Վաշինգտոն, 28 հունվար, 2026թ․ – Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) աներկբայորեն դատապարտում է էթնիկ փոքրամասնությունների և հայ համայնքի վրա թիրախավորված հարձակումները։ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) կառավարիչ դոկտոր Մեհմեթ Օզին ուղղված իրենց նամակում՝ Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյանն ու Օսկար Թաթոսյանը կտրականապես մերժեցին վերջին դիտողությունները, որոնք ընտրողաբար թիրախավորում են ամերիկահայերին։
Հունվարի 28-ի նամակում Համագումարը ճանաչեց վարչակազմի պատասխանատվությունը՝ լուծել միջոցների վատնման, խարդախության և չարաշահման հարցերը՝ միաժամանակ ընդգծելով, որ նման ջանքերը չպետք է հիմնված լինեն ռասիզմի և անարդար կարծրատիպերի վրա։
Համագումարը նշեց, որ դոկտոր Օզի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են «հայկական խմբավորումներին» և «մաֆիային», «խորապես մտահոգիչ» են և «անարդարության ծանր զգացում են պատճառում ամերիկահայերին, ովքեր հպարտությամբ ու առանձնակի նվիրումով ծառայել են այս ազգին և իրենց համայնքներին՝ զինվորական ծառայությունից մինչև պետական պաշտոններ, բիզնեսից մինչև բարեգործություն»։
«Եկեք հստակ լինենք. ոչ ոք չի արդարացնում խարդախությունը կամ որևէ հանցավոր վարքագիծ», – հայտարարվում է նամակում։ «Բայց մենք նաև չենք կարող ընդունել ամերիկահայերին՝ որպես ենթադրյալ հանցագործներ ներկայացնելը՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա։ Մենք կտրականապես մերժում ենք այս տեսակի ռասիզմն ու կարծրատիպերը և կոչ ենք անում ձեզ վերանայել այս վիրավորական և պառակտող հայտարարությունները»։
Կարդացեք նաև
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար


















































