«Մեծ ակնկալիքներով սպասում ենք՝ տեսնելու ձեր երկրի գրանցած առաջընթացի շարունակությունը, Վեհաժողովը մեծապես աջակցում, սատարում է ձեզ»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ողջունելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հայտարարեց ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պետրա Բայերը։
Դիմելով Արարատ Միրզոյանին՝ նա ասաց․ «Դուք օտարական չեք խորհրդարանական կյանքում, Դուք անդամ եք եղել խորհրդարանում մինչև 2021 թվականը՝ որպես ԱԺ խորհրդարանի նախագահ և 2021-ից ի վեր՝ ԱԳ նախարար։ Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում կարևոր պահ է՝ 2025-ի օգոստոսին խաղաղության համաձայնագիր նախաստորագրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Այս կարևոր քայլը մեկ ուրիշ կարևոր ուղենիշի հետ է համընկնում՝ ՀՀ-ն ԵԽ անդամակցության 25-ամյակն է տոնում՝ որպես մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության ուղենիշ»։
Իր ելույթում Արարատ Միրզոյանը, դիմելով ԵԽԽՎ-ին ասաց, որ ՀՀ-ն 2026-ի ընտրությունների նախաշեմին, բախվում է մի շարք մարտահրավերների՝ մասնավորապես արտաքին միջամտության․ «Այս հունիսին ՀՀ-ում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Մեզ համար կարևոր իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում, այն պահն է, որ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է։
Մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ։ Գիտենք՝ ազատության թշնամիները քնած չեն։ Նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, պատրաստ են միլիոնավոր դոլարների ներդրումներ անել քարոզչական մեքենաների գործում և ստեղծել անօրինական սխեմաներ։ Նրանք գրեթե անսահմանափակ ռեսուրսների են տիրապետում։ Ցանկանում են խաթարել մեր ինքնիշխանությունը, ՀՀ-ն ցանկանում են վերադարձնել ավտորիտարիզմի, թույլ ինքնիշխանության և հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































