Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը թող անկեղծ ասի՝ իր որ գործողություններն են բերել պատերազմի, երբ կար գլոբալ կոնսենսուս՝ Արցախի հարցը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով»

Հունվար 28,2026 11:05

«Մեր բանակը, որը վերակազմավորվել է 34 տարի առաջ, դրանից հետո փայլուն մարտական ուղի է անցել։ Անցել է երկու մեծ պատերազմների միջով, դրանց միջակայքում էլ մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների։ Մեր բանակը, կռվելով թվապես մեզ բազմապատիկ գերազանցող թշնամու դեմ, իսկ 44-օրյա պատերազմում նաեւ թշնամական կոալիցիայի դեմ, մշտապես դրսեւորել է խիզախություն ու նվիրվածություն մեր հայրենիքին։ Ուստի, այսօր մեր բանակը մեր մեծագույն հպարտությունն է, նրա մարտիկները մեր հերոսներն են, մեր նվիրյալներն են։ Եվ ես ուզում եմ գլուխս խոնարհել եւ ներկա, եւ նախկին մարտիկների առաջ»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին, որով նա Պրահայում ձեռք բերած համաձայնությունը փրկություն է համարում Հայաստանի համար, Չալաբյանն ասաց․ «Չեմ կարծում, որ Պրահայում ձեռք բերած համաձայնությունը որեւէ կերպ կարող ենք փրկություն անվանել, դա շատ թյուր, միտումնավոր, կանխորոշիչ մեկնաբանություն է վարչապետի կողմից, որովհետեւ Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ հանձնեց Արցախը, հանձնեց մեր հայրենիքի կարեւորագույն հատվածը, որի համար մենք 30 տարի բոլորս միասին պայքարել ենք։ Ուստի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որեւէ իրավունք չուներ Պրահայում այդպիսի համաձայնության գալ, մեր անունից հանձնել մեր հայրենիքի մի մասը։ Ես համոզված եմ, որ հաջորդ սերունդները մեր հայրենիքի այդ մասը կվերադարձնեն ու կվերահայացնեն, իսկ էն խարանը, որը թողել է Փաշինյանը, կջնջեն»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե «Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ, որ վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս», Ավետիք Չալաբյանն ասաց․ «Դա նրա մեկնաբանությունն է, հիշեցնեմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստան մեծ թվով ռազմական մատակարարումներ սկսվեցին, եւ դրանք ինչ-որ չափով խզվեցին ու խափանվեցին ուղիղ հենց նրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության: Նիկոլ Փաշինյանը թող անկեղծորեն ասի՝ իր որ գործողություններն են բերել նրան, որ 2020 թվականին ռազմական գործողություններ են սկսվել, երբ մինչ այդ սեղանին կար խաղաղության պայմանագիր, որի շուրջ կար գլոբալ կոնսենսուս՝ Արցախի հարցը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։ Թող ասի՝ ինչո՞ւ ինքը հրաժարվեց խաղաղ կարգավորման ճանապարհից։ Ինչո՞ւ 2019 թվականին եղած խաղաղության փաթեթն ինքը մերժեց»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված վերջին հայերին, Չալաբյանն ասաց․ «Այդ մարդիկ չեն տեղափոխվել, այդ մարդիկ տեղահանվել են։ Նրանք ապրում էին իրենց հայրենիքում, երեւի միամտաբար մտածել են, որ այնուամենայնիվ կարելի է փորձել շարունակել ապրել, բայց քանի որ հայրենիքը բռնազավթված է թշնամական ուժի կողմից, այդ թշնամական ուժն ի վերջո իրենց տեղահանել է։ Սա տեղահանություն է, որը որեւէ կերպ չի կարելի ներկայացնել որպես համաձայնության արդյունք։ Այլընտրանքը ո՞րն էր, որ այդ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեի՞ն։ Գուցե շատերին էլ ֆիզիկապես ոչնչացրել են, մենք նույնիսկ տեղեկություն չունենք։ Բայց այն, որ մարդկանց բռնի տեղահանել են՝ դրանով վերջին կնիքը դնելով Արցախի հայաթափման վրա, որեւէ կերպ չի կարելի գնահատել որպես դրական արդյունք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031