«Հայաստան» դաշինքը դեռեւս վերջնական որոշում չունի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասով․ այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա կրկնեց՝ երկրում ստեղծված իրավիճակը շատ բարենպաստ է նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Ասաց, որ ի տարբերություն նախկինի, երբ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ եւ դաշինք, հիմա հնարավորություն կա, որ մասնակցեն 8-10 դաշինք․ «Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը՝ 4 խոշոր բլոկներով։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, դեռ վերջնական լուծում չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Այդ մասին կհայտարարենք փետրվարին»։
Դաշինքի առաջնորդի ընտրության հարցը կորոշվի սոցիոլոգիական հարցումների միջոցով։ Եթե դրանք ցույց տան, որ ինքն է ցանկալի թեկնածուն, ապա կլինի ինքը․ «Եթե հարցումները ցույց տան, որ մեր դաշինքում կա մեկը, որն ավելի մեծ ձայներ կունենա, ուրեմն նա կլինի։ Շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ։ Բայց այս իրավիճակում պայքարից փախնելը կհամարեմ դասալքություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իբրեւ թեմայի շարունակություն նա մանրամասնեց, որ սոցիոլոգիական հարցումներն առայժմ ցույց են տալիս, որ դեռ ինքն է առավել հավանական թեկնածուն, որ կգլխավորի ցուցակը․ «Այսօրվա դրությամբ այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»։
Նա նաեւ հավելեց՝ իրենց ցուցակում որոշակի թարմացում լինելու է. «Մենք ունենք ակտիվ ձևավորված թիմ, բայց անկասկած նաեւ նոր մարդիկ են հայտնվելու ցուցակում և թիմում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, որ «նախկինները գնան, մյուսների համար պայծառ ապագա կստեղծվի»․ «Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նույնացնում նախկիններին։ Նախկին երեք նախագահներս՝ ես, Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր–Պետրոսյանը՝ բնավորությամբ լրիվ տարբեր ենք։ Հայացքներով, աշխատանքի ոճով եւ մեր աշխատած տարիների արդյունավետությամբ եւս լրիվ տարբեր ենք։ Մենք նման ենք միայն այն տեսանկյունից, որ բոլորիս աշխատանքային գրքույկում գրած է, որ նախագահ ենք եղել։ Եթե այն հանգամանքը, որ նախագահ ենք եղել, բավարար է, որ այսպես փաթեթային ասեն՝ դուք չպետք է մասնակցեք ընտրություններին․․․Եթե այդպես է՝ բոլոր նախարարները չպետք է մասնակցեն, որովհետեւ նախարար են եղել, պատգամավորները չպետք է մասնակցեն, որովհետև պատգամավոր են եղել, մարդու իրավունքների պաշտպանները չպետք է մասնակցեն, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպան են եղել եւ այդպես շարունակ։ Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ»։
Հարցին՝ ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշի հեռանալ քաղաքականությունից, նա պատասխանեց․ «2008 թվականին ես որեւէ պետական պաշտոն չզբաղեցրի, թողի, հեռացա։ Կյանքիս ամենաերջանիկ տարիները եղել են 2008-2018 թվականները․ ազատ մարդ էի։ Աշխատել եմ մի հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել եւ պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա հաճույք էր մի մարդու համար, որը 1998 թվականից մինչեւ 2008 թվական միշտ ծանր փորձությունների միջով էր անցնում, ճգնաժամային իրավիճակներում իր վրա պատասխանատվություն էր ստանձնում։ Հիմա նույնպես ճգնաժամային իրավիճակ է եւ պատասխանատվություն ստանձնելու կամ խուսափելու ընտրության առջեւ ես կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանել։ Եթե մեկի անունը տաք, ով ավելի մեծ փորձ ունի բոլոր ուղղություններով, շատ բարի։ Երբ ներկայացնենք մեր մասնակցության ձեւաչափը, ավելի մանրամասն կխոսենք։ Դեռ վերջնական որոշումը չկա, մի փոքր առաջ ընկա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Իյա, իրոք?, դե նիկոլն էլ էր քո նման իր վրա վստահ, քո նման էլ ինքնագոհ ձևով հիմա դիկտատորություն է անում։ Ով իրեն ասում է երկիրը կործանում ես, բերետավորներով ծեծել է տալիս կամ էլ բանտ մտցնում։ Դու էլ նույն բանը քո ախրաննիկներով էիր անում, Պապլավոկում “եփած ճաշդ” խղճիդ վրա նստած չի? (“Բարև, Ռոբ” ասելու համար մարդ սպանեցիք):
Փաստորեն ճիշտ են ասում էլի, որ ոչ մի նախկին պետք չի առաջադրվի, բոլորին էլ աստղայինը տարել է։