ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՖԲ ուղիղ եթերում շնորհավորելով Հայոց բանակի օրը, իր երախտիքը հայտնեց բանակի ակունքներում կանգնած, իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած, խրամատներում մինչ այսօր մեր հայրենիքի սահմանները եւ արժանապատվությունը պահող հայ զինվորներին, սպաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կայացրել են Հայոց Բանակը եւ այսօր թույլ չեն տալիս, որ ազգային վստահություն վայելող ինստիտուտը վերջնականապես վերանա, անդրադարձավ այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ սեսիայում Արարատ Միրզոյանի ելույթի հիմնական թեզերին։
«Ուզում եմ անդրադառնանք դրանց, որոնք ոտքից գլուխ սուտ, նիկոլական պրոպագանդայի հակագոհարներ էին։ Ինչու է Արարատ Միրզոյանը գնացել Ստրասբուրգ։ Ֆորմալ առիթը պարզ է. այս տարի լրանում է 25-ամյակը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԽԽՎ վեհաժողովի անդամ։ Եվ Արարատ Միրզոյանը գնացել էր նշելու այդ կլոր տարեթիվը։ Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ վեհաժողովը Եվրոպայի խորհրդի կարեւորագույն մարմիններից մեկն է։ Եվ Հայաստանը 2001 թվականին անդամակցեց ԵԽ-ին։ Դա եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Իսկ անդամության համար բոլոր ռեֆորմների կատարումը հետո հիմնականում ընկել է ՀՀ կառավարության ուսերին, որը ղեկավարում էր Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Այդ տանդեմն է իրականացրել ԵԽ անդամության հետ կապված բազմաթիվ ռեֆորմներ, պահանջներ, եվրոստանդարտների մոտեցումներ։ Այդ ռեֆորմները շարունակվել են նախագահ Սերժ Սարգսյանի օրորք։
Եվ այսօր այդ իրենց չսիրած նախկինների աշխատանքի հերթական պտուղը փորձում էր վայելել կամ իրենով անել նիկոլական ռեժիմի ԱԳ նախարար կոչվող ներկայացուցիչը, երբ որ այսօր ստրասբուրգյան ամբիոնից խոսում էր Հայաստանում իրականացված բարեփոխումների, մեր անդամության 25-ամյակի հետ կապված հարցերի մասին։ Բայց այնքան ապերախտ են, երբ որ խոսում, խոսում, խոսում են, ասում՝ Հայաստանն ինչեր է ձեռք բերել ԵԽ անդամության շնորհիվ եւ վերագրում իրենց այն փաստը, որ այդ ամեն ինչը ձեւական էր մինչեւ 2018 թվականը, մինչեւ իրենք եկան իշխանության։
Սարսափելի հերթական անբարոյականություն։ Այսինքն, մենք՝ երկրորդ եւ երրորդ նախագահները, այդ գործերն անեն, այդ բարեփոխումներն իրականացնեն, ԵԽ ստանդարտներին համապատասխան անհրաժեշտ բոլոր փոփոխություններն անեն, Արարատ Միրզոյանը գնա այդ 25-ամյակի շրջանակներում ոչ միայն իրենց վերագրի, այլ մի հատ էլ ասի՝ իրենք լավ չէին անում, հիմա 2018 թվականից մենք ավելի լավ ենք անում։ Սա անբարոյականության ցուցիչ է, թե ինչպես կարելի է մաքսիմալ օգտվել նախկինների թողած պետական, վարչական, բարեփոխումային, արտաքին քաղաքականության ժառանգությունից, ուտել, համտեսել այն ծառի պտուղները, որ տնկել են նախկինները ու հետո ասել՝ մենք ավել լավ կանենք։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը որպես ԵԽ անդամ դառնալու բարեփոխումների ցուցանիշ թվարկում է այն փաստը, որ Հայաստանի քաղաքացիները կարողանում են դիմել Եվրոպական դատարան իրենց իրավունքները պաշտպանելու համար այն դեպքում, երբ որ, ինչպես գրված է ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների համապատասխան տարվա զեկույցում, Հայաստանում դատական իշխանությունը քաղաքականացված է, կոռումպացված է եւ կախյալ է։ Երբ որ Եվրոպական դատարանի որոշումները նույնպես արդեն դարձել են քաղաքական գերակայությունների կամ ճաշակի արտացոլման խնդիր, եւ որ Եվրոպական դատարանի որոշումների մի մասը Հայաստանը չի կատարում Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ որ ԵԽ անդամ դառնալու պարտավորություններից մեկը նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրումն էր, իսկ այսօրվա ՄԻՊ-ը խայտառակ մի կերպար է ու իր «փակ ականջներով» խուլ, համր, նիկոլական ռեժիմի սպասարկու է, որն իբր եղել է գերազանցիկ։ Ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար, կարողանար ժամանակին արձագանքել, օրինակ, Նարեկ Սամսոնյանի հացադուլին, Սրբազանների ձերբակալություններին, մնացած բոլոր քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներին։
Երեսպաշտության, երկդիմիության, անբարոյականության շքերթներն այսօր Արարատ Միրզոյանի կողմից դրսեւորվեցին, հատկապես որ այսօր Հայաստանում համատարած ձեւով բռնաբարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ ԵԽ հիմքում ընկած հիմնարար փաստաթղթերից մեկը»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































