«Մեկ անգամ ևս հորդորում եմ ընթերցել հռչակագիրը, որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի կողմից․ այս փաստաթուղթը բաց է։ Հստակ սահմանված է, որ երկու կողմերը համաձայնել են բացել տրանսպորտային ուղիները և ապաշրջափակում իրականացնել։ Այնտեղ կա հստակ դրույթ՝ ԹՐԻՓՓ ուղու հաստատման մասին։ Երկու կողմերի կողմից համաձայնեցված փաստաթղթում չկա Զանգեզուրի միջանցք։ Այդտեղ նման միջանցք չկա, համապատասխանաբար չկան որևէ այլ եղանակներ այս՝ գոյություն չունեցող Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Կա միայն ԹՐԻՓՓ ուղին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ասաց, որ որոշ պատվիրակներ իրեն ուղղված հարցերում օգտագործել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և հորդորեց դա չանել։
Սոցիալիստների խմբի խոսնակ Տիտուս Կոռլատեան հարցրեց՝ առաջիկա ընտրությունների նախօրյակին ի՞նչ մարտահրավերների եք բախվում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Հիբրիդային հարձակումներն էլ ավելի կսրվեն, ինչքան մոտենանք ընտրություններին։ Պետք է ձևավորենք պաշտպանվելու կարողություն։ Մենք վերջին 4-5 տարիներին առերեսվել ենք շատ մարտահրավերների, եղել ենք բռնի ցույցերի ականատես, ինչպես նաև հիբրիդային պատերազմի այլ դրսևորումների»։
Lիբերալների և դեմոկրատների դաշինքի խոսնակ Լուիզ Մորելին հարցրեց ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին։ Արարատ Միրզոյանն ասաց՝ «ԵՄ-ի հետ համատեղ զանազան քայլեր ենք իրականացնում ԵՄ ինտեգրման հարցով, մուտքի արտոնագրերի ազատականացման վրա ենք աշխատում»։
Ձախերի խմբի խոսնակ Լաուրա Կաստելը փաստեց՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում բազմաթիվ մարտահրավերներ կան մինչ այն ավարտին հասցվի՝ սահմանազատում, մարդասիրական հարցեր, անհետ կորած, Բաքվում պահվող և տեղահանված անձանց հարցը և հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը երկխոսությունն առաջ տանելու և վստահությունն ամրապնդելու համար․ «Կառավարությունը, քաղհասարակության շրջանակները և ՀՀ ժողովուրդն ամեն ջանք գործադրում են վստահ լինելու համար, որ կլինի տևական խաղաղություն։ Այս խաղաղությունն ու համաձայնությունը, որն արդեն ձեռք ենք բերել, կօգնեն մեզ, որ երկու երկրների միջև լինի համագործակցության շրջանակ։ Այո, անհետ կորածների ճակատագիրը կարևոր է, Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակումը հարցեր են, որոնց պետք է անդրադառնան ՀՀ կառավարությունն ու քաղհասարակությունը։ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ սահմանները բաց են տարանցման համար դեպի Ադրբեջան և Թուրքիա, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։ Մեր հարևանները դեռ չեն օգտագործել այդ հնարավորությունը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































