«Վերջին 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մեզ հաջորդիվ մնացած 19 անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Վեհաժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ շրջում է տասնամյակների թշնամանքի էջը։
ԵԺԿ խմբի խոսնակ Ռիկարդո Կառվալոն հարցրեց՝ ձեր կառավարությունն ի՞նչ հստակ հանձնառություն ունի Ադրբեջանի հետ տևական խաղաղություն հաստատելու հարցում: Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն մի քանի ամիս է՝ խաղաղություն է հաստատված, համոզված ենք, որ մեր առօրյա խնամքով պետք է սնուցենք այն։ Հավատում ենք, վստահ ենք, որ ապագայում ՀՀ-ն ու Ադրբեջանը կշարունակեն խաղաղությունն ու համագործակցությունը պահել։ Օգոստոսից հետո ունենք բազմաթիվ զարգացումներ․ օրինակ՝ մենք չենք կարող չնշել, և սիրով եմ նշում, որ Ադրբեջանն արդեն վերացրել է արգելքը դեպի ՀՀ ապրանքների ներմուծման, սկսել ենք երկկողմանի առևտուր և քննարկումներ ենք իրականացնում երկկողմ առևտրի այլ հնարավորությունների մասին»։
Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվել է, եկող ամիսներին կստորագրվի և նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություն կտա․ «Հաղորդակցությունների ապաշրջափակման բաղադրիչը կա․ մեկս մյուսին օգնելու գործողություններն առաջ են ընթանում, և լիահույս ենք ու ամեն հնարավոր ջանքեր ներդնում ենք, որ սա մեզ դեպի ավելի պայծառ ապագա տանի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































