«Աշխարհակարգը, որի համար մենք պայքարում էինք 80 տարի շարունակ, այլևս գոյություն չունի և էլ երբեք չի վերադառնա», – ինչպես փոխանցում է «Ազատություն»-ը, այսօր հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը։
Դանիական կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի համար առաջ շարժվելու միակ տարբերակը միասնական դիրքորոշմամբ հանդես գալն է։
«Մենք պետք է փորձենք նաև սերտ կապեր պահպանել Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, մենք ամերիկացիների հետ նույն մտահոգություններն ունենք կապված Արկտիկայում անվտանգության ապահովման հետ», – նշել է Ֆրեդրիկսենը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, թե Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։
Կարդացեք նաև
«Դանիան նախ կկրակի, հետո հարցեր կտա՝ Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում», – ի պատասխան հնչել էր Դանիայից:
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հիշեցրել էր. կղզին վաճառքի ենթակա չէ։
Գրենլանդիան Դանիական թագավորության կազմի մեջ մտնող ինքնավար տարածք է, Թագավորության 3 բաղկացուցիչ տարածքներից ամենամեծը, մյուս երկուսը Դանիան և Ֆարերյան կղզիներն են։
Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան պատկերված են ամերիկյան դրոշի գույներով։
Հրապարակված մեկ այլ նկարում էլ Թրամփը դրոշ է տնկում Գրենլանդիայի հողում:
Ինչպես հայտնի է՝ 2026 թվականի սկզբին, ԱՄՆ-ն ռազմական գործողություն սկսեց Վենեսուելայում՝ գերեվարելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Կանադայի վերաբերյալ էլ դեռևս 2024թ.-ին Truth Social-ում Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձում Թրամփը գրել էր. «Կանադայում հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա մեր 51-րդ նահանգը, ապա նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով, նրանց բիզնեսի ծավալն անմիջապես կկրկնապատկվի, և նրանք ռազմական առումով պաշտպանված կլինեն այնպես, ինչպես ոչ մի այլ երկիր աշխարհում»:


















































