-2022 թվականին Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ն միակ կուսակցությունն էր, որտեղ 31 նվիրատուներից 15-ը հայտարարել էին, որ 2,5 միլիոնի նվիրատվություններ չէին արել ՔՊ-ին ու ոչ միայն չէին արել, այլ այդքան փող չունեին, որ նվիրատվություն անեին կամ ունենային էլ՝ չէին էլ անելու.- այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ կոռուպցիոն այդ սկանդալը հիշեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա ասաց, որ սկանդալից 4 տարի անց չկա տեղեկություն, թե վերջը ինչ պարզեց գլխավոր դատախազությունը, որը մինչեւ վերջ պնդում էր, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան, ու միայն Հակակոռուպցիոն դատարանի որոշման ուժով գործի քննություն սկսեցին ու արդյունքների մասին որեւէ տեղեկություն այդպես էլ չհանրայնացրին:
-Ինֆոքոմի հետազոտությունների արդյունքում տեսնում ենք, որ բավականին մեծ գումարներ որոշակի պարբերականությամբ ՔՊ-ին նվիրատվություն են արվում այնպիսի կազմակերպությունների ու անձանց կողմից, որոնք ՏԻՄ-երի հետ ունեն միլիոնավոր դրամների կնքած պայմանագրեր կամ կառավարող ուժի հետ փոխկապակցված անձինք են: Բազմաթիվ օրինակներ կան, մեկը վերաբերում է Ա. Մելքոնյան ընկերությանը, որը մի քանի օրվա հաճախականությամբ մի քանի միլիոնի նվիրատվություններ էր արել, հետո պարզվեց՝ խելացի անասնաշենք կառուցելու համար պետական օժանդակություն են ստանում ու որոշակի արտոնություններ են ձեռք բերել, այդպիսի այլ օրինակներ էլ կան,- նկատեց պատգամավորը ու շարունակեց,- Հիմա հարց տամ՝ սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Հասկանալի է, որ առաջիկայում ընտրություններ են Ընտրական օրենսգրքով կան որոշակի սահմանափակումներ ընտրական հիմնադրամի հետ կապված, կուսակցությունը կարող է հիմնադրամին փոխանցել որոշակի սահմանափակումով գումար եւ այլն, հիմնադրամը ինչ-որ ձեւ պետք է ձեւավորվի, ՔՊ-ն արդեն իսկ կոռուպցիոն ճանապարհով համալրում է իր միջոցները, հետագայում ընտրական հիմնադրամի միջոցով ծախսելու»:
Կարդացեք նաև
Նա նաեւ «կոռուպցիոն դրսեւորում» որակեց պետական աշխատողների պարգեւավճարները. «Սա նաեւ կոռուպցիոն դրսեւորում է, որովհետեւ այս միջոցով իշխանությունները կարող են պետական համակարգի աշխատողներին թրաֆիքինգի զոհ դարձնել: Այնպես չէ, որ այդ մարդիկ համաձայն չեն, որ իրենց թրաֆիքինգի զոհ դարձնեն, բայց սա հնարավորություն է տալիս, որ այդ մարդկանց շահագրգռելով՝ օգտագործեն քաղաքական նպատակների համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































