«Այսօր տեղադրվեց Ռոբերտ Աբաջյանի արձանը՝ որպես կենդանի հիշեցում խիզախության, անձնվիրության ու հայրենասիրության մասին…Ռոբերտի կերպարը դպրոցի կյանքի մի մասն է՝ լուռ, բայց խոսուն, խիստ, բայց ոգեշնչող, նրա կերպարը աշակերտներին սովորեցնում է լինել այնտեղ, ուր պարտքն է կանչում, սովորեցնում է ոչ միայն հիշել անցյալը, այլեւ ապրել արժանապատիվ ներկա եւ պատասխանատվությամբ քայլել դեպի ապագան: Թող այս արձանը դառնա ուժի ակունք սերունդների համար» Երեւանի թիվ 147 դպրոցի բակում Քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանի բացմանը նշեց նրա ուսուցիչը: 2017 թվականից դպրոցը կրում է հերոսի անունը:
Ռոբերտ Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը: Նա հրամանատարի հետ կապի դուրս գալով՝ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…»։
«Այսօր այն օրն է, որ մենք ասում ենք՝ մեր բանակի օրն է, մեր բանակի օրն է, որը մեր երեխաներն ուրիշ կերպ ընկալեցին…Նրանք իսկական զինվորներ էին, մեր զինվորների, մեր բալիկների տոնն է, բոլոր բալիկների, որոնք իրենց կյանքը չխնայեցին, իրենց արյունը… եւ պաշտպանեցին մեր հայրենիքը… ոնց են այդպիսին դարձել… Նրանք մեզ թողեցին մեր փոքրիկ երկիրը, ասացին, որ հիմա մենք պիտի պաշտպան լինենք նրանց՝ իրենց, մեր հողին, մեր ջրին, ամեն ինչին», -ասաց Ռոբերտ Աբաջյանի տատիկը, որն անչափ հուզված էր խոսելիս:
Կարդացեք նաև
Հերոսի ուսուցիչները նշեցին, որ հերթական հայրենասիրության դասն է իրենց դպրոցում, Ռոբերտի կերպարը, որ ոտք դրեց անմահություն, աշակերտներին կներշնչի մտածել հայրենիքի, խաղաղության ու միասնության մասին:
Արձանի քանդակագործ Վահագն Պապոյանն ասաց, որ փորձել է ստանալ Աբաջյանի կյանքի վերջին պահը: Նրա ձեւակերպմամբ՝ Աստծո նախախնամությամբ է հերոսին կերտելու պատիվն իրեն ընձեռվել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով: Հերոսի մարմինն ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































