«Եթե դու առ այսօր ունես գերեվարված, պատանդառված ազգակիցներ, ունես մոտ 150 հազար հայրենակիցներ, որոնք այսօր բռնի տեղահանված են և ունեն փախստականի կարգավիճակ, ունես օկուպացված հայկական տարածքներ, որտեղ ամենայն արագությամբ ոչնչացվում է հայկական հետքը, չես կարող խոսել խաղաղության մասին։ Այդ խաղաղությունը որևէ մեկը չի ընկալելու, հետևաբար, նույնիսկ այն գերտերությունների դեպքում, որոնք խաղում են այդ խաղը, դա բխում է զուտ իրենց շահերից, իրենք իրենց երկրի շահերն են առաջ տանում, մասնավորապես՝ տնտեսական շահը։ Թե՛ գերտերությունները, թե՛ միջազգային խաղացողները, թե՛ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ որևէ կերպ խաղաղություն չի հաստատվել կամ առնվազն այս փխրուն ու հարաբերական, ձևական խաղաղությունը ժամանակավոր բնույթ է կրում, մինչ այդ հզորների կողմից Հայաստանի կլանումը»,- նշում է Մետաքսե Հակոբյանը։
Զուգահեռաբար շարունակվում են բռնաճնշումները երկրի ներսում՝ քաղբանտարկյալների թվի աճ, Եկեղեցու դեմ հարձակումներ։ «Քաղաքական բանտարկյալների մասով վստահ կարող եմ ասել, որ դա սպառնալիք է, ուղերձ հանրությանը։ Այսօր կալանավորվելը, ձերբակալվելը Հայաստանի իրավական դաշտում ունի նոր ձևակերպում՝ պատիժ։ Եթե իշխանություններն ուզում են պատժել որևէ մեկին, կեղծ գործեր են «կարում», կեղծ մեղադրանքներ հորինում, կպցնում մարդկանց և ուղղակի տանում կալանքի։ Քաղբանտարկյալները հասարակության բոլոր շերտերից են։ Յուրաքանչյուրն ինչ-որ մի շերտի համար ազդակ, ուղերձ է, որ այդ շերտն ուղղակի խելոք, զգույշ, վախեցած մնա։ Չեմ կարող ասել, որ սա ընդհանրապես չունի ազդեցություն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա բոլորի վրա հաստատ չի ազդում, և ովքեր գիտակցում են, որ երբևէ այլևս կորցնելու ոչինչ չեն ունենա, եթե կորցնեն հայրենիքն այն պարագայում, եթե այս իշխանությունները շարունակեն իշխանավարել, նրանք շարունակում են իրենց պայքարը։ Ինչ վերաբերում է Եկեղեցուն։ Ինչ-որ կենտրոնից կամ կենտրոններից էին մեզ ուղարկված այս իշխանությունները, նրանց մեծ օգնությամբ 2018 թվականին զավթվեց իշխանությունը՝ գունավոր հեղափոխությունների շարքի մեջ։ Վստահաբար կարող եմ ասել, որ Եկեղեցու հետ կատարվողը դրա շարունակությունն է։ Եթե նայում ենք գունավոր հեղափոխությունների պատմությունը, ապա հիմնականում դրանք սկսվել են ազգային արժեքների ջարդով, ինչը մեզ մոտ եղավ 2018 թվականից։ Այն ժամանակ ևս անդրադարձան Եկեղեցուն, ժողովրդի համար դա նորություն էր, կար հակազդեցություն, դադարեցրին հարձակումները։ Տարիների ընթացքում, երբ բոլոր առումներով այս իշխանությունները կարողացել են թուլացնել ժողովրդի զգոնությունը, հիմա հարմար պահն է այդ ծրագրի շարունակության համար։ Եկեղեցին մեր պետության գլխավոր հենասյունն է, վերջին երկու-երեք տարվա հարցումներից պարզ է դառնում, որ, որպես կառույց, ամենաբարձր հեղինակությունն ունի Հայ առաքելական եկեղեցին։ 2018 թվականին փորձեցին մեր հերոսապատումն արժեզրկել, երբ հայտարարեցին, որ բոլոր հերոսները թալանչիներ են, կեղեքողներ, և ժողովրդի մեջ փորձեցին կասկած դնել, ինչ-որ տեղ էլ հաջողեցին։ Հիմա նույն ծրագիրը փորձում են օգտագործել նաև Եկեղեցու մասով։ Թիրախավորում են մեր հոգևոր հայրերին, մեկն «ահաբեկիչ» է, մյուսը՝ «թալանչի», այն մյուսն էլ «Եկեղեցու օրենքներով չի ապրում»։ Բոլոր հոգևորականների դատական նիստերին մասնակցում եմ։ Հանրային մեղադրողների կեցվածքից, խոսքից, հայացքից երևում է, որ հասկանում են՝ աբսուրդ է այն ամենը, ինչ անում են։ Բայց անում են, կանգ չեն առնում, որովհետև ունեն հրահանգ։ Իրենք արժանապատվության և այս իշխանություններին ծառա լինելու միջև ընտրել են ծառա լինելը։ Ակնհայտ է, որ այդ քրեական գործերում որևէ փաստարկ չկա։ Փաստաբանները հաճախ նշում են, որ այդ գործերի մեջ չկա իրավաբանություն, և իրենք այլևս չեն կարողանում իրավաբանություն իրականացնել։ Այստեղ զուտ ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































