ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը Հայաստանի 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների Քաղաքացիական Պայմանագիր (ՔՊ) կուսակցության նախընտրական ցուցակում չներառելը, ինձ նման մի դեպք հիշեցրեց, որը տեղի է ունեցել Իրանում։
Հայ Հեղափոխական Դաշնակցության տեղի կառույցի ղեկավարները 1980 թվականին Իրանի հետհեղափոխական առաջին խորհրդարանի ընտրությունների ժամանակ մերժեցին կուսակցության անդամ Վարդան Քամալյանի թեկնածությունը։ Երկու կուսակցությունների (ՔՊ, ՀՅԴ) ղեկավարությունը ևս առերևույթ վարվել են համաձայն իրենց կանոնադրության և կազմել են նախընտրական ցուցակ։
ՔՊ֊ի կանոնադրության 48/11 կետի համաձայն «Վարչությունը հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները այն մասով, որոնց հաստատումը սույն Կանոնադրությամբ վերապահված չէ համաժողովին …»։ Այս կետի հիման վրա ՔՊ վարչությունը մերժել է կուսակցության անդամ, ինքնառաջադրված Հայկ Սարգսյանի թեկնածությունը։ Սարգսյանը տեսականորեն իր բախտը կարող է փորձել նաև ՔՊ համաժողովում։
ՀՅԴ֊ն Հայաստանի դեպքում համապետական ընտրությունների իր թեկնածուների ցուցակը ներկայացնում է Գերագույն Մարմնի անունից. սփյուռքյան համայնքներում այդ իրավունքը վերապահված է տեղի բարձրագույն մարմնին։ Վարդան Քամալյանը (Քամալի Մասիհի, Հայ Վարդան) 1980 թվականին ՀՅԴ անդամ էր և ինքնառաջադրվեց որպես Իրանի Իսլամական Հանրապետության առաջին խորհրդարանի ընտրությունների թեկնածու` Թեհրանից և հյուսիսից։ Օրվա ղեկավարները մերժելով Վարդանի թեկնածությունը, հյուսիսում կենտրոնացան Հրայր Խալաթյանի անվան շուրջ, իսկ հարավում պաշտպանեցին դոկտոր Մեսրոպ Բալայանին։ Խալաթյանը հեշտությամբ ընտրվեց, քանի որ Իրանի Խոբրեգան (Սահմանադիր) ժողովի անդամակցությունից արդեն դրական համբավ էր ձեռք բերել։ ՀՅԴ-ն հարավում պարտվեց։
Կարդացեք նաև
Բայց այստեղ կա էական մի տարբերություն. Հայաստանում ընտրական համակարգը հարյուր տոկոսով համամասնական է, իսկ Իրանում՝ 100%֊ով մեծամասնական։ Եթե Հայկ Սարգսյանն իր իրավունքները պաշտպանելու համար սահմանափակված է միայն ներկուսակցական ատյաններին դիմելով, Վարդան Քամալյանն ընտրական մեծամասնական ընտրակարգի ընձեռած հնարավորությունից օգտվելով, գրանցվեց որպես թեկնածու։
ԻԻՀ-ի առաջին խորհրդարանի ընտրությունները կայացան 1980 թ. մարտ ամսին և Վարդանը հյուսիսի չորս թեկնածուների մեջ գրավեց երրորդ տեղը` հավաքելով 3182 ձայն (16%)։ Նրանից առաջ անցան Հրայր Խալաթյանը (54,5%) և Աշոտ Դարվիշ Սինանին (24%)։ Հետնապահն էր Գալուստ Խանենցը (5,5%)։ Վարդանը կուսակցական կարգապահության չենթարկվելու համար հեռացվեց ՀՅԴ շարքերից։ Նա տարիներ հետո տեղափոխվեց Արցախ, միացավ Մոնթե Մելքոնյանի ջոկատին, իր տիկնոջ հետ մասնակցեց Քարվաճառի ազատագրման գործողության։ Վարդանը մահացավ 2011 թվականին։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ



















































