Քաղաքական դաշտի համախմբումն ավելի արդյունավետ կդարձնի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը, բայց եթե համախմբումը չկայանա, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն անհնար է եւ քաղաքական ուժերը չպետք է դրան ձգտեն․ այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը մինչ օրս դիրքորոշում չի հայտնել նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին, մենք, ի վերջո, դրա ականատես կլինե՞նք, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց․ «Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է, չնայած մեր բոլոր զիջումներին, Ադրբեջանն իր վերջնական ստորագրությունն այդ խաղաղության պայմանագրի տակ չի դնում։ Դա ունի շատ հստակ բացատրություն, որովհետեւ, Ադրբեջանը, մեծ հաշվով, դեռ փայփայում է Սյունիքի անեքսիայի հույսը։ Նրանք ծրագրում են դա, նրանց հայատյաց պրոպագանդան խոսում է դրա մասին»։
Ինչ վերաբերվում է այս ամենում ամերիկյան ներկայությանը՝ ԹՐԻՓՓ-ին, Լեւոն Զուրաբյանն ասաց՝ ԹՐԻՓՓ-ը գործարք է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ․ «Ըստ էության, այդ գործարքի նպատակն այն էր, որ Հայաստանի տարածքով պետք է հաստատվի անխոչընդոտ կապ՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Այդ փաստաթղթի մեջ «ճխտած» է ինքնիշխանության դեկլարացիան, բայց ինքնիշխանությունը պահպանված չէ»։
Ամենաանընդունելի կետը ՀԱԿ-ի համար այդ փաստաթղթում այն է, որ ՀՀ կառավարությունը բացառիկ լիազորություն է տալիս ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը՝ հարյուր տարվա ընթացքում Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող տարածքում տարբեր կառուցապատումներ իրականացնելու։ Քանի որ փաստաթուղթը դեռ իրավական ուժ չունի, ըստ Լեւոն Զուրաբյանի, եթե այն չփոխվի, դա նշանակում է, որ Հայաստանը չի կարող սուվերեն որոշում ընդունել Հայաստանն Իրանին կապող երկաթուղի։
Կարդացեք նաև
Թե ո՞րն է ընդդիմության այլընտրանքային օրակարգը՝ հարցին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա ամենամեծ կեղծիքն է, որը իշխանությունը տարածում է ընդդիմության մասին, որովհետեւ օրինակ, ՀԱԿ-ը հանդես է եկել ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ ծրագրով, որն այն մասին է, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման շուրջ միջազգային կոնսենսուս պետք է ստեղծվի։
Առհասարակ, Լեւոն Զուրաբյանն այն կարծիքին է, որ խաղաղության ոչ մի երաշխիք չկա, նախընտրական զինադադար է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































