք միակողմանի ինֆորմացիայով են փորձում առաջնորդվել, քաղբանտարկյալների մասին անուն առ անուն փոխանցել ենք, իրենք գիտեն, շատ լավ գիտեն, բայց չտեսնելու են տալիս, որովհետեւ Արեւմուտքն ամբողջովին աջակցում է սրան»։
Կարդացեք նաև
Փաստը, որ զեկույցի համահեղինակներն այն գրելուց առաջ Հայաստան չայցելեցին, Ռուստամյանի գնահատմամբ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ կանխակալ զեկույց պետք է լիներ։
Եթե ընդդիմադիրների աշխատանքներն այդ կառույցում արդյունք չեն տալիս, այն պարագայում, երբ, օրինակ, Արմեն Գեւորգյանը տարին 12 ամիս գործուղումների մեջ է եւ, ասում են, լուրջ աշխատանքներ է տանում, քանի՞ կոպեկ արժե նրանց` պատվիրակությունում մնալը։ Արմեն Ռուստամյանը մեր դիտարկմանն ի պատասխան նշեց․ «Դա նույնն է, ինչ Ազգային ժողովում մնալը, այդ խնդիրը միշտ մեր առաջ կանգնելու է։ Քանի այս իշխանություններին չես հեռացրել, ոչ մի բան այստեղ փոխել չես կարող, մանավանդ որ իրենք այստեղից աջակցություն ունեն եւ լկտիանում են»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































