Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ պատասխանատվությունը պահանջում է, որ յուրաքանչյուր խորհրդարան եւ յուրաքանչյուր կառավարություն ոչ միայն խոսի երիտասարդների մասին, այլեւ գործի նրանց հետ եւ նրանց համար. Սոնա Ղազարյան

Հունվար 29,2026 12:41

ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Սիրելի՛ նախագահ,

Հարգելի՛ անդամներ,

Ինձ համար պատիվ է այսօր ձեզ ներկայացնել այս զեկույցը: Վերնագրի այս վերանայումը զուտ ձեւական փոփոխություն չէ: Այն նշանավորում է տեսակետի վճռորոշ փոփոխություն՝ երիտասարդներին ժողովրդավարության պասիվ շահառուներ դիտարկելուց դեպի նրանց ճանաչումը՝ որպես դրա հենց հիմքում կանգնած լիիրավ գործընկերներ:

Մենք հանդիպում ենք մի ժամանակաշրջանում, որը միաժամանակ ե՛ւ հրատապ է, ե՛ւ մարտահրավերներով լի: Եվրոպայի ամբողջ տարածքում երիտասարդ քաղաքացիներն արտահայտում են նոր հույսեր, բայց նաեւ խորացող եւ աճող հիասթափություն: Վերջին հարցումներն ու հետազոտությունները դա հստակ ցույց են տալիս. շատ երիտասարդներ կորցնում են վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ եւ ավելի հաճախ են զգում, որ իրենց ձայներն ու քվեներն իրական ազդեցություն չունեն իրենց ապագան ձեւավորելու վրա:

Տնտեսական անապահովությունը, կյանքի թանկացումը, անկայուն զբաղվածությունը, բնակարանային խնդիրները եւ հոգեկան առողջության՝ ավելի խոցելի վիճակը պարզապես սոցիալական հարցեր չեն: Դրանք վտանգում են հենց ժողովրդավարության լեգիտիմությունը եւ խորացնում սերունդների միջեւ եղած բաժանարար գծերը մեր հասարակություններում:

Եվրոպայի խորհրդի «Նոր ժողովրդավարական հռչակագիրը Եվրոպայի համար» ճիշտ կերպով արձանագրում է, որ երիտասարդների արտահայտած էներգիան, ստեղծագործական ներուժը եւ արդարության ուժեղ զգացումն այլեւս չպետք է մնան քաղաքական կյանքի լուսանցքում: Դրանք պետք է տեղ գտնեն դրա կենտրոնում:

Այս կոչը հզոր կերպով հնչեց նաեւ Մալթայում: Երիտասարդության հարցերով պատասխանատու նախարարների 10-րդ համաժողովում, որտեղ կառավարություններն ընդունեցին օրինակելի հայեցակարգ, որը պահանջում է երիտասարդական համակարգված մոտեցում քաղաքականության եւ որոշումների կայացման բոլոր ոլորտներում:

Այս հիմքի վրա էլ Մշակույթի հանձնաժողովի զեկույցը կոչ է անում իրական որակական փոփոխության՝ խորհրդատվությունից դեպի համատեղ պատասխանատվություն: Երիտասարդները պետք է ոչ միայն ներկա լինեն, այլ ունենան իրական իշխանություն եւ ինստիտուցիոնալացված ազդեցության ուղիներ:

Եվրոպայի խորհրդի առաջատար համակառավարման համակարգը, որի առանցքում կանգնած է Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհուրդը, առաջարկում է հստակ եւ արդեն ապացուցված մոդել, որին կարող են եւ պետք է հետեւեն բոլոր անդամ պետությունները: Երիտասարդների եւ պետական իշխանությունների միջեւ հավասար գործընկերության սկզբունքն առաջնահերթություններն ու ռազմավարությունները ձեւավորելիս ոչ միայն նորարարական է, այլեւ անփոխարինելի, եթե ժողովրդավարությունը ցանկանում է դիմակայել այսօր մեր առջեւ ծառացած փոթորիկներին:

Սիրելի՛ գործընկերներ,

Ձեզ ներկայացված առաջարկությունները հավակնոտ են, սակայն, միեւնույն ժամանակ, գործնական եւ իրագործելի: Դրանք կոչ են անում յուրաքանչյուր անդամ պետության ընդունել կամ թարմացնել երիտասարդների մասնակցության համապարփակ շրջանակներ եւ դրանք վերածել հստակ, չափելի արդյունքների: Սա նշանակում է ստեղծել եւ ամրապնդել երիտասարդական խորհուրդներ ու խորհրդատվական մարմիններ՝ իրական մանդատներով, ապահովել երիտասարդների եւ երիտասարդ քաղաքական գործիչների իմաստալից ներկայությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում՝ խորհրդարաններից եւ կառավարման խորհուրդներից մինչեւ նախարարություններ ու տեղական իշխանություններ, աջակցել մասնակցային երիտասարդական բյուջետավորմանը, ինչպես նաեւ խթանել նորարարական մեխանիզմներ՝ երիտասարդական ժյուրիներ եւ առցանց ժողովներ, որտեղ երիտասարդների ձայները քննարկումների կենտրոնում են, այլ ոչ թե դիտարկվում են՝ որպես երկրորդական:

