Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ դպրոցի բակում կանգնեցվում է մի երիտասարդի արձան, ով հանուն հայրենիքի՝ հորս պես գնաց գիտակցված մահվան. Դավիթ Առուշանյանի դուստր

Հունվար 28,2026 16:12

«Այսօր ես կանգնած եմ այստեղ՝ որպես Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցի աշակերտուհի եւ որպես Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի դուստր: Պատահական չէ, որ իմ ուսումնառության համար ընտրել եմ հենց այս դպրոցը, որտեղ պահպանվում են այն արժեքները, որոնց համար զոհվեց Ռոբերտը, որոնց համար զոհվեց հայրս»,- թիվ 147 դպրոցի բակում Ռոբերտ Աբաջյանի արձանի բացմանը նշեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի դուստրը:

«Ինձ համար սա առանձնահատուկ եւ շատ հուզիչ օր է: Այսօր իմ դպրոցի բակում կանգնեցվում է մի երիտասարդի արձան, ով հորս պես չվերադարձավ պատերազմից, ով հանուն հայրենիքի՝ հորս պես գնաց գիտակցված մահվան: Երբեմն թվում է, թե բառերն այստեղ անզոր են, բայց պետք է խոսել, պետք է պատմել, որ այն հերոսները, որոնց հիշատակը մենք անմահացնում ենք, հեռավոր պատմության հերոսներ չեն, նրանք մարդիկ էինք, որոնք ապրում էին մեր օրերում, ունեին երազանքներ, սիրում էին կյանքը, բայց միեւնույն է՝ կատարեցին իրենց ընտրությունը՝ կյանքի գնով պաշտպանելով մեզ: Նրանց շնորհիվ է, որ այսօր դպրոց ենք գալիս, վայելում ենք կյանքը եւ կառուցում մեր ապագայի ծրագրերը:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հերոսների հարազատներին ու ծնողներին, շնորհակալություն այն խաղաղ երկնքի համար, որ ձեր որդիները պարգեւեցին մեզ: Մենք հիշում ենք եւ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի արժանի լինենք նրանց զոհաբերությանը»,-ասաց հերոսի դուստրը։

Հիշեցնենք, որ մայոր Դավիթ Առուշանյանը պաշտպանում էր Արցախի Հանրապետության Մատաղիս-Թալիշ պաշտպանական բնագիծը։ Նա զոհվեց իր վարած հետեւակի մարտական մեքենայով ադրբեջանական զրահապատ մեքենայի մեջ մխրճվելով եւ այն պայթեցնելով՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, Արեգասարը պաշտպանելիս ։ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար մայոր Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031