Մեր քննարկումները նաեւ հստակ ցույց տվեցին, որ երիտասարդների առջեւ կանգնած խոչընդոտները լուրջ եւ բազմաշերտ են:

Սոցիալական մեդիան, որը մի ժամանակ ընկալվում էր որպես ժողովրդավարական խոստումներով հարթակ, գնալով ավելի հաճախ է վերածվում բռնության, ատելության խոսքի, ապատեղեկատվության եւ բացառման աղբյուրի: Միեւնույն ժամանակ, երիտասարդ կանայք, փոքրամասնություններին պատկանող երիտասարդները եւ գյուղական տարածքներում ապրողները բախվում են առանձնահատուկ ու հաճախ միմյանց վրա կուտակվող խոչընդոտների: Այս իրողություններին արձագանքելով՝ հանձնաժողովը միաձայն համաձայնել է ուժեղացնել ձեւակերպումները՝ կոչ անելով առավել հզոր իրավական պաշտպանություն եւ արագ արձագանքման մեխանիզմներ ներդնել ահաբեկման ու ատելության դեմ թե՛ առցանց, թե՛ առկա միջավայրերում:

Կցանկանայի նաեւ ընդգծել երիտասարդական ՀԿ-ների եւ ակտիվիստների անուրանալի ներդրումը, որոնք հարստացրին եւ կենդանացրին մեր քննարկումները: Նրանց նվիրվածությունը, փորձառությունը եւ ապրած իրականությունն ուղղակիորեն ձեւավորել են այսօր ձեր առջեւ դրված առաջարկները:

Հատկապես կարեւոր է, որ Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհուրդը՝ Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի հիմնասյուներից մեկը, ստանա շարունակական եւ ուժեղացված աջակցություն: Միայն այդ դեպքում այն կկարողանա շարունակել կառուցել ժողովրդավարական ճարտարապետություն, որը ներառում է բոլոր երիտասարդներին, այլ ոչ միայն առավել կապ ունեցողներին կամ արտոնյալներին:

Այս առաջարկներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ ազգային խորհրդարանները լիարժեք ստանձնեն իրենց դերը: Սա նշանակում է վերահսկել բյուջեները եւ օրենսդրությունը, չափել հասանելիությունն ու արդյունքները հուսալի տվյալների միջոցով, երիտասարդներին հրավիրել սեղանի շուրջ՝ որպես քաղաքականության համահեղինակներ, եւ ապահովել, որ նրանց մասնակցությունը լինի մշտական ու կայուն, որպեսզի այն չմղվի հետին պլան ճգնաժամերի ժամանակ:

Սիրելի՛ գործընկերներ, այս օրակարգը պահանջում է հստակ ու վճռական քաղաքական կամք՝ ապահովելու որակյալ կրթություն եւ վերապատրաստում՝ արդար հասանելիությամբ՝ բնակարանային ու առողջապահական ծառայություններին, հիմնական հոսքի մեջ ներառելու գենդերային հավասարությունը եւ ապահովելու փոքրամասնությունների ու հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումը, վճռականորեն ներդրումներ կատարելու թե՛ քաղաքացիական կրթության, թե՛ ոչ ֆորմալ ուսուցման մեջ, եւ ոչ միայն քննարկելու երիտասարդների ընտրական իրավունքը, այլեւ գործելու՝ ընտրական տարիքը նվազեցնելով մինչեւ 16: Մի բարեփոխում, որի արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է՝ որպես ժողովրդավարական ներգրավվածությունն ու վստահությունը բարձրացնող գործոն:

Արեւմտյան Եվրոպայից դուրս մեր ժողովրդավարական պատասխանատվությունը պետք է տարածվի ավելի լայն: Այդ պատճառով մենք աջակցում ենք Սեւծովյան տարածաշրջանում նոր Եվրոպական երիտասարդական կենտրոնի ստեղծմանը՝ որպես համերաշխության դրսեւորում եւ որպես վստահության հստակ արտահայտություն յուրաքանչյուր երիտասարդ քաղաքացու ժողովրդավարական ներուժի հանդեպ՝ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Կովկաս:

Եզրափակելով` ժողովրդավարությունը չի կարող նորոգվել առանց երիտասարդների՝ որպես ճարտարապետների եւ հավասար գործընկերների: Համատեղ պատասխանատվությունը պահանջում է, որ յուրաքանչյուր խորհրդարան եւ յուրաքանչյուր կառավարություն ոչ միայն խոսի երիտասարդների մասին, այլեւ գործի երիտասարդների հետ եւ երիտասարդների համար:

Ուստի, կոչ եմ անում ձեզ լիարժեք աջակցել այս բանաձեւին եւ առաջարկությանն ու ձեր յուրաքանչյուր որոշման մեջ ճանաչել այն հնարավորությունը, որը նպաստում է ստեղծել մի ժողովրդավարական Եվրոպա՝ հիմնված իր ամենաերիտասարդ քաղաքացիների ստեղծագործականության, էներգիայի եւ հույսի վրա»,- ասել է Սոնա Ղազարյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